• Latest news

Գիտնականները կազմել են ամենաարդյունավետ դիմակների վարկանիշը

10 օգոստոսի, 2020  21:32

COVID-19-ի պայմաններում դիմակ կրելը նվազեցնում է վարակի վտանգը, բայց ո՞ր դիմակներն են առավել արդյունավետ:

Դա պարզել են ԱՄՆ-ի Դյուկի համալսարանի մասնագետները: Ուսումնասիրությունը հրապարակվել է Science Advances ամսագրում:

«Հարցն այն է, թե որքանով է լավ այս կամ այն դիմակի տեսակը կանխում միկրոկաթիլների տարածումը»,- ասում է աշխատանքի գլխավոր հեղինակ եւ մոլեկուլային վիզուալացման մասնագետ Մարտին Ֆիշերը:

Այս հարցը հատկապես արդիական է համավարակի պայմաններում՝ հաշվի առնելով, որ շատ մարդիկ գործվածքից դիմակներ են գնում կամ ինքնուրույն են պատրաստում դրանք՝ օգտագործելով ձեռքի տակ եղած միջոցները:

Ենթադրվում է, որ ցանկացած դիմակ պետք է որոշակի աստիճանով նվազեցնի վիրուսի տարածումը, բայց դիմակների օգտակարության վերաբերյալ հետազոտությունների մեծ մասը կատարվել է վիրաբուժական դիմակների կամ ավելի «առաջադեմ» N95 մոդելի հետ, որը կիպ կպչում է դեմքին:

«Վիրաբուժական դիմակները օգտագործվում են բժշկական անձնակազմի կողմից, եւ դրանք անցել են բազմաթիվ կլինիկական փորձարկումներ,- ասում է Ֆիշերը,- Բայց, որքան մենք գիտենք, չի եղել բազմաթիվ այլ դիմակների արդյունավետությունը ստուգելու արագ, հեշտ եւ տնտեսող միջոց»։

Այս բացը լրացնելու համար Ֆիշերը եւ նրա գործընկերները մշակել են փորձարարական լազերային հավաքածու, որը թույլ է տալիս վերահսկել բերանից արտանետված միկրոկաթիլները, եւ այն, թե որքանով է արդյունավետ այդպիսի դիմակը զսպում դրանց տարածումը: Սարքավորումը պարզ էր ու էժան՝ հետազոտողներին անհրաժեշտ էր միայն ստվարաթուղթ, կպչուն ժապավեն, օպտիկական լազեր եւ ոսպնյակ: Նկարահանումներն իրականացվել են բջջային հեռախոսի տեսախցիկով, հայտնում է Gazeta-ն:

Փորձի մասնակիցները պետք է փորձեին 14 տեսակի դիմակներից որեւէ մեկը, կանգնեին լազերի եւ սպիտակ թղթի թերթիկի միջեւ եւ ասեին. «Մարդիկ, առողջ եղեք»: Լազերի լույսի ներքո սպիտակ ֆոնի վրա ակնհայտ երեւում էր, թե որքան միկրոկաթիլներ են անցնում դիմակի միջով: «Մենք հաստատեցինք, որ երբ մարդիկ խոսում են, մանր կաթիլներ են արտանետվում: Այսպիսով, հիվանդությունը կարող է տարածվել նաեւ խոսելու միջոցով, առանց հազի կամ փռշտոցի»,- ասում է Ֆիշերը,- Մենք նաեւ կարողացանք տեսնել, որ որոշ դիմակներ ավելի լավ են արգելափակում արտանետվող մասնիկները, քան մյուսները»:

Հաղթողը, պարզվեց, կանխատեսելի էր՝ միկրոկաթիլների արտանետումից առավել արդյունավետ պաշտպանում էր N95 դիմակը:

Երկրորդ տեղը բաժին հասավ վիրաբուժական դիմակներին, երրորդը` պոլիպրոպիլենային դիմակներին:

Սակայն այլ դիմակներ, ներառյալ բամբակյա եւ նույնիսկ տրիկոտաժե գործվածքներից պատրաստվածները, կարողացել են պահել զգալի քանակությամբ միկրոկաթիլներ:

Հետազոտողները ուշադրություն են դարձրել N95-ի փականներով տարբերակին, որը չի ներառվել լավագույն դիմակների թոփում: Փականները փակվում են, շնչելիս, բայց կարող են բացվել խոսելիս՝ բաց թողնելով չմաքրված օդը։

«Այլ կերպ ասած, նրանք հիանալի են պաշտպանում կրողներին շրջակա միջավայրից, սակայն վատ են պաշտպանում ուրիշներին դրա տիրոջից»,- ասում է Ֆիշերը:

Հետազոտողների շրջանում ամենաշատ հարցերն առաջացնում են բանդանաները: Բավական տրամաբանական էր ենթադրել, որ դրանք միկրոկաթիլների տարածումից ավելի վատ են պաշտպանում, քան մասնագիտացված միջոցները, եւ, իսկապես, բանդանները գտնվում էին ցուցակի ամենաներքեւում: Սակայն, պարզվել է, որ նույնիսկ որեւէ պաշտպանության բացակայությունն ավելի անվտանգ է, քան դիմակի փոխարեն բանդանա կրելը:

«Ողջամտությունը թելադրում է, որ ավելի լավ է ինչ-որ բան կրել, քան ընդհանրապես ոչինչ, բայց այս դեպքում դա այդպես չէր»,- նշում է Ֆիշերը:

Հետազոտողները կարծում են, որ ֆլիսը, որից պատրաստվում են բանդանաները, խոշոր կաթիլները բաժանում է ավելի փոքրերի:

Դրանք ավելի երկար են մնում օդում, փոխադրվում են դրա հոսքերով եւ կարող են նույնիսկ ավելի վտանգավոր լինել, քան խոշորները:

Գիտնականներն ընդգծում են՝ դրանց հիմնական նպատակը եղել է դիմակների փորձարկման քիչ ծախսատար փորձարկումները, եւ ոչ թե պարզելը, թե որն է ավելի լավը: Դա անելու համար նրանք հորդորում են այլ մասնագետներին անցկացնել ավելի մանրակրկիտ եւ լայնածավալ հետազոտություններ: Այնուամենայնիվ, նրանց աշխատանքի արդյունքները պարզ ցույց են տալիս, որ գրեթե ցանկացած դիմակ կարող է զսպել վարակի տարածումը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է