• Latest news

Հոգեթերապիան համացանցում․ Օգո՞ւտ, թե՞ վնաս

12 օգոստոսի, 2020  19:35

Մենք սովորեցինք քննարկել աշխատանքային հարցերը մեսենջերում եւ երեկույթներ կազմակերպել Skype-ի միջոցով: Բայց հոգեբուժությունը ունի նուրբ գործընթաց լինելու համբավ, համարյա առեղծված, որը գործում է միայն սեանսի ժամանակ մարդու ուղղակի ներկայության դեպքում: Պարզենք` արդյո՞ք դա արդարացված է, եւ խոսենք այն մեթոդների մասին, որոնք փորձարկվել են էկրանի կողմից, գրում է ՏԱՍՍ-ը՝ «Կատարսիս մոնիտորի մոտ․ Օգնում է արդյոք հեռակա հոգեթերապիան» հոդվածում:

Շփման փխրուն մոգություն

Հոգեբուժությունը անվանում են բուժում զրույցի միջոցով։ Զրույցի շնորհիվ մասնագետը ախտորոշում է խնդիրը, որոշում է դրա առաջացման պատճառը եւ հաճախորդին տանում է դեպի դրա լուծում: Եվ այստեղ կարեւոր են ոչ միայն բառերը, այլեւ այն, թե ինչպես են դրանք արտասանվում: «Մարդը տեղեկատվության 50–55%-ը ոչ-բանավոր է ընկալում, այսինքն՝ անգիտակցաբար որսալով միմիկան, կեցվածքը, ժեստերը, մկանների լարվածության աստիճանը, զուգընկերոջ մաշկի գույնը»,- ասում է հոգեբան Օլգա Միխայլովան: Իսկ հոգեբույժ Ալեքսանդր Տիգանովը բժշկի ոչ բանավոր պահվածքը համարում է երբեմն ավելի նշանակալի, քան նրա արտահայտությունները:

Կարեւոր է նաեւ այն միջավայրը, որում տեղի է ունենում շփումը: «Հոգեբուժությունը սկսվում է կապ հաստատելուց»,- բացատրում է հոգեբան Դոմինիկ Ապոլլոնը: - Սեանսների ընթացքում մենք անդրադառնում ենք հաճախորդի համար դժվար, հաճախ չափազանց ցավալի թեմաների: Արդյո՞ք աշխատանքը լավ կընթանա՝ կախված է՝ անվտանգության եւ վստահության մթնոլորտ ստեղծելու թերապեւտի ունակությունից: Պատերի գույնն ու պատկերները, լույսի պայծառությունը, հոտերը այս ամենը կարող են ինչպես օգնել, այնպես էլ վնասել շփմանը»:

Վերջապես, մասնագետները թերապիայի հաջողությունը կապում են ինչպես հաճախորդի, այնպես էլ թերապեւտի ներառվածության հետ: Սեանսի ընթացքում զրույցն անմիջական է ընթանում: Մասնագետը կարող է անմիջապես տեսնել իր խոսքերի արձագանքները, մեկնաբանել եւ ուղղորդել դրանք: «Լինելով ներկա՝ ես շատ զգայուն եմ վերաբերվում այն ամենին, ինչ տեղի է ունենում իմ եւ մեկ այլ անձի հետ, ինչպես նաեւ մեր շփման դաշտին»,- մտորում է հոգեթերապեւտ Իգոր Պոգոդինը: «Ներկա լինելու փաստը հաճախ ինքնին զգալիորեն բարձրացնում է գիտակցելու որակը եւ ծավալը»:

Հոգեբուժության հենց դեմ առ դեմ բնույթը պահպանելու հիմնական փաստարկները հանգում են նրան, որ դա նուրբ գործընթաց է, որում մանրուքներ չկան: Հոգեբուժության արդյունքի համար, ինչպես ախտորոշման, այնպես էլ ազդեցության առումով՝ հատկապես տեւական եւ երկարաժամկետ, բոլոր մանրամասները կարեւոր են: Ըստ կլինիկական հոգեբան Վիկտոր Կագանի, անձնական շփումը միջնորդավորվածով (նույնիսկ վեբ-տեսախցիկով) փոխարինելը մեծացնում է հոգեբանական ախտանիշների բացթողնման եւ ախտորոշման մեջ սխալ թույլ տալու ռիսկը:

Մոտ, ինչպես լսափողը

Եվ, այնուամենայնիվ, հեռահար հոգեբանական օգնությունը վաղուց է հայտնվել` շնորհիվ քահանաների, այլ ոչ թե բժիշկների: 1906-ին մի օր Նյու Յորքի «Բրոդվեյ» հյուրանոցում հյուրերից մեկը զանգահարել է կառավարչին եւ խնդրել նրան իրեն կապել քահանայի հետ: Նա խոստացել է կապ հաստատել պաստոր Հարի Ուորենի հետ, ով նույնպես հյուրանոցում էր ապրում: Բայց արդեն ուշ երեկո էր, Ուորենին գտնել չի հաջողվել: Հաջորդ առավոտ կնոջն անգիտակից վիճակում են գտել: Նա մահացել էր նախորդ օրն ընդունած թույնից:

Ուորենը ցնցվել է տեղի ունեցածից եւ որոշել է գործել: Նա հայտարարություն է տվել Նյու Յորքի թերթերից մեկում՝ հորդորելով բոլոր հուսահատվածներին զանգահարել իր ուղիղ համարին: Այսպես հայտնվեց «Կյանքի փրկության լիգան», որը գոյություն ունեցավ մի քանի տասնամյակ: Ինքը` Ուորենը, արդեն ծերության ժամանակ շաբաթական հարյուր զանգ էր ընդունում: Բայց իրական հեղափոխությունը տեղի է ունեցել 1952-ին՝ անգլիական քահանա Չադ Վարայի շնորհիվ: Նրա վրա նույնպես ազդել է անձնական փորձը՝ իր անցկացրած առաջին հուղարկավորության ծառայությունը եղել է ինքնասպանություն գործած տասնչորս տարեկան աղջկա համար, ով վախեցել էր դաշտանի սկզբից՝ այն սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդության նշան համարելով:

Վարան կարիք ունեցողների համար հեռախոս է տեղադրել տաճարում եւ սկսել է ակտիվորեն ներգրավել կամավորներին ու տարածել իր փորձը:

Հեռախոսային օգնությունը առավելություններ ուներ թերապիայի նկատմամբ, ինչը հաճախ թանկ էր եւ երկար աշխատանք էր պահանջում: Անանուն մնալը նույնպես մեծ առավելություն էր:

Տառերն էլ են բուժում

Ի սկզբանե, պրոֆեսիոնալ հոգեթերապեւտները տարբեր վերաբերմունք են ունեցել հեռավար թերապիայի գաղափարի նկատմամբ: Զիգմունդ Ֆրեյդը, երբ մի անգամ իր երազը վերլուծելու խնդրանքով նամակ է ստացել Մարիա Ֆիլդսից, մեղմորեն հրաժարվել է: Նա կարծում էր, որ առանց անձին տեսնելու եւ առնվազն մի քանի սեանս անցկացնելու հնարավոր չէ ճշգրիտ պատկերացում ունենալ: Միաժամանակ, նա ինքը հաճախ նամակներ էր գրում այն պացիենտներին, ովքեր նրա մոտ արդեն հոգեվերլուծություն էին անցել: Սա հնարավորություն էր տալիս բացատրել նրանց գործողություններն ու եզրակացությունները՝ չէ որ մեթոդը բավական բարդ էր ընկալելու համար:

Ֆրեյդից ավելի վաղ նեւրոզների հետ իր աշխատանքում նամակագրության մեթոդին էր դիմել գերմանացի նյարդաբան Հերման Օպենհեյմը: 1906 թվականին նա առանձին գրքով հրատարակել է հաճախորդներին ուղղված նամակների ժողովածու («Հոգեթերապեւտիկ նամակներ»), որը մեծ տարածում է գտել եւ մի քանի անգամ վերահարատարակվել է: Ճիշտ է, Օպենհեյմի համար տեքստը նույնպես օժանդակ գործիք էր, որը չէր փոխարինում կենդանի հանդիպումներին: Իսկ ահա ընթերցողների համար դա հոգեբույժի աշխատանքին «հետեւելու» եւ իրենց սեփական նմանատիպ հարցերի պատասխանը ստանալու եզակի հնարավորություն էր:

Կարծրատիպերի փլուզում

Համացանցում հոգեբանական խորհրդատվության գաղափարը ծնվել է համացանցի հայտնվելու հետ մեկտեղ: 1972 թվականին Սթենֆորդի եւ Կալիֆոռնիական համալսարանների գիտնականները «թերապեւտիկ զրույց» են անցկացրել 2 միացված համակարգիչների օգնությամբ: Ավելի ուշ հայտնվել են պացիենտների աջակցության ոչ ֆորմալ խմբեր, իսկ հոգեբանները սկսել են պատասխանել պացիենտների հարցերին էլեկտրոնային փոստով: Սակայն մինչեւ 90-ական թվականները համացանցը մնում էր որպես օժանդակ գործիք:

Օնլայն թերապիայի ձեւաչափն առաջինն ուսումնասիրել եւ փորձարկել է հոգեբան Դեւիդ Սոմերսը: նա հաճախորդներին առաջարկել է գրել իրեն էլեկտրոնային փոստով կամ չաթով: Սոմերսն ուշադրություն է դարձրել, որ նամակներում նրան դիմում են, օրինակ, մանուկ հասակում բռնաբարության, թմրանյութից կախվածության, հանցավոր փորձի հետ կապված հարցերով: Հարցազրույցներից մեկում նա նման փորձը համեմատել է ապաշխարելու հետ:

Ընդ որում, Սոմերսը օնլայն թերապիան լիարժեք չի համարել եւ հետագայում անցել է ավանդական ձեւաչափի:

Սոմերսի թերահավատությունը կիսել են նրա շատ գործընկերներ, սակայն հաճախորդների արձագանքն անսպասելիորեն դրական է եղել:

Օնլայն հոգեբանաության առաջին կայքերից մեկի ստեղծող Մարթա Էյնսվորտը հրապարակել է 1999 թվականին անցկացված հարցման տվյալները. մասնակիցների 93 տոկոսը օնլայն թերապիայի փորձն օգտակար է անվանել: Կարեւոր է նշել, որ հարցվածների մեծ մասը մինչ այդ չի դիմել նման թերապիայի օգնությանը:

Երբեմն պետք է առանձնանալ, հատկապես դա վերաբերում է տագնապով տառապող եւ խոցելի հաճախորդներին: Եվ ոչ միշտ է, որ արդյունավետ է սինքրոն շփումը: Օգտակար է նաեւ նամակներով շփումը, երբ պացիենտը հնարավորություն ունի մտածել՝ ինչ է գրում, վերանայել անցած նամակագրությունն ու լավ ձեւակերպել միտքը:

Ապացուցված է, որ արդյունք կա

2008 թվականին հրապարակվել է 92 աշխատությունների վրա հիմնված բազմակողմանի առաջին վերլուծությունը: Հեղինակները եզրակացության են եկել, որ օնլայն թերապիան հատկապես արդյունավետ է տագնապի եւ սթրեսի բուժման համար: Ամենաարդյունավետ մեթոդը եղել է կոգնիտիվ-պահվածքային թերապիան:

Կոգնիտիվ թերապիայի կենտրոնի տնօրեն Յակով Կոչետկովի խոսքով՝ դա կապված է նրա հետ, որ կոգնիտիվ-պահվածքային թերապիան հստակ կառուցված մեթոդ է, որը հեշտ է ադապտանում եւ՛ տեքստի, եւ՛ տեսաձեւաչափի ներքո:

Խնդիրների ընդհանուր ցուցակը, որոնց հետ կարելի է աշխատել հեռավորության վրա, ներառում են սննդային պահվածքի խանգարումներ, խուճապային հարձակումներ, օբեսիվ-կոմպուլսիվ խանգարումներ, հետտրավմատիկ սթրեսային խանգարումներ, դեպրեսիվ խանգարումներ: Սակայն հաջողությունը կախված է դրանց արտահայտման մակարդակից:

Կոչետկովի խոսքով՝ երբ խանգարումը հասնում է հոգեբանական մակարդակի, օնլայն աշխատանքն արդեն անընդունելի է:

Նման պրակտիկայի արդյունքը գնահատելը դժվար է, սակայն պետք է տարբերել լավ մասնագետին վատից: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել