• Latest news

Ինչու են կորոնավիրուսային վարակի ժամանակ թոքերը քայքայվում

17 նոյեմբերի, 2020  21:41

Միացյալ Նահանգների Սենթ Լուիս քաղաքում Վաշինգտոնի համալսարանի Բժշկական դպրոցի գիտնականները հերքել են տարածված համոզմունքն այն մասին, որ SARS-CoV-2-ից բարդությունները բերում են իմունային համակարգի գերակտիվացման: Ուսումնասիրության արդյունքները, որ տպագրվել են Science Advances ամսագրում, բացատրում են, թե ինչու հակաբորբոքային դեղամիջոցները, ինչպիսին է դեքսամետազոնը, չեն օգնում ծանր ախտանիշներով շատ պացիենտների: Միեւնույն ժամանակ, ծանր հիվանդների մոտ թոքերի քայքայումը դեռ մնում է անհասկանալի:

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ անվերահսկելի իմունային պատասխանը, ինչպես պարզել են գիտնականները, խնդիր չէ COVID-19-ով հոսպիտալացվածների ճնշող մեծամասնության համար: Պացիենտների միայն մի քանի տոկոսի մոտ է դիտարկվում ցիտոկինների ավելցուկային մակարդակ, որը բնութագրվում է որպես ցիտոկինային փոթորիկ: Պարզվել է, որ ցիտոկինային փոթորիկներով հիվանդների մասնաբաժինը ցածր է նույնիսկ նրանց շրջանում, ովքեր միացված են ԹԱՕ սարքերին։ Շատ դեպքերում բորբոքային գործընթացը չի հասել նույն մակարդակին, ինչ գրիպով հիվանդների համադրելի խմբում է եղել: Այսպիսով, իմունային համակարգի չափազանց ակտիվացման պատճառով շնչառական անբավարարություն չի առաջանում:

Հետազոտողները վերլուծել են COVID-19-ով 168, գրիպով 26 պացիենտների եւ 16 առողջ մարդկանց արյան նմուշներում իմունային բջիջները եւ մոլեկուլները: COVID-19-ով եւ գրիպով հիվանդների արյան մեջ բորբոքային բջիջների թիվը մոտավորապես նույնն է եղել: COVID-19-ով յոթ պացիենտների (4%) մոտ ցիտոկինային փոթորկի նշաններ են դիտարկվել՝ ցիտոկինների չափազանց բարձր մակարդակով, նույնիսկ համեմատած այլ ծանր հիվանդ պացիենտների հետ:

Սովորաբար ծանր հիվանդներին նշանակում են ստերոիդներ, սակայն, ըստ գիտնականների, կարծես թե, լուրջ ախտանիշներով տառապողներից շատերն իրականում այդպիսի դեղամիջոցների կարիք չեն ունենում: Որոշ դեպքերում ստերոիդների օգտագործումը կարող է նույնիսկ վնասակար լինել: Հետազոտողները փորձում են պարզել ցիտոկինային մոտալուտ փոթորկի նշանները, որպեսզի հակաբորբոքային դեղեր նշանակեն նրանց, ովքեր իսկապես դրա կարիքն ունեն:

Մասնագետների կարծիքով՝ COVID-19-ից մահացած մարդկանց մեծամասնության մոտ ցիտոկինային փոթորիկ չի գրանցվել: Հետեւաբար, COVID-19-ով պացիենտների շնչառական անբավարարության դեպքերի մեծ մասի պատճառն առայժմ անհայտ է մնում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել