• Latest news

Հայաստանում ո՞վ կստանա կորոնավիրուսի դեմ Ռուսաստանի կողմից նվիրաբերված պատվաստանյութը

23 նոյեմբերի, 2020  18:35

Նոյեմբերի 21-ին Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին է հանձնել կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի նմուշներ: Ինչպե՞ս է նախատեսվում օգտագործել այս պատվաստանյութերը Հայաստանում: Ո՞վ կստանա դրանք:

Հայաստանի առողջապահության նախարարության իմունիզացիայի ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Հայաստանին փոքր քանակությամբ պատվաստանյութ է նվիրաբերվել: Եվ, ամենայն հավանականությամբ, դրանք կստանան մի քանի կամավորներ:

Արդյո՞ք «Սպուտնիկ V» պատվաստանյութի կլինիկական փորձարկումներ կանցկացվեն Հայաստանում

Մասնագետի խոսքով՝ պատվաստանյութի նմուշները Հայաստանին փոխանցվել են պարզապես ծանոթանալու համար: Սա չի նշանակում, որ այստեղ այս պատվաստանյութի կլինիկական փորձարկումներ կանցկացվեն:

«Ռուսաստանում այս պատվաստանյութի կլինիկական փորձարկումները գրեթե ավարտվել են, պատվաստանյութը փորձարկվել է 40 000 կամավորների վրա: Ռուսաստանի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ պատվաստանյութի փորձարկումների արդյունքներն արդեն ամփոփվում են, եւ շուտով նախատեսվում է դրա անվտանգության եւ արդյունավետության վերաբերյալ տեղեկատվություն հրապարակել, ինչպես նաեւ պաշտոնապես գրանցել այն»,- ասաց Գայանե Սահակյանը:

Ո՞վ Հայաստանում կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը կստանա

Մասնագետի խոսքով՝ Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութն իրենց վրա փորձարկել ցանկացողները բավական շատ են, բայց դեռ դժվար է ասել, թե կոնկրետ ով կստանա այն: Նախ անհրաժեշտ է դրա օգտագործման իրավական հիմք պատրաստել (կլինիկական փորձարկումների երրորդ փուլի արդյունքները դեռ չեն ամփոփվել, Ռուսաստանում պատվաստանյութը ժամանակավոր գրանցում ունի, բայց Հայաստանում այն գրանցված չէ), որից հետո առողջապահության նախարարությունը պատվաստանյութը կփոխանցի Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնին, որի պահեստներում պահվում են բոլոր պատվաստանյութերը Հայաստանում:

Երբ փաստաթղթերի եւ իրավական կողմի հետ կապված բոլոր խնդիրները լուծվեն, նախատեսվում է մշակել համաձայնության ձեւ՝ կամավորների համար, ովքեր կստանան պատվաստանյութը: Մնացած ամեն ինչի մասին լրացուցիչ կհայտարարվի:

Մասնագետի խոսքով՝ նրանք, ովքեր կընտրվեն պատվաստանյութ ստանալու համար, կստանան երկու չափաբաժին՝ 21 օր ընդմիջումով: Նրանց առողջական վիճակին հետեւելու համար հատուկ դիտարկում կանցկացվի։

Տարվո՞ւմ են արդյոք բանակցություններ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի այլ արտադրողների հետ

Ինչպես նշեց Գայանե Սահակյանը, ներկայում Հայաստանը բանակցություններ է վարում կորոնավիրուսի դեմ բոլոր պատվաստանյութեր արտադրողների/մշակողների, այդ թվում՝ Moderna-ի եւ Pfizer-ի հետ: Փորձագետները տեղեկատվություն են հավաքում մշակման փուլում գտնվող բոլոր պատվաստանյութերի վերաբերյալ, եւ երկիրն ինքը կորոշի, թե որ պատվաստանյութերն են դրա համար ավելի հարմար, եւ որոնք մենք կսկսենք գնել:

«Մենք ուշադրություն կդարձնենք շատ տվյալների` պատվաստանյութի անվտանգության, արդյունավետության վրա, քանի մարդ է մասնակցել կլինիկական փորձարկումներին... Շատ կարեւոր կլինի նաեւ հասկանալ, թե որ պատվաստանյութերին են ավելի համապատասխանում մեր ռեսուրսները, որոնք են մեզ ավելի հարմար»,- ասաց մասնագետը:

Օրինակ, Pfizer-ի եւ գերմանական BioNTech-ի մշակած պատվաստանյութը պետք է պահվի մինուս 70-80 ջերմաստիճանում: Եվ այս փաստը, ըստ մասնագետի, պետք է հաշվի առնել, քանի որ պահպանման նման պայմանները լրացուցիչ ծախսեր են պահանջում պատվաստանյութի տեղափոխման, պահպանման եւ օգտագործման ընթացքում: Հայաստանում պատվաստումն իրականացվում է պոլիկլինիկաներում, եւ մինչ պատվաստանյութ գնելը պետք է համոզվել, որ կհաջողվի անհրաժեշտ պայմաններ ստեղծել դրա ճիշտ պահպանման եւ օգտագործման համար:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել