• Latest news

Հայաստանում բժիշկները շարունակում են անհիմն կերպով հակաբիոտիկներ նշանակել COVID-19-ով հիվանդներին. որո՞նք են ռիսկերը

3 դեկտեմբերի, 2020  15:07

30-ամյա Գ.Ա.-ն բարձր ջերմության եւ թուլության գանգատով մտել էր թերապեւտի մոտ եւ դուրս էր եկել դեղատոմսերի ցուցակով` վիտամին C, վիտամին D, հակաբորբոքային եւ ... հակաբիոտիկ: Այդ դեղամիջոցները, ըստ թերապեւտի, պետք է ընդունվեն 2-3 օրվա ընթացքում, ինչից հետո կրկին պետք է գալ կոնսուլտացիայի:

Այդպիսի նշանակումներ այսօր կատարվում են գրեթե բոլոր հիվանդների մոտ` ե՛ւ հաստատված կորոնավիրուսով, ե՛ւ դրա կասկածի դեպքում: Բայց եթե մի քանի օր վիտամին ընունելուց մեծ վնաս չի լինի (օգուտ գուցե եւս չլինի, բայց խոսքն այդ մասին չէ), նույնը չի կարելի ասել հակաբիոտիկների մասին:

Հակաբիոտիկները մանրէային վարակների բուժման համար նախատեսված դեղամիջոցներ են: Իսկ կորոնավիրուսը, ինչպես կարել է կռահել դրա անվանումից, վիրուս է: Լավագույն դեպքում հակաբիոտիկներն անզոր են վիրուսների դեմ, իսկ վատագույն դեպքում դրանք կարող են խորացնել հիվանդի վիճակը` բարդացնելով աղիքային միկրոֆլորայի վիճակը, որը կարեւոր դեր ունի իմունային համակարգի գործունեության մեջ: Հետազոտությունները եւս հաստատում են դա. COVID-19-ով հիվանդները, որոնց բուժման ընթացքում դիմել են վաղ հակաբիոտիկների նշանակմանը, մեկուկես անգամ ավելի հաճախ են բարդությունների բախվում:

Ըստ ընտանեկան բժիշկ Սամվել Հայրումյանի` կորոնավիրուսային վարակի բուժման ընթացքում, իհարկե, անհրաժեշտության դեպքում կարող են եւ պետք է հակաբիոտիկներ օգտագործել, սակայն` միայն այն դեպքում, եթե վիրուսային վարակին միացել է բակտերիալ վարակը: Իսկ այդպիսի բան հաճախ տեղի չի ունենում. հոսպիտալացված հիվանդների միայն 3.5-8 տոկոսի մոտ են բակտերիալ/սնկային ինֆեկցիաներ հայտնաբերվում: Այդ հիվանդների համար հակաբիոտիկների նշանակումն արդարացված է:

Իսկ բոլոր մյուս հիվանդների մոտ դա վիրուսային հիվանդություն է, որի դեպքում հակաբիոտիկները ցուցված չեն: Հայաստանում բազմիցս ամբուլատոր պայմաններում COVID-19-ի բուժման ճիշտ կազմակերպման թրեյնինգներ են անցկացվել առաջնային օղակի բժիշկների մասնակցությամբ, սակայն իրավիճակը շատ չի փոխվել, եւ շատերը շարունակում են կորոնավիրուսով հիվանդներին կամ դրա կասկածի դեպքում նույն դեղերի ցանկը նշանակել, որում հակաբիոտիկները գրեթե միշտ առկա են:

Հանրությունը դեռ չի հասկանում խնդրի լրջությունը

Ինչպես պնդում է վարակաբան, ՀՀ Առողջապահության նախարարության խորհրդական Նարինե Սարգսյանցը, հակաբակտերիալ միջոցների չարդարացված, ոչ պատշաճ օգտագործումը կարող է լուրջ հետեւանքների հանգեցնել. հակաբիոտիկների ոչ պատշաճ օգտագործման արդյունքում բակտերիաները անզգայուն են դառնում դրանց նկատմամբ, եւ եթե ոչ մի միջոց չձեռնարկվի, կգա մի օր, երբ ոչինչ չի լինի բակտերիալ վարակները բուժելու համար:
Արդեն այսօր հակաբիոտիկների նկատմամբ կայունությունը լուրջ գլոբալ խնդիր է: Եւ կորոնավիրուսի համավարակը, նպաստելով հակաբիոտիկների անհարկի օգտագործմանը, էլ ավելի է սրում իրավիճակը:

Նույն իրավիճակն այսօր հակասնկային դեղամիջոցների դեպքում է (որոնք այսօր հաճախ նշանակվում են հակաբիոտիկների հետ միասին, որպես կանոն` կրկին անհիմն, եւ որոնց նկատմամբ եւս դիմադրություն է զարգանում): Մասնագետի խոսքով` այսօր հակասնկային դեղերի նկատմամբ դիմադրողականության խնդիր գոյություն ունի Հայաստանում եւ ամբողջ աշխարհում:

«Հանրությունը դեռ չի հասկանում խնդրի լրջությունը»,- ասել է Նարինե Սարգսյանցը:

Վիրուս թե՞ մանրէ

Հայաստանում հակաբիոտիկների անհիմն նշանակման հետ կապված խնդիրն էլ ավելի ակնհայտ դարձավ, երբ փոխվեցին մոտեցումները կորոնավիրուսով հիվանդների հոսպիտալացման հարցում. վարակի թեթեւ եւ միջին ընթացքով հիվանդները սկսեցին բուժվել առաջնային օղակում, որտեղ գրեթե բոլորին սկսեցին հակաբիոտիկներ եւ վիտամիններ նշանակվել:

Ըստ մասնագետի` համավարակի առաջին ամիսներին դեռ մինչեւ վերջ պարզ չէր, թե ինչ է իրենից ներկայացնում կորոնավիրուսային վարակը եւ ինչ դեր կարող են ունենալ հակաբիոտիկները դրա բուժման մեջ: Սակայն այսօր արդեն պարզ է, որ բակտերիալ վարակը շատ հազվադեպ է միանում վիրուսային COVID-19-ին, ինչպես նշվեց վերեւում` ոչ ավել, քան 8 տոկոս դեպքերում: Իսկ նրանք, ովքեր բակտերիալ վարակ չունեն, հակաբիոտիկների կարիք չունեն:

«Հանրության շրջանում տարածված թյուր կարծիք կա, որ եթե թոքաբորբ կա, անհրաժեշտ է հակաբիոտիկներ ընդունել: Նրանք հաշվի չեն առնում այդ թոքաբորբի ծագումը: Եթե ​​դա վիրուսային թոքաբորբ է, ապա հակաբիոտիկներն արդարացված չեն»:

Երկրի ոչ բոլոր պոլիկլինիկաներն բակտերիալ ցանք եւ այլ հետազոտություններ անցկացնելու հնարավորություն կա` համոզվելու համար, որ մանրէային վարակ, որոշելու դրա տեսակը եւ պարզելու, թե որ հակաբիոտիկներն են արդյունավետ դրա դեմ: Իհարկե, այդ հետազոտությունները ցանկալի են, բայց եթե ինչ-ինչ պատճառներով հնարավոր չէ դրանք իրականացնել, բժիշկը կարող է հիվանդի մոտ բակտերիալ վարակ կասկածել շատ այլ նշաններով (արյան մեջ լեյկոցիտների քանակը, թարախային խորխ, ռենտգենյան պատկերներ եւ այլն): Այս բոլոր տվյալները կարող են օգնել բժշկին որոշել` հիվանդին հակաբիոտիկներ նշանակել, թե ոչ:

Հնարավո՞ր է արդյոք լուծել դեղերի չարդարացված նշանակման խնդիրը

Ըստ Նարինե Սարգսյանցի` հակաբիոտիկների (ինչպես նաեւ հակասնկային եւ շատ այլ դեղամիջոցների) անհիմն նշանակման խնդիրը կարող է լուծվել, եթե մենք վերջապես միայն դեղատոմսերով սկսենք տրամադրել այդ բոլոր դեղերը: Եթե ​​բժիշկը ստիպված է պաշտոնական դեղատոմս դուրս գրել, նա, հավանաբար, ավելի պատասխանատու կերպով կվերաբերվի նշանակմանը եւ երկու անգամ կմտածի, թե կոնկրետ ինչ նշանակել:

Դեղատոմսով դեղերի վաճառքը մեկ այլ խնդիր եւս կլուծի. այսօր շատ դեղեր հիվանդներին «նշանակվում» են դեղատների աշխատողների կողմից: Այդպես, օրինակ, շատերին առաջարկում են հակաբիոտիկների հետ միասին հակաբորբոքային դեղեր գնել, իբր` սնկային բարդություններից խուսափելու համար: Սակայն այդպիսի բան անել չի կարելի: Իսկ եթե դեղագործները չկարողանան հիվանդներին դեղեր առաջարկել, որոնք բժիշկը չի նշանակել, դա կօգնի հետագայում խուսափել բազմաթիվ խնդիրներից:

Մասնագետի խոսքով` եթե շատ դեղեր սկսեն դեղատոմսերով տրամադրել, սկզբում շատերը կարող են դժգոհ լինել, բայց ժամանակի ընթացքում բոլորը կհամոզվեն, որ դա ճիշտ միջոց է հիվանդների, բժիշկների եւ առողջապահական համակարգի համար:

Ինչպես նշեց Նարինե Սարգսյանցը, շատ կարեւոր է նաեւ գրագետ արձանագրություններ եւ բժշկական ցուցումներ ունենալ, որոնց կհետեւեն բժիշկները: Այս երկու միջոցները կարող են էապես փոխել չարդարացված նշանակումների հետ կապված իրավիճակը երկրում:


Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել