• Latest news

Սպիտակ բրինձն իսկապես մեծացնում է 2-րդ տիպի դիաբետի զարգացման հավանականությունը

8 սեպտեմբերի, 2020  19:33

Շատ հետազոտություններ կապ են հայտնաբերել սպիտակ բրինձի հաճախակի գործածման եւ 2-րդ տիպի շաքարային դիաբետի զարգացման մեծ հավանականության միջեւ։ Բայց այդ բոլոր հետազոտությունները առանձին երկրներում տեղային դիտարկումներ էին։ Իսկ հիմա առավել խոշոր հետազոտությամբ հաստատվել է սպիտակ բրինձի գործածման եւ դիաբետի միջեւ կապը։

Չինաստանից, Բրազիլիայից, Հնդկաստանից, ԱՄՆ-ից, Հարավային Ամերիկայի, Աֆրիկայի եւ Եվրոպայի երկրներից գիտնականների միջազգային խումբը 10 տարի հետեւել է 21 երկրների ավելի քան 132 հազար մեծահասակ մարդկանց առողջական վիճակին՝ պարզելու համար, թե ինչպես է սպիտակ բրինձն ազդում դիաբետով հիվանդացության վրա, հայտնում է Medportal.ru-ն։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Ամերիկյան դիաբետիկական ասոցիացիայի (ADA) ամսագրի սեպտեմբերյան թողարկման մեջ։

Օրական մոտ 150 գրամ սպիտակ բրինձ ուտող 6129 մասնակիցների շրջանում 10 տարում զարգացել է 2-րդ տիպի դիաբետ։ Հետազոտության բոլոր մասնակիցները օրական գործածում են միջինը 128 գրամից ոչ պակաս բրինձ։

Ամենաշատ բրինձ գործածում են Հարավային Ասիայի երկրների բնակիչները՝ օրական մոտ 630 գրամ, Հարավարեւելյան Ասիայում՝ 239 գրամ, Չինաստանում՝ 200 գրամ։

Գիտնականների խոսքով՝ բրինձի մեծ քանակությամբ գործածումը հանգեցնում է սննդակարգում ցորենի, բջջանյութի, կարմիր մսի եւ կաթնամթերքի պակասի, ինչը նույնպես կարող է բացասաբար անդրադառնալ առողջության վրա։

Հնդկաստանն ու Չինաստանը աշխարհի երկու խոշորագույն երկրներն են, որտեղ բրինձը սննդի հիմնական մթերքն է, ընդ որում՝ հենց այս երկրներն են դիաբետով հիվանդացության առաջատարները։ Պարզվել է, որ ի տարբերություն Հնդկաստանի, Չինաստանում դիաբետի զարգացման հետ բրինձի գործածման կապը բավականին աննշան է։ Հավանաբար, պատճառն այն է, որ չինացիներն ուտում են նոմի՝ բրինձի մածուցիիկ տեսակ, որն այս երկրում համատարած մշակվում է։ Հետազոտությունը ցույց է տվել նաեւ, որ Հնդկաստանում բրինձը մաքրելու եղանակը՝ ձեռքով մաքրումից արդյունաբերականի, քաղաքային շրջաններում դիաբետի տարածվածությունը մեծացրել է 2 տոկոսից մինչեւ 25 տոկոս եւ գյուղական տեղանքում 1 տոկոսից մինչեւ 14-16 տոկոս։

Գիտնականների խոսքով՝ սպիտակ բրինձի փոխարինումը սեւով (չմաքրվածով) ավելորդ քաշով հնդիկների շրջանում 23 տոկոսով նվազեցնում է գլիկեմիկ պատասխանը եւ 57 տոկոսով ինսուլինային պատասխանը։ Սակայն գիտնականներին քիչ հավանական է թվում սեւ բրինձի օգտին սպիտակ բրինձից հրաժարվելը, քանի որ այն գնային առումով այնքան էլ մատչելի չէ, երկար է եփվում, այն ավելի դժվար է ծամվում եւ ափսեի մեջ այնքան էլ գրավիչ տեսք չունի։ Այս պատճառով հետազոտության հեղինակները մեծ քանակությամբ բրինձ ուտող մարդկանց խորհուրդ են տալիս աշխատել իրենց սննդակարգը բազմազան դարձնել ուրիշ մատչելի մթերքներով, օրինակ՝ կորեկով եւ լոբազգիներով։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել