• Latest news

Վեյփեր. Ինչպե՞ս են դրանք վնասում թոքերը եւ ո՞վ է ավելի արագ կախվածություն ձեռք բերում դրանցից

17 սեպտեմբերի, 2020  20:32

35 տարեկանից ցածր հազարավոր երիտասարդներ բախվել են թոքերի խնդիրներին էլեկտրոնային ծխախոտի կամ վեյփինգի (E-cigarette, vaping, associated lung injury, EVALI) պատճառով: Բազմաթիվ հետազոտություններ այս հիվանդությունը կապում են տոկոֆերոլի ացետատի` վեյփերի համար հեղուկների մեջ առկա յուղոտ նյութի ազդեցության հետ:

Eurekalert.org-ը հայտնում է, որ Chemical Research in Toxicology-ում հրապարակված նոր հետազոտությունը ցույց է տվել վեյփերի վնասակար ազդեցության նոր մեխանիզմը թոքերի վրա: Ամերիկյան քիմիական միության գիտնականները պարզել են, որ տոկոֆերոլի ացետատը կարող է բարձրացնել սուրֆակտանտի հոսունությունը թոքերում` այդ շերտի փլուզման պատճառ դառնալով, ինչը շնչառության հետ կապված դժվարությունների եւ բորբոքային պրոցեսների է հանգեցնում:

Գիտնականները դեռ չգիտեն, թե ինչպես է սուրֆակտանտի շերտը լայնանում եւ կծկվում, երբ մարդը շնչում է եւ արտաշնչում է: Ենթադրվում է, որ որոշակի լիպիդները «քամվում են» ալվեոլների կծկման ժամանակ, իսկ հետո նորից տարածվում են մակերեսի վրա, երբ ալվեոլները լայնանում են:

Լաբորատոր պայմաններում գիտնականները տոկոֆերոլի ացետատ են ավելացրել թոքերի երկու մոդելային սուրֆակտանտներին: Այդպես նրանց հաջողվել է պարզել, որ նյութի կոնցենտրացիայի ավելացումը մեծացնում է մեմբրանների հոսունությունն ու սեղմելիությունը: Սա կարող է վկայել արտաշնչման ժամանակ լիպիդների վաղաժամ «դուրս մղման» մասին, ինչն անկայունության է հանգեցնում:

Գիտնականները նշում են, որ փորձարկումներն իրականացվել են առանց սպիտակուցային բաղադրիչների կամ ալվեոլների մոդելային համակարգում, ուստի լրացուցիչ հետազոտություններ կպահանջվեն` թոքերի վրա վեյփինգի ազդեցությունը պարզելու համար:

Իրենց հերթին, Գուելֆի համալսարանի հետազոտողները պարզել են, որ դեռահասների օրգանիզմը այլ կերպ է արձագանքում վեյփինգի ազդեցությանը: Մասնագետները` կենսաբժշկական գիտությունների ֆակուլտետից պրոֆեսոր Զիբրան Հոհարի գլխավորությամբ, ուսումնասիրել են դեռահասների` վեյփինգի հետ կապված վարքագծային արձագանքները:

Նրանք պարզել են, որ դեռահասները նիկոտինի գոլորշիներն ավելի «պարգեւատրող» են համարում, քան մեծահասակները: Ընդ որում, դա տեղի է ունենում նույնիսկ կարճ ազդեցության դեպքում, ինչը չի ազդում մեծահասակների վրա:

ENeuro-ում ներկայացված հետազոտությունը կարող է բացատրել, թե ինչու են էլեկտրոնային ծխախոտներն այդքան սիրված դեռահասների շրջանում. նրանք, կարծես, ավելի արագ են կախվածություն ձեռք բերում, քան մեծահասակները:


Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել