• Latest news

Ի՞նչ է մտածում քաղաքացին, որը համոզված է, որ հայրենասեր է, սակայն դուրս է գալիս փողոց առանց դիմակի. Արա Բաբլոյան

19 հոկտեմբերի, 2020  18:30

Եթե մարդը պնդում է, որ նա հայրենասեր է, սակայն միեւնույն ժամանակ դուրս է գալիս փողոց առանց դիմակի, ոչ մի դեպքում հայրենասիրության մասին խոսք անգամ չի կարող լինել, չէ որ նրա գործողությունների արդյունքում պետությունը ստիպված է պայքարել երկու ճակատով՝ ընդդեմ Ադրբեջանի ագրեսիայի եւ կորոնավիրուսի: NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում այդ կարծիքն է հայտնել «Արաբկիր» ԲՀ գիտական ղեկավար, պրոֆեսոր Արա Բաբլոյանը:

Վերջին օրերին Հայաստանում կորոնավիրուսով վարակման թիվը կտրուկ աճել է, եւ նոր դեպքերն ամեն օր գրանցվում են անգամ ավելի մեծ թվով, քան համաճարակի կիզակետում: Բժիշկ Բաբլոյանի կարծիքով՝ հիվանդացության աճը կապված է քաղաքացիների կողմից հակահամաճարակային կանոնները չպահելու, ոչ թե սեզոնի հետ:

«Եթե նույնիսկ սեզոնայնությունը ունենար նշանակություն, հակահամաճարակային կանոնների պահպանումը կկանխարգելեր նույնիսկ սեզոնային ազդեցությունը»,-ասել է նա:

Արա Բաբլոյանի խոսքով՝ կորոնավիրուսի ակտիվ տարածումը ստեղծում է խնդիրներ ոչ միայն առողջապահության համակարգի, այլ նաեւ զինված ուժերի համար, չէ որ կանխարգելվող հիվանդությամբ մարդկանց համար անհրաժեշտ է ծախսել միեւնույն ռեսուրսները, որոնք այժմ պետք են վիրավոր զինվորներին: Դեռ ավելին, եթե վարակը շարունակի տարածվել, այն պետք է հասնի նաեւ առաջնագիծ եւ վարակի զինվորներին, որոնք այսօր պաշտպանում են մեր հայրենիքը:

«Այսօր առողջապահությունն ամբողջ ներուժով  լծված է վիրավոր զինվորների բժշկական օգնության կազմակերպմանը, զինվորների եւ նրանց ընտանիքների առողջական հարցերով: Եվ այդ առումով COVID-19-ով հիվանդացության աճը ծանր բեռ է դառնում ոչ միայն  առողջապահության, այլեւ ընդհանրապես պետության վրա:  Պետությունը ստիպված է որոշակի ծախսեր իրականացնել,  հավելյալ տարածքներ, մահճակալներ ու սարքեր տրամադրել` որպեսզի ապահովի այն հիվանդության սպասարկումը, որը կարելի էր կանխարգելել մեր վարքագծով:  Չմոռանանք, որ զինվորները եւ կամավորները, այստեղից են գնում ճակատ եւ այս պայմաններում վտանգ է առաջանում, որ մենք կարող ենք վարակը տարածել ընդհուպ մինչեւ առաջնագիծ»,-ասել է նա:

Նրա խոսքով՝ երկրի քաղաքացիներն այժմ պետք է ակտիվորեն ներգրավվեն կորոնավիրուսի դեմ պայքարում եւ անեն հնարավորինս ամեն ինչ դրա տարածումը կանգնեցնելու համար:

«Ինչի մասին է մտածում այն քաղաքացին, որը համոզված է, որ ինքը հայրենասեր է, բայց դուրս է գալիս փողոց` առանց դիմակի: Ուզում եմ պարզ ասել, որ դա կեղծ հայերանսիրություն է, եթե նա այսօր չի մասնակցում COVID-19-ի ճակատը փակելու գործին: Ու փաստորեն բերում է նրան, որ պետությունը պետք է երկու ճակատով պայքարի»,-ասել է Արա Բաբլոյանը:

Խոսելով վիրուսի տարածման մեթոդների մասին՝ մասնագետը նշել է, որ, հնարավոր է, իմաստ ունի ինչ-որ սահմանափակումներ մտցնելը, սակայն դրանք պետք է լինեն խելամիտ, քանի որ տնտեսության պարալիզացումը կարող է հանգեցնել լուրջ խնդիրների եւ թուլացնել պետությունը:

«Ես համաձայն եմ, որ մենք կրթական հաստատությունները փակեցինք, անհրաժեշտության դեպքում նույնիսկ կարելի է շարունակել եւ, որքան էլ դժվար է, գործունեությունն իրականանցնել հեռավար: Մյուս կողմից մենք շատ լավ հասկանում ենք, որ այս պատերազմական վիճակը պահանջում է  հավելյալ լուրջ ռեսուրսներ: Տնտեսության պարալիզացումը կթուլացնի պետությունն ու բանակը: Ուրեմն ամեն մի կազմակերպություն, ամեն մի քաղաքացի պետք է իր վրա վերցնի խիստ պատասխանատվություն` պահպանելու հակահամաճարակային կանոնները: Ես նույնիսկ համաձայն եմ խստացնել պատժամիջոցները նրանց նկատմամբ, ովքեր դա չեն իրականացնում թե փողոցում, թե աշխատավայրում»,-նշել է Արա Բաբլոյանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել