• Latest news

Պացիենտը հայտնել է COVID-19-ի բուժման կողմնակի էֆեկտների մասին. Կիրառվող դեղերը սրտի համար վտանգավո՞ր են

19 դեկտեմբերի, 2020  12:55

Լ.Ա.-ն 31 տարեկան է եւ ոչ մի քրոնիկական հիվանդություն չունի: Չնայած դրան, կորոնավիրուսով վարակվելուց կարճ ժամանակ անց նա երկկողմանի թոքաբորբով եւ այլ բարդություններով հայտնվել է Երեւանի հիվանդանոցներից մեկի ստացիոնարում: NEWS.am Medicine-ի հետ զրույցում նա հայտնեց, որ COVID-19-ը շատ ծանր է տարել, բայց բուժումն էլ ունեցել է մեծ թվով տհաճ կողմնակի էֆեկտներ:

Նրա խոսքով՝ ստացիոնարում բուժման 7-րդ կամ 8-րդ օրը նրան թվացել է, որ սրտի ռիթմը խախտվել է. այն սկզբում որոշ ժամանակով, ասես, կանգնած էր, հետո սկսել է շատ արագ բաբախել, շնչառությունը չէր բավականացնում: Որոշ ժամանակ անց խնդիրը կրկնվել է: Կինը անսպասելի նկատել է, որ գլուխը տարօրինակ կերպով է պտտվում, նա ցանկացել է բժիշկներին ինչ-որ բան ասել, բայց ոչ մի կերպ չի կարողացել մտքերը ձեւակերպել:

Որոշ ժամանակ անց ուշքի գալով՝ նա վերջապես հարցրել է, թե ինչ է իր հետ տեղի ունենում: Բժիշկները պատասխանել են, որ երբեմն նման բան պատահում է: Այդ ժամանակ Լ.Ա.-ն առաջին անգամ է ուշադրություն դարձրել իր ընդունած դեղերին: Դրանց թվում հաբեր կային չինարեն գրառմամբ: Նա այդպես էլ չիմացավ, թե դա ինչ դեղ էր, բայց նրան ասել են, որ այն ամբողջ աշխարհում մտնում է բուժման ստանդարտ սխեմայի մեջ եւ «օգնում է արագ վերականգնմանը»: Սակայն ամեն օր երկու ժամ հետո այն բանից, երբ Լ.Ա.-ն խմում էր այդ դեղը, նրան էլեկտրասրտագրում էին կատարում, քանի որ, ինչպես պարզվել է, այն վատ էր ազդում սրտի վրա:

«Ես երբեք սրտի հետ կապված խնդիրներ չեմ ունեցել, ինձ միշտ բացարձակապես առողջ եմ համարել, բայց այդ օրերին սիրտս կարծես խելագարված լիներ, մշտապես լինում էին առիթմիայի նոպաներ, շնչելը դժվարանում էր եւ ամենեւին ոչ միայն թոքաբորբի պատճառով, քանի որ այդ ժամանակ թոքաբորբն արդեն սկսել էր նահանջել»,- ասում է կինը:

Քանի որ առիթմիայի նոպաները նրան վախեցրել են, նա բժիշկներին խնդրել է իր բուժումը վերանայել: Դադարել են նրան տալ չինարեն գրությամբ հաբերը, եւ որոշ ժամանակ անց սրտի հետ կապված խնդիրները, կարծես, անցել են:

Լ.Ա.-ն հիմա արդեն տանն է եւ իրեն լավ է զգում: Վերջին շրջանում նրա մոտ առիթմիայի նոպաներ այլեւս չեն եղել:

Պարզվում է՝ COVID-19-ի բուժման ժամանակ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում կիրառվող որոշ դեղեր իսկապես կարող են սրտի ռիթմի խանգարումներ առաջացնել: Սա հաստատվում է նաեւ հոդվածում, որը Ամերիկյան սրտաբանական ասոցիացիան հրապարակել է Circulation ամսագրում:

Մասնագետների խոսքով՝ COVID-19-ով շատ պացիենտների են նշանակում քլորոքին, հիդրոքսիքլորոքին եւ ազիտրոմիցին. այս բոլոր դեղերը կարող են առաջացնել սրտի ռիթմի խանգարումներ:

Հետազոտությունը, որը Չիկագոյի Իլինոյսի համալսարանի գիտնականները հրապարակել են JAMA Network Open ամսագրում, նույնպես ցույց է տվել, որ ազիտրոմիցինը կարող է առաջացնել սրտի նոպա, եթե ընդունվում է որոշ այլ դեղամիջոցների հետ համատեղ: Ազիտրոմիցինի եւ դեղերի համատեղ ընդունումը, որոնք կապված են սրտի էլեկտրական իմպուլսների հետ (զարկերակային ճնշման դեմ դեղամիջոցները, հակադեպրեսանտները, հակամալարիային դեղամիջոցները, ափիոնայինները եւ այլն), սրտի գործունեության խախտումների հաճախության 40 տոկոսով մեծացման պատճառն է, ներառյալ ուշագնացությունները, սրտի զարկերի հաճախացումը եւ անգամ սրտի կանգը:

Սակայն եթե ազիտրոմիցին հակաբիոտիկի կիրառումը դեռ կարելի է արդարացնել, եթե պացիենտի վիրուսային ինֆեկցիային միացել է նաեւ բակտերիայինը, նույնը չի կարելի ասել քլորոքինի եւ հիդրոքսիքլորոքինի կիրառման մասին, որոնք նույնպես սրտի ռիթմի հետ կապված խնդիրներ են առաջացնում, հատկապես ազիտրոմիցինի համակցությամբ:

Ինչ-որ ժամանակ հիդրոքսիքլորոքինը հեռանկարային էր համարվում կորոնավիրուսի դեմ պայքարում, բայց ավելի ուշ հետազոտությունները ցույց տվեցին, որ այն արդյունավետ չէ, եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարեց COVID-19-ի դեպքում այս դեղամիջոցի կլինիկական փորձարկումների դադարեցման մասին: Նաեւ պարզվել է, որ հիդրոքսիքլորոքինն արդյունավետ չէ նաեւ որպես COVID-19-ի հետկոնտակտային կանխարգելում:

Գիտնականների խոսքով՝ սրտի ռիթմի վրա կարող են ազդել նաեւ այլ դեղեր, որոնք առաջարկվում են COVID-19-ի դեմ պայքարի համար՝ լոպինավիրը եւ ռիտոնավիրը: Ըստ գիտնականների՝ այս դեղամիջոցներն ընդունելուց հետո սրտի անկանոն բաբախման խնդրին առավել ենթակա են սրտի նոպաներով, սրտի քրոնիկական հիվանդություններով կամ վիրահատություններ տարած մարդիկ, բայց տեսականորեն խնդիրներ կարող են առաջանալ ցանկացած պացիենտի մոտ, նույնիսկ երիտասարդ եւ առողջ, ինչպիսին Լ.Ա.-ն էր:

Մասնագետները նշում են, որ չնայած որոշ դեղամիջոցների ընդունման ֆոնին առիթմիայի զարգացման հավանականությանը, ոչ մի դեպքում չի կարելի հրաժարվել կորոնավիրուսային ինֆեկցիայի բուժումից: Սակայն ստացիոնարներում բժիշկները պետք է նվազեցնեն որպես բուժման կողմնակի էֆեկտ առիթմիայի առաջացման հավանականությունը:

Այդ հավանականությունը կօգնեն նվազեցնել էլեկտրոլիտների նորմալ մակարդակի պահպանումը, երիկամների եւ լյարդի ֆունկցիան, ինչպես նաեւ բուժման ժամանակ սրտային խթանիչներից եւ ալկոհոլի գործածումից հրաժարվելը: Սրտի ռիթմի խանգարման մեծ հավանականությամբ պացիենտները կարող է հոսպիտալացման, դեղերն ընդունել սկսելուց առաջ կարդիոմոնիթորինգի, ինչպես նաեւ բուժման ժամանակահատվածում էլեկտրասրտագրում անցկացնելու կարիք ունենան:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է