• Latest news

Կորոնավիրուսի մաշկային ախտանիշները. Ի՞նչ է հայտնի դրանց մասին:

31 հոկտեմբերի, 2020  22:10

COVID-19 պացիենտներից ոմանք մաշկի կայուն ախտանիշներ են ունեցել, որոնք պահպանվել են նույնիսկ ապաքինումից հետո` մինչեւ մի քանի ամիս: Այս մասին պատմում են ԱՄՆ Մասաչուսեթսի հիվանդանոցի գիտնականները, հայտնում է EurekAlert! - ը:

Վերոհիշյալ հետազոտողները վերլուծել են COVID-19-ի մաշկային դրսեւորումների գրեթե 1000 դեպք: 90 դեպքերում ցանի եւ եղնջացանի ախտանիշները տեւել են միջինը համապատասխանաբար 7 եւ 4 օր, առավելագույնը՝ 28 օր: Պապուլոսկվամոզ ցաները՝ թեփուկավոր պապուլաների եւ պզուկների տեսքով, սովորաբար պահպանվել են 20 օր, առավելագույնը՝ 70 օր:

Ոտքերի եւ ձեռքերի մատների այտուցը, որը ցրտահարության ախտանիշներ է հիշեցնում (դրանք անվանում են COVID-մատներ) պահպանվել են մոտավորապես 10 օր, ընդ որում՝ վեց դեպքերում դրանք տեւել են 60 օր, իսկ երկու պացիենտի մոտ` 130 օր:

Գիտնականների խոսքերով՝ կորոնավիրուսային վարակը կարող է առաջացնել մաշկի նախկինում անհայտ ախտանիշներ, այդ թվում՝ ոտքերի մատների վրա: Ավելին, վիրուսը կարող է օրգանիզմում երկար բորբոքում հրահրել՝ ազդելով տարբեր օրգանների վիճակի վրա: Այս իմաստով, մաշկը կարող է լինել պաթոլոգիական պրոցեսների ցուցիչ, որոնք կարող են շարունակվել ապաքինվելուց նույնիսկ 4-5 ամիս անց:

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ մաշկային ցանը COVID-19 կորոնավիրուսային վարակի ձգձգվող ընթացքին բնորոշ եւս մեկ ախտանիշ է: Չնայած շատերը հիվանդության որեւէ դրսեւորումներ չեն ունենում (կամ մեղմ ախտանիշներ են ունենում), վերջերս ավելի ու ավելի շատ դեպքեր են գրանցվել, երբ պացիենտները մի քանի ամիս տառապել են հիվանդության հետեւանքներից: Այս ախտանիշների թվում են երկարատեւ շնչարգելությունը, գլխացավերը եւ հոտառության կորուստը: Հետազոտողները առաջին անգամ հայտնաբերել են հիվանդների նոր ենթախումբ, որոնց մոտ COVID-19-ի երկարատեւ ընթացքը ազդում է մաշկի վրա:

Գիտնականները դեռ չգիտեն COVID-19-ի հետ կապված ոտքերի մատների այտուցի ճշգրիտ պատճառը: Կարելի է ենթադրել, որ այս ախտանիշը կարող է պայմանավորված լինել հենց վարակի հետ: Կարծիք կա նաեւ, որ մաշկային երեւույթներ առաջացնող մեխանիզմը կարող է ընդհանուր լինել որոշ աուտոիմուն հիվանդությունների, օրինակ՝ կարմիր գայլախտի հետ, այսինքն ունենալ բորբոքային բնույթ. Այս դեպքում իմունային բջիջները շարունակում են ակտիվ լինել նույնիսկ վիրուսի բացակայության դեպքում եւ գրոհում են մարմնի հյուսվածքների վրա:

Բացառված չէ նաեւ, որ կորոնավիրուսը հիվանդի օրգանիզմում ինչ-որ տեղ կարող է թաքնվել՝ հերպեսի վիրուսի նման: Սակայն գիտնականները դեռ չեն ապացուցել, որ SARS-CoV-2-ն ունակ է դրան:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ