• Latest news

Կորոնավիրուսը խթանում է հակաբիոտիկների նկատմամբ կայունությունը. մասնագետներ

2 դեկտեմբերի, 2020  15:31

COVID-19 համավարակի պայմաններում հակաբիոտիկների ոչ պատշաճ նշանակումը և չարաշահումը կարող է վատթարացնել հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության զարգացումը` ունենալով աղետալի հետևանքներ գլոբալ մակարդակով: Այսօր կփորձենք հասկանալ` ի՞նչ է  հակաբիոտիկների նկատմամբ կայունությունը:

Հակաբիոտիկները 20-րդ դարի «հրաշք» հայտնագործություններից են, սակայն այսօր համարվում են ժամանակակից աշխարհի ամենամեծ «չարիքներից» մեկը: Այս ծայրահեղ փոփոխության հիմքերը պատմության մեջ են:

Մինչև հակաբիոտիկների հայտնաբերումը մարդիկ վարակները բուժում էին բորբոսով կամ բուսական էքստրակտներով, օրինակ` եգիպտացիները բորբոքված վերքերի վրա բորբոսնած հաց էին դնում: Բակտերիաներով հարուցված վարակները, ինչպիսիք են` թոքաբորբը, փորլուծությունը, որոնք համարվում էին մահվան թիվ մեկ պատճառ նույնիսկ զարգացած երկրներում, հակաբիոտիկների շնորհիվ դարձան հեշտ բուժելի:

Հակաբիոտիկը շատ պատահական հայտնաբերել է Ալեքսանդր Ֆլեմինգը: 1928 թվականին արձակուրդից վերադառնալուն պես նա նկատել է, որ բորբոսն աղտոտել է ստաֆիլակոկի մանրէներով տարան, որը նա պատահաբար չէր ծածկել: Այն հատվածներում, որտեղ աճել էր բորբոսը, ստեղծվել էին մանրէներից ազատ գոտիներ: Ֆլեմինգը մեկուսացրել է բորբոսը և աճեցրել առանձին տարայի մեջ: Այսպիսով, նա ստացել է մաքուր պենիցիլին, որը նույնիսկ փոքր քանակով արդյունավետ պայքարում էր ստաֆիլակոկի դեմ: Այն լայնորեն կիրառվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում բորբոքումները բուժելու նպատակով և նույնիսկ անվանվել է «հրաշք դեղ»` փրկելով շատ ու շատ կյանքեր:

Բակտերիաների էվոլյուցիան բնական ընտրության օրինակ է և սատարում է Դարվինի էվոլյուցիայի տեսությանը: Սա նշանակում է, որ ինչպես բոլոր կենդանի օրգանիզմները, այնպես էլ բակտերիաներն օժտված են միջավայրի փոփոխվող պայմաններին հարմարվելու հատկությամբ: Այս հատկության շնորհիվ բակտերիաները գոյատևել են մոլորակի վրա միլիոնավոր տարիների ընթացքում` լինելով նրա ամենավաղեմի բնակիչները:

Ի՞նչ մեխանիզմներ օգտագործեցին բակտերիաները հակաբիոտիկային դարաշրջանում գոյատևելու համար. չէ՞ որ այս դեղերը ստեղծվել էին պայքարելու մասնավորապես բակտերիաների դեմ` սպանելով դրանց կամ կանխելով վերարտադրողականությունը: ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկման կենտրոնը ներկայացնում է այս մեխանիզմներից հետևյալները.

  • Բակտերիաները կարող են ձևափոխել կամ սահմանափակել իրենց «մուտքի դարպասները»: Օրինակ, ճանաչելով «թշնամի-հակաբիոտիկը», ընտրողաբար սահմանափակում են դրանց թափանցումը բակտերիալ բջիջ` արտաքին պաշտպանիչ թաղանթի միջոցով:
  • Բակտերիաները կարող են արտադրել պոմպեր՝ բջիջ ներթափանցած հակաբիոտիկ դեղամիջոցները հեռացնելու համար:
  • Բակտերիաները արտադրում են ֆերմենտներ, սպիտակուցներ, որոնց միջոցով քայքայում են հակաբիոտիկները:
  • Որոշ հակաբիոտիկներ ազդում են բակտերիաների հատուկ թիրախների վրա: Ի պատասխան` բակտերիաները կարող են ձևափոխել այս թիրախներն այնպես, որ հակաբիոտիկների կողմից դառնան անճանաչելի:

Վերոնշյալից երևում է, որ բակտերիաներին հաջողվել է ձեռք բերել բավականին կատարյալ բնական գոյատևման մեխանիզմներ, ինչը նշանակում է, որ չարաշահելով հակաբիոտիկների անպատեհ օգտագործումը COVID-19-ը համավարակի պայմաններում` հնարավոր է, որ մարդկությունը կորցնի վարակիչ հիվանդությունների հանդեպ տասնյակ տարիների ընթացքում ձեռք բերված վերահսկողությունը:

Կոչ անելով միջազգային գործողությունների նախաձեռնությանը` ԱՀԿ-ն  արտահայտում է մտահոգություն. «Խնդիրն այնքան լուրջ է, որ սպառնում է ժամանակակից բժշկության նվաճումներին: Հետ-հակաբիոտիկային դարաշրջանը, որում սովորական վարակները և աննշան վնասվածքները հաճախ մահվան ելքով կարող են ավարտվել, 21-րդ դարի հավանական իրականությունն է»:

Հաջորդիվ կներկայացնենք, թե հակաբիոտիկների նկատմամբ կայունությունն ի՞նչ գլոբալ խնդիրների առջև է կանգնեցրել մարդկությանը և կդիտարկենք այս խնդիրները COVID-19-ի համատեքստում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է