• Latest news

Առողջապահության նախարարությունը ամփոփել է 2020 թվականին կատարած աշխատանքները

18 հունվարի, 2021  18:40

Առողջապահության նախարարությունը 2020 թվականին աշխատել է 3 հիմնական ուղղությամբ: Ինչպես տեղեկացնում է նախարարության մամլո ծառայությունը, դրանք են` պլանային միջոցառումներ (բուժօգնություն, ծննդօգնություն, իմունականխարգելում և այլն), երկրորդ` կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքար, երրորդ` մարտական գործողությունների հետևանքով տուժածների բուժօգնության կազմակերպում: Ստորեւ ներկայացվում են կատարված աշխատանքներն` ըստ նշված ուղղությունների:

Առողջապահական համակարգի ծրագրային միջոցառումները

  1. 2019 թվականի հունվարից ախտորոշված չարորակ նորագոյացություններով հիվանդների վիրահատական բուժումն իրականացվում է ամբողջովին պետական պատվերի շրջանակներում և տարվա ընթացքում կատարվել է 9960 վիրահատություն:
  2. 2019 թվականի փետրվարից իրականացվում է պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով  գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածների թրոմբոլիտիկ բուժման և մեխանիկական թրոմբէկտոմիայի ծրագիրը: Ծրագրի մեկնարկից առայսօր պետական պատվերի շրջանակներում սպասարկվել է 746 պացիենտ:
  3. 2019 թվականի ապրիլից ներդրվել է սանիտարական ավիացիայի ծառայությունը, որի նպատակն է հեռավոր մարզերում բնակչության առավել որակյալ շտապ բժշկական օգնության կազմակերպումը` պացիենտի ուղղաթիռով տեղափոխումը և Երևանի առաջատար բժշկական կենտրոններում մասնագիտացված բժշկական օգնության կազմակերպումը: Մինչ այժմ իրականացվել է 216 թռիչք:
  4. 2019 թվականի ընթացքում մարզերի և Երևանի շուրջ 000 բուժաշխատող իրավունք է ստացել օգտվելու սոցփաթեթից, որից այսօր օգտվում են պետական հիմնարկների աշխատակիցներն ու ուսուցիչները՝ բացառությամբ ամենամյա պարտադիր բուժզննության ծառայությունը: Հունիսից այս խմբին են միացել շտապօգնության և արյան փոխներարկման մարզային կայանների բուժաշխատողները` ընդհանուր առմամբ 610 շահառու:
  5. Շտապ բժշկական օգնության համակարգի պատրաստվածության, արձագանքման արագության, հասանելիության և բժշկական օգնության ծառայությունների որակի բարելավման նպատակով 2019 թվականի հունիսին ավելացել է «Շտապ բժշկական օգնության ծրագրի» ֆինանսավորումը (500 մլն դրամով), որից 250 մլն դրամը հատկացվել է մարզային թվով 14 բժշկական կենտրոններին մեկական բրիգադ ավելացնելու նպատակով, իսկ 250 մլն դրամ` Երևանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ին գծային բրիգադների թիվը 15-ով ավելացնելու համար: 2021 թվականին` 2020թ.-ի համեմատ շտապօգնության ծառայության բյուջեն ավելացել է 16,49 տոկոսով:
  6. 2019 թվականի հուլիսից պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով 15 և ավելի MeV (մեգաէլեկտրոնվոլտ) հզորություն ունեցող բժշկական գծային արագացուցիչով ճառագայթային բուժում տրամադրվում է ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 28.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուներին, Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին և նրանց հավասարեցված անձանց, ծերանոցներում և անօթևանների ժամանակավոր կացարաններում խնամվողներին, բռնադատվածներին, Չեռնոբիլի ատոմակայանի վթարի վերացման աշխատանքների մասնակիցներին, մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձանց, ձերբակալվածներին, կալանավորված անձանց և ազատազրկման դատապարտվածներին, մինչև 18 տարեկան երեխաներին, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող 18-23 տարեկան անձանց: Բնակչության բոլոր խմբերին` բացառությամբ վերը նշվածից, հիշյալ ճառագայթային բուժումն իրականացվում է արտոնյալ պայմաններով՝ համավճարային սկզբունքի կիրառմամբ: Ծրագրի մեկնարկից առայսօր կատարվել է 6380 սեանս:
  7. 2019 թվականի հուլիսից մինչև 18 տարեկան երեխաների հիվանդանոցային բժշկական օգնությունն ու սպասարկումն, այդ թվում` մի շարք նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով իրականացվող վիրահատություններն ամբողջությամբ իրականացվում է պետական պատվերի շրջանակներում, նախկինում այդ հնարավորությունից օգտվում էին մինչև 7 տարեկանները: Ծրագրի մեկնարկից մինչ այս պահը պետական պատվերի շրջանակներում սպասարկվել է 243215 դեպք: Ծրագիրը 2020 թվականի հունվարի 1-ին ընդլայնվել է` մինչև 18 տարեկան երեխաների համար անվճար է դարձել նաև ախտորոշման ճշտման նպատակով հիվանդանոցներում իրականացվող խորհրդատվությունները և հետազոտությունները` բժշկի ուղեգրմամբ: Այսպիսով` ծրագրի շնորհիվ զգալիորեն բարձրացել է երեխաների հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման մատչելիությունը:
  8. 2019 թվականի հունվարից, իսկ հուլիսից ընդլայնվելով` ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշմամբ բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկում ներառված շուրջ 400,0 հազար քաղաքացի սկսել է օգտվել բարելավված հիվանդանոցային բուժօգնության փաթեթից՝ ներառյալ 18 տեսակի նորագույն թանկարժեք ծառայությունները։
  9. 2019 թվականի օգոստոսից պետական պատվերի շրջանակներում ներդրվել է արտահիվանդանոցային պալիատիվ բուժօգնության ծառայությունը: 2020 թվականին ցանկն ընդլայնվել է և պետական պատվեր է տեղադրվել 7 բժշկական կազմակերպություններում, ընդ որում` 2-ը Երևանում, մնացածը` Արարատի, Կոտայքի, Տավուշի, Արագածոտնի, Վայոց ձորի մարզերում: Միաժամանակ, պալիատիվ բուժօգնության համար մահճակալներ են ծավալվել ՀՀ ԱՆ «Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում»:
  10. 2019 թվականի սեպտեմբերից մեկնարկել և 2020 թվականից ընդլայնվել է անպտղություն ունեցող զույգերին աջակցող ծրագիրը, որով սահմանվել են անպտղության բուժման և հաղթահարման նպատակով պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով հետազոտությունների և բուժման, այդ թվում՝ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման ծավալները: Ծրագրի շրջանակներում շուրջ 508 անզավակ զույգի արդեն իսկ տրամադրվել են անպտղության բուժմանն ուղղված ծառայություններ, այդ թվում` վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ:
  11. 2019-ի հոկտեմբերից ընդլայնվել է պետական պատվերի շրջանակներում անվճար պայմաններով մատուցվող սրտի անհետաձգելի վիրահատական (Stent for Life) ծառայությունները: Փոփոխությունից հետո պետական պատվերի շրջանակներում կատարվել է 4340 վիրահատություն:
  12. 2020 թվականի հունվարին առաջին բժշկական օգնության և սպասարկման համար բժշկական պարագաներով հագեցած թվով 620 հատուկ պայուսակներ բաշխվել են մարզերի առողջության առաջնային պահպանման ծառայություններին սպասարկման որակը բարելավելու նպատակով։
  13. 2020 թվականի հունվարից «Զինծառայողներին, ինչպես նաև փրկարարական ծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին բժշկական օգնության ծառայություններ», «Մանկաբարձական բժշկական օգնության ծառայություններ» և «Սրտի անհետաձգելի վիրահատություններ» ծրագրերի շրջանակներում բժշկական կազմակերպությունների ֆինանսավորումն իրականացվում է չսահմանափակվող բյուջեի սկզբունքով՝ փաստացի կատարած աշխատանքի դիմաց: Սահմանված կարգով կնքվել է հրապարակային օֆերտային պայմանագրեր:
  14. 2020 թվականի հունվարից Գեղարքունիքի մարզի Մարտունու բժշկական կենտրոնում բացվել է հեմոդիալիզի բաժանմունք՝ 5 դիալիզային տեղով։ Ձեռք են բերվել և մատակարարվել նշված ծառայության համար անհրաժեշտ բոլոր սարքավորումները։ Ժամանակակից սարքավորումներով հագեցած ծառայությունը հնարավորություն է ընձեռում Մարտունու և Վարդենիսի տարածաշրջանների հիվանդներին ստանալ հեմոդիալիզային բուժում` իրենց բնակավայրերին մոտ։ Միաժամանակ, մասնավոր սեկտորի հետ համագործակցության շրջանակներում դիալիզի բաժանմունք է բացվել նաև Հրազդանի բժշկական կենտրոնում: Նախատեսվում է նմանատիպ բաժանմունքի բացում նաև Արթիկի բժշկական կենտրոնում:
  15. 2020 թվականի փետրվարից ներդրվել է հիվանդանոցային պայմաններում արտահիվանդանոցային անհետաձգելի բուժօգնության ծրագիրը (emergency), որի շրջանակներում համապատասխան հագեցվածություն ունեցող 47 բժշկական կազմակերպությունում անհետաձգելի բուժօգնության դեպքերը, որոնք չունեն շուրջօրյա հսկողության անհրաժեշտություն, սպասարկվում են ընդունարանում ծավալված անհետաձգելի բուժօգնության ծառայության կողմից: Ծրագրի մեկնարկից մինչև հիմա մատուցվել է 62241 ծառայություն:
  16. 2020 թվականի փետրվարին եռամյա պայմանագիր է կնքվել աշխարհում առաջատար ինսուլին դեղ արտադրող` դանիական «Նովո Նորդիսկ Ա/Ս» դեղագործական ընկերության հետ: Պայմանագրի կնքման շնորհիվ` 2020-2022 թվականների ընթացքում ՀՀ-ում և Արցախի Հանրապետությունում հաշվառված շուրջ 20560 ինսուլինակախյալ հիվանդներին անխափան տրամադրվում է ինսուլին դեղերը:
  17. Մանկական օնկո-հեմատոլոգիական հիվանդություններով տառապող երեխաների և դեռահասների բուժման համար 2020 թվականի փետրվարից նախկին 14 անվանում դեղերի փոխարեն ձեռք է բերվելու 25 անվանում: Արդեն իսկ գնվել է 24 անուն ուռուցքաբանական դեղեր, որոնք անվճար տրամադրվում են համապատասխան հիվանդներին:
  18. 2020 թվականի փետրվարին ընդունվել է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրեն­քը, որը միտված է առողջ հասարակություն ունենալուն:
  19. 2020 թվականի մարտից ներդրվել է կոնքազդրային հոդի դիսպլազիայի նորածնային սկրինինգը  50 բժշկական կազմակերպություններում, որն ուղղված է նորածինների մոտ կոնքազդրային հոդախախտի վաղ հայտնաբերմանն ու հաշմանդամության կանխարգելմանը: Մինչ օրս իրականացվել է 24739 հետազոտություն:
  20. 2020 թվականի մարտից Հայաստանում հաշվառված «հիպոֆիզային գաճաճություն» ախտանիշ ունեցող շուրջ 45 երեխաների` յուրաքանչյուրին անհրաժեշտ քանակով, անխափան տրամադրվում է աճի հորմոն դեղը` համապատասխան գրիչ-ներարկիչով:
  21. 2020 թվականի մարտից կրծքագեղձի ագրեսիվ HER2 դրական քաղցկեղի I-III փուլերի ախտորոշում ունեցող հիվանդները բուժում են ստանում թիրախային «Տրաստուզումաբ» (Հերցեպտին) դեղով՝ պետական ծրագրի շրջանակներում: 2020 թվականից ուռուցքաբանական հիվանդներին, մասնավորապես՝ կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշմամբ անվճար տրամադրվում է շվեյցարական Ֆ. Հոֆֆմանն-Լա Ռոշ կազմակերպության կողմից արտադրված նոր սերնդի, թանկարժեք «Տրաստուզումաբ լուծույթ ե/մ ներարկման 600մգ/5մլ» դեղը: Արդեն իսկ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը տրամադրել է շուրջ 1656 սրվակ` 132 պացիենտի, որի շնորհիվ նրանց կյանքի որակը բարելավվել է:
  22. 2020 թվականի մարտից բարելավվել է հղիների նախածննդյան հսկողությունը, ընդլայնվել է բարձր ռիսկի հղիների հետազոտությունները` հայտնաբերելով և բուժելով ախտաբանական այն վիճակները, ինչի արդյունքում կնվազեն վերարտադրողական կորուստներն, այդ թվում` ինքնաբեր վիժումները, ներարգանդային մահվան դեպքերը, մեռելածնությունը, մայրական և պերինատալ մահացությունը, պտղի բնածին զարգացման արատները և կապահովվի հղիության բարեհաջող ելքերի ավելացում` երեխայի ծնունդով:
  23. 2020 թվականի ապրիլից պետական պատվերի շրջանակներում բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող ընտանիքի անապահովության սահմանային միավորը դարձել է «28.01»` նախկին  «30.01»-ի փոխարեն:
  24. Կանոնակարգվել են «Զինծառայողներին, ինչպես նաև փրկարար ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի շահառուների հիվանդանոցային և արտահիվանդանոցային դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների ուղեգրման կարգը, ինչպես նաև 2020 թվականի ապրիլից նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող ծառայություններն այս խմբերի անձանց համար իրականացվում են ամբողջությամբ պետական պատվերով` նախկին համավճարի փոխարեն:
  25. 2020 թվականի ընթացքում հնարավոր է դարձել կրկնակի կրճատել մայրական մահացությունը` 2019թ.-ի համեմատ: 2020թ.-ին արձանագրվել է մայրական 8 մահվան դեպք, իսկ 2019թ.-ին` 12:
  26. 2020 թվականից մեկնարկել է հեպատիտ Ց-ի ախտորոշման և բուժման ծրագիրը, որի շրջանակներում Հայաստանում հաշվառված «վիրուսային հեպատիտ Ց-ի հիվանդություն» ունեցող տարեկան շուրջ 500 հիվանդի անխափան տրամադրվել են հակավիրուսային նորագույն դեղեր:
  27. Սկրինինգային հետազոտություններ իրականացնելու նպատակով ձեռք է բերվել մամոգրաֆիայի շարժական սարք, որն արդեն տեղեկայվել է Լոռու մարզում և բնակչության համար կրծքագեղձի անվճար հետազոտություններ կիրականացվեն:
  28. 2020 թվականի հուլիսից մեկնարկել են  Մարտունու բժշկական կենտրոնի նոր շենքի կառուցման շինարարական աշխատանքները։ 2021 թվականին նախատեսվում է իրականացնել բժշկական կենտրոնի հիմնակմախքի կառուցման աշխատանքները, ինչպես նաև շարունակական կլինեն ինժեներական ցանցերի կառուցման աշխատանքները և տանիքի կառուցման աշխատանքները։
  29. 2020 թվականի պետական բյուջեի միջոցներով առողջապահության նախարարությունը ձեռք է բերել թվով 30 Տոյոտա Լանդ Կրուիզեր և 10 Ֆորդ Տրանզիտ մակնիշի շտապօգնության մեքենա:
  30. Համակարգչային և մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի ժամանակակից սարքեր են տեղադրվել Վանաձորի, Դիլիջանի, Սևանի, Արտաշատի, Գյումրու և Կապանի բժշկական կենտրոններում:
  31. 2019 թվականի փետրվարից երկիրն անցել է կենդանի բերանային պոլիոմիելիտի պատվաստանյութից ինակտիվացված պատվաստումների փուլային փոխարինմանը՝ վեցավալենտ պատվաստումների մեկ դեղաչափի ներդրմամբ: Վերջինս կնպաստի պոլիոմիելիտի արմատական վերացման ռազմավարության պահանջների իրականացմանը, այն է` մինչև 2020 թվականն ապահովել պոլիոմիելիտի կենդանի պատվաստանյութի փուլային փոխարինումը պոլիոմիելիտի ինակտիվացված պատվաստանյութով:
  32. Ռուսաստանի Դաշնությունը առողջապահության նախարարությանն է նվիրաբերել շարժական 2 լաբորատորիա: Շարժական լաբորատորիաները նախատեսված են հատուկ վտանգավոր վարակների հարուցիչների հայտնաբերման նպատակով դասական կենսաբանական, ինչպես նաև ՊՇՌ մեթոդներով հետազոտություններ իրականացնելու համար:

 

Կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի գործընթացում

իրականացված աշխատանքներ

 

Հակահամաճարակային միջոցառումներ

 

  1. Մշակվել և գործադրվել է համաճարակի զարգացման փուլերին համապատասխան արտակարգ իրավիճակների արձագանքման երկու պլան:
  2. Ապահովվել է կորոնավիրուսային հիվանդության կասկածելի և հաստատված դեպքերի, տնային օջախների, կազմակերպությունների համաճարակաբանական հետազոտություն: Կազմակերպություններում մեթոդագործնական օգնություն է ցուցաբերվել հակահամաճարակային ռեժիմի ապահովման և լիարժեք գործադրման ուղղությամբ:
  3. Մշակվել և ներդրվել է կորոնավիրուսային հիվանդության համավարակի ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական սահմանի բոլոր անցակետերով մուտք գործած անձանց և ախտորոշված կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պացիենտների հետ շփված անձանց, ինչպես նաև ախտորոշումը հաստատված անախտանիշ կամ ախտորոշման ճշտման անհրաժեշտություն ունեցող անձանց հատուկ կարանտինային վայրերում շարունակական համաճարակաբանական դիտարկման ուղեցույցը:
  4. Կորոնավիրուսային վարակով հիվանդների հետ շփված անձինք մեկուսացվել են կարանտինային վայրերում՝ ապահովելով նրանց առողջական վիճակի հսկողության, լաբորատոր հետազոտությունների համար՝ նմուշառման, տվյալների բազայի վարման և հակահամաճարակային միջոցառումների իրականացում՝ սահմանելով շուրջօրյա հերթապահություն: Կարանտինի ընթացքում (փետրվար-մայիս) մեկուսացվել և հսկողության է վերցվել 9225 քաղաքացի, որոնցից 32,8%-ում (3032) հայտնաբերվել են դրական դեպքեր: Թվով 30 կարանտինային վայրում աշխատանքները կազմակերպվել են բուժաշխատողների և կամավորների (շուրջ 400 անձ) ներգրավմամբ:
  5. Ինքնամեկուսացման դեպքում` կատարվել է առողջական վիճակի դիտարկում, անձնական տվյալների հավաքագրում, մուտքագրում ԱՐՄԵԴ առողջապահական էլեկտրոնային ազգային միասնական համակարգ և տրամադրվել է պարետատուն՝ ինքնամեկուսացումն ապահովելու համար:
  6. Դեկտեմբերի 31-ի դրությամբ` հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության հայտնաբերման նպատակով կատարվել է 593903 լաբորատոր հետազոտություն, որից դրական արդյունքով` 159409 դեպք:
  7. Հզորացվել են լաբորատոր կարողությունները՝ վերապրոֆիլավորում, սարքավորումների և ռեագենտների ձեռքբերում, մասնագետների վերապատրաստում: Սյունիքի, Լոռու, Շիրակի, Տավուշի, Գեղարքունիքի մարզերում ստեղծվել են նոր ՊՇՌ լաբորատորիաներ՝ արդյունքում ապահովելով օրական 2000-ից ավելի նմուշի հետազոտության հնարավորություն` սկզբնական շրջանում կատարվող 300-ի փոխարեն: Ստեղծվել և հագեցվել են ՊՇՌ լաբորատորիաներ Թոքաբանության ազգային կենտրոնում և Արաբկիր բժշկական համալիրում` մեծացնելով կատարվող հետազոտությունների ծավալը:
  8. Բժշկական կազմակերպություներում կորոնավիրուսային հիվանդության ներհիվանդանոցային վարակման կանխարգելման ուղղությամբ թվով 119 բժշկական կազմակերպությունում շարունակաբար իրականացվում է համաճարակաբանական դիտարկում, վեր հանված բացերի հիման վրա մշակված առաջարկությունները ներկայացվում են շահագրգիռ գերատեսչություններին, դիտարկման ընթացքում բժշկական կազմակերպություններին տրամադրվում է մեթոդա-գործնական աջակցություն՝ անվտանգության կանոնների, վարակի հսկողության բաղադրիչների արդյունավետ ներդրման ուղղությամբ: Արդյունքում մեկ ամսվա ընթացքում դիտվել է բժշկական կազմակերպության անձնակազմի շրջանում կորոնավիրուսային հիվանդության դեպքերի նվազում՝ 1.6 անգամ:
  9. Կորոնավիրուսային հիվանդության բազմակողմանի համաճարակաբանական վերլուծության հիման վրա ՀՀ կրթության և գիտության նախարարությանը շարունակաբար առաջարկություն է ներկայացվել դպրոցների նախադպրոցական կազմակեպությունների և միջին, բարձրագույն ուսումնական հաստատությունների գործունեության, դրանց դադարեցման վերաբերյալ:  Կազմակերպվել են դասընթացներ դպրոցների և  նախադպրոցական կազմակեպությունների անձնակազմի համար սանիտարահամաճարակային կանոնների ներդրման վերաբերյալ:
  10. Մարտից ձևավորվել է 24/7 ռեժիմով գործող «Օպերատիվ զանգերի կենտրոն», որը գործել է մինչև 2020 թվականի հունիս: Այդ ժամանակահատվածում սպասարկվել է 83092 քաղաքացու զանգ: Նշված հեռախոսահամարի զանգերն այժմ փոխանցվում են առողջապահության նախարարության թեժ գիծ:
  11. Ստեղծվել է իրական ժամանակում կորոնավիրուսային հիվանդության տեղեկատվության հավաքագրման էլեկտրոնային համակարգ:

 

Բժշկական կենտրոնների վերապրոֆիլավորում, հագեցում, կադրային ներուժ

 

  1. Վերապրոֆիլավորել և կորոնավիրուսային հիվանդությամբ են զբաղվում շուրջ 30 բժշկական հաստատություններ` Երևանում և մարզերում: Ծավալվել է շուրջ 3000 մահճակալ, որից 377-ը` վերակենդանացման բաժանմունքներում:
  2. Շուրջ 5000 բուժաշխատող ներգրավված է եղել կորոնավիրուսային հիվանդություն ունեցող պացիենտների բժշկական օգնության և սպասարկման գործընթացում:
  3. Ամենօրյա ռեժիմով բժշկական կազմակերպություններից հավաքագրվում է տեղեկատվություն` հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն ստացող, այդ թվում` թոքաբորբով, թթվածին կախյալ, ինտենսիվ թերապիա և վերակենդանացման միջոցառումներ պահանջող, ներառյալ` թոքերի արհեստական շնչառական սարքին միացված դեպքերի վերաբերյալ:
  4. Մշակվել և ներդրվել են կորոնավիրուսային հիվանդության նմուշառման, բուժման, դուրսգրման վերաբերյալ ուցեցույցներ և հրամաններ: Հաստատվել է «Արտահիվանդանոցային պայմաններում կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման կարգը», համաձայն որի` կորոնավիրուսային հիվանդության անախտանիշ և թեթև ընթացքով հաստատված COVID-19 պացիենտների և նրանց հետ սերտ շփում ունեցող անձանց բժշկական հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային պահպանման հաստատությունների կողմից:
  5. Կանոնակարգվել է «Շտապօգնության» ծառայության մեքենաների միջոցով (ներառյալ` վարորդ) շրջիկ բրիգադներով COVID-2019-ի կասկածով պացիենտների նմուշառման իրականացումը և տեղափոխումը:
  6. Բժշկական անձնակազմին հատկացվել է անհրաժեշտ պաշտպանիչ միջոցներ (դիմակ, ձեռնոց և ախտահանիչ միջոց):
  7. Կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի շրջանակներում Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում տեղակայված Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի մասնաշենքը վերանորոգվել և վերազինվել է` կորոնավիրուսային վարակ և ինֆեկցիոն հիվանդություններից մահացած անձանց դիահերձում իրականացնելու նպատակով:
  8. «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում նախագծվել և կառուցվել է մոտ 35 սպասասենյակ ունեցող մոդուլը, ինչպես նաև կառուցվել է համակարգչային տոմոգրաֆիայի նոր մասնաշենք:
  9. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վիրասրահներից մեկը վերապրոֆիլավորվել է որպես ծնարան, որը հագեցված է գինեկոլոգիական սեղանով, դոպպլեր սարքավորումներով, ծննդալուծման համար անհրաժեշտ գործիքներով և պարագաներով, նորածնի ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման կենտրոնով:
  10. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի լաբորատորիան հագեցվել է անհրաժեշտ սարքավորումներով` պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) հետազոտություններ իրականացնելու համար:
  11. «Էրեբունի» բժշակական կենտրոնում ծավալվել է 40 մահճակալային ֆոնդ ունեցող նոր վերակենդանացման բաժանմունք:
  12. Առողջապահության նախարարության միջոցների հաշվին Միքայելյան համալսարանական հիվանդանոցը կառուցել և ծավալել է 140 մահճակալային ֆոնդով նոր բաժանմունք, որից 40-ը` վերակենդանացման համար:
  13. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նոր վերակենդանացման բաժանմունքը պատրաստ է շահագործման։ Այստեղ ծավալվել է 50 նոր մահճակալ:
  14. «Արաբկիր» բժշկական համալիրում 14 օրում կառուցվել է հերթական մեկուսարանը քովիդ-կասկածելի փոքրիկ պացիենտների ընդունելության համար։ Մեկուսարանն ունի 8 հիվանդասենյակ և 16 մահճակալ:
  15. Սահմանվել է ինքնամեկուսացված կոնտակտավորների արտահիվանդանոցային (տնային) պայմաններում բժշկական հսկողություն իրականացնող բժշկական կազմակերպությունների (ըստ զոնաների) և COVID-19-ով պայմանավորված կոնտակտավորների շարունակական հսկողություն իրականացնող բժիշկների ցանկը և հիվանդությամբ պայմանավորված` ինքնամեկուսացված կոնտակտավորների արտահիվանդանոցային (տնային) պայմաններում բժշկական հսկողության ընթացակարգը:
  16. Մարտից կազմակերպվել են վերապատրաստման դասընթացներ բուժանձնակազմի համար: Ողջ ընթացքում կորոնավիրոսային հիվանդության վերաբերյալ դասընթացներին ներգրավված են եղել շուրջ 10.000 մասնակից:
  17. Անցկացվել են նեղ մասնագիտական տեղական և միջազգային վեբինարների շուրջ 50 քննարկում` նոր կորոնավիրուսային վարակի թեմայով` 7400 մասնակցով:
  18. Բուժաշխատողների համար կորոնավիրուսային հիվանդության բուժման մասնագիտական խորհրդատվության տրամադրման նպատակով ստեղծվել և գործարկվել է առցանց բժշկական կոնսիլիումի հարթակ:
  19. Ստեղծվել է բուժաշխատողների տեղեկատվական բազա, որի հիման վրա հավաքագրվել է շուրջ 4500 հայտ, որից 1600-ը` բուժանձնակազմ (բժիշկ, բուժքույր, մայրապետ, օրդինատոր, ուսանող), մնացածը եղել են այլ մասնագիտությամբ։ Բուժհաստատությունների կողմից ներկայացված հայտերի համաձայն` շուրջ 600 կամավոր ներգրավվել են աշխատանքներում:
  20. Արտակարգ դրություն հայտարարելու դեպքում, կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված, բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնելու նպատակով համապատասխան մասնագիտացում, որակավորում չունեցող, վերապատրաստում չանցած բուժաշխատողներին կամ ավարտական կուրսերի կլինիկական օրդինատորներին կառավարության որոշմամբ թույլատրվել է ներգրավվել բժշկական օգնության և սպասարկման իրականացման գործընթացում:
  21. Արտերկրից Հայաստան են ժամանել 69 մասնագետ, որից 17-ը` Գերմանիայից, 18-ը` Ֆրանսիայից, 5-ը` Ռուսաստանից, 11-ը` Լիտվայից, 11-ը` Իտալիայից և 7-ը` Միացյալ Թագավորությունից: Ժամանողները մասնագիտությամբ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, ինտենսիվ թերապիայի մասնագետներ, վարակաբաններ, համաճարակաբաններ, միջին բուժանձնակազմի աշխատակիցներ են:
  22. Ազգային մակարդում ստեղծվել է բժշկական կազմակերպություններում COVID-19-ով վարակված անձնակազմի տվյալների բազա: Ամսական կտրվածքով իրականացվող վերլուծությունների հիման վրա մշակվում են առաջարկություններ՝ նշված կազմակերպություններում մասնագիտական վարակման դեպքերը նվազեցնելու համար:
  23. 2020 թվականի դեկտեմբերի 31-ից առողջապահության նախարարությունը սկսել է շտապօգնության ծառայությունների կենտրոնացման գործընթաց, որի առաջին փուլում կորոնավիրուսային հիվանդություն ունեցող պացիենտներին բժշկական կենտրոններ են տեղափոխում նախարարության ենթակայությամբ գործող շտապօգնության ծառայության բրիգադները:

 

Սարքերի, անհրաժեշտ պարագաների, դեղերի ձեռքբերում

 

  1. Առողջապահության նախարարությունը ձեռք է բերել և բաշխել 194 արհեստական օդափոխության սարք:
  2. Ձեռք է բերվել և բաշխվել շուրջ 1000 անհատական թթվածնի կոնցենտրատոր:
  3. Բժշկական հաստատություններին բաշխվել են 80 հատ պացիենտի մոնիտորներ:
  4. Ձեռք են բերվել և բաշխվել են շուրջ 500 պուլսօքսիմետրներ, շուրջ 20 լարինգոսկոպ, շուրջ 150 ավտոմատ ներարկիչներ, շուրջ 200 թթվածնային հոսքաչափ:
  5. Հայաստանը ձեռք է բերել թթվածին արտադրող 16 մեծ կայան:
  6. ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն ՊՈԱԿ-ի աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով ձեռք է բերել հավելյալ 5 շտապօգնության մեքենա, ինչպես նաև` 6 ամենագնաց։ Ձեռք են բերվել և բաշխվել են 20 շտապ բուժօգնության ավտոմեքենա:
  7. Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնին, Թոքաբանության ազգային կենտրոն ՊՈԱԿ-ին, Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնին, «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ին և Հայաստանի ոստիկանության բժշկական վարչության հոսպիտալին, «Դիլիջան» բժշկական կենտրոն ՓԲԸ-ին, Մարտունու ԲԿ-ին, Վեդու բժշկական կենտրոն ՓԲԸ-ին և Սպիտակի ԲԿ-ին տրամադրվել է մեկական ուլտրաձայնային հետազոտման սարք:
  8. ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնին, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնին և Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնին տրամադրվել է մեկական շարժական թվային ռենտգեն սարք, իսկ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցին` թվով 2 շարժական թվային ռենտգեն սարք: Մարզային վերապրոֆիլավորված հիվանդանոցների համար ձեռք են բերվել և 4 շարժական թվային ռենտգեն սարքեր բաշխվել են Սպիտակի, Վեդու, Մարտունու և Դիլիջանի «Իրվինգ» ԲԿ-ներին:
  9. Ձեռք են բերվել 3 ստացիոնար թվային ռենտգենոգրաֆիայի և ֆլյուրոսկոպիայի ռենտգեն սարքավորում անխափան սնուցման սարքավորումների հետ միասին: Բացի այդ, ձեռք է բերվել նաև 4  թվային շարժական ռենտգեն սարքավորում և 3 ուլտրաձայնային հետազոտման շարժական սարք:
  10. Իրականացվել է COVID-19-ի համար անհրաժեշտ սարքավորումների հավաքագրում մարզային ենթակայության բժշկական կազմակերպություններից, դրանք հիվանդության վարման գործընթացում ներգրավված՝ ընտրված բժշկական կենտրոններին տրամադրելու նպատակով։ Ընդհանուր առմամբ, 31 անուն շուրջ 1000 միավոր բժշկական սարքավորումներով և պարագաներով համալրվել է 5 վերակազմավորված հիվանդանոցների նյութատեխնիկական բազան:
  11. Պայմանավորված կորոնավիրուսային հիվանդությամբ` ձեռք է բերվել և բաշխվել ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունքներում օգտագործելու համար անհրաժեշտ հակաբիոտիկներ, ներարկման լուծույթներ, ցավազրկողներ, ոչ ստերոիդային հակաբորբոքային, անզգայացնող, սեդատիվ, հակաալերգիկ և անաֆիլակսիյաի, սիրտ-անոթային համակարգի, միզամուղներ, հակագերճնշումային, անզգայացնող, սրտխառնոցի և արյան մակարդելիությունը կարգավորող դեղեր:
  12. Ձեռք է բերվել հակավիրուսային «Հիդրոքսիքլորոքվին 200 մգ, Լոպինավիր-Ռիտոնավիր (Ալուվյա), «Տոնսիլիզումաբ (ակտեմրա) 200մգ, 80մգ, Ռեմդեսիվիր 100 մգ, Ֆավիպավիր 200 մգ» դեղերը, որոնք տրամադրվել են վերապրոֆիլավորված բժշկական կենտրոններին:
  13. Կորոնավիրուսով պայմանավորված` երեխաների մոտ կավասակի հիվանդությունը կանխելու և բուժելու նպատակով կազմակերպվել է «Օգտագամ» դեղի ձեռքբերումը, որը տրամադրվել է վերապրոֆիլավորված բժշկական կենտրոններին:
  14. «Արտահիվանդանոցային թոքաբորբերի վարման կլինիկական ուղեցույցի հաստատումից հետո ձեռք են բերվել դեղեր, որոնք ընդգրկված են վերոհիշյալ ուղեցույցում և տրամադրվել Երևանի և ՀՀ մարզերի բժշկական հաստատություններին:

 

Ուղեցույցների մշակում, միջազգային համագործակցություն, հանրային իրազեկում

 

  1. Մշակվել են ժամանակավորապես չսահմանափակված տնտեսական գործունեությունների ծավալման ընթացքում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման անվտանգության կանոններ գրասենյակային պայմաններում, շինարարական հրապարակներում, առևտրի իրականացման վայրերում, մեծածախ և մանրածախ առևտրի օբյեկտներում, ծառայությունների ոլորտում հաճախորդների սպասարկման օբյեկտներում, հանրային սննդի օբյեկտներում, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում, մարմնամարզական օբյեկտներում, վարսավիրանոցների և գեղեցկության սրահների, այլ ծառայությունների կազմակերպման ոլորտում, բացահանքերի շահագործման ոլորտի ընկերություններում, նախադպրոցական կրթության հաստատություններում, մարդատար տրանսպորտի գործունեության ոլորտում:
  2. Մշակվել և հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետ կապված լաբորատոր պայմաններում կենսանվտանգության /կենսապահովության և բժշկական կազմակերպություններում N95 դիմակների օգտագործման կարգի ու դրանց կիրառման արդյունավետությունը բարձրացնող միջոցառումների վերաբերյալ մեթոդական ուղեցույցները:
  3. Մշակվել են ծերանոցներում, մանկատներում, հոգեբուժական հիմնարկներում, կալանավայրերում ու զորամասերում հիվանդության կանխարգելման սկզբունքները, որի հիման վրա մարտի սկզբից արգելվել են տեսակցությունները:
  4. Նոր կորոնավիրուսային վարակի վերաբերյալ բուժաշխատողների և հանրության շրջանում իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով անվտանգ և արդյունավետ պայքարելու համար մշակվել կամ թարգմանվել ու տեղայնացվել է իրազեկման 57 պաստառ, թարգմանվել և պատրաստվել է 22 սոցիալական հոլովակ, ինչպես նաև պատրաստվել են տեսադասընթացներ նոր կորնավիրուսային վարակի վերաբերյալ:
  5. Տպագրվել և 60 բիլբորդի վրա տեղադրվել են կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանն ուղղված խորհուրդները: Սոցիալական գովազդ է տեղադրվել կանգառներում՝ 29 կողմ սքրոլերային, 59 կողմ պոստերային (ստասիկ)՝ 3 ամիս տևողությամբ:
  6. Օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ բանակցության արդյունքում ստացվել է զգալի օժանդակություն, այդ թվում՝ սարքերի, ախտորոշիչ թեստերի (շուրջ 200 հազար), դիմակների (շուրջ 1 միլիոն) և պարագաների տրամադրման, ինչպես նաև մասնագիտացված թիմեր ուղարկելու միջոցով:
  7. Առաջնային անհրաժեշտության բժշկական նշանակության ապրանքներ և սարքավորումներից զատ Հայաստանը ստացել է նաև ֆինանսական օժանդակություն Չինաստանից, Շվեյցարիայից, Լեհաստանից, Լիտվայից, Չեխիայից, Ճապոնիայից, Նիդեռլանդներից, Ռուսաստանի Դաշնությունից, Հնդկաստանից, Կորեայի Հանրապետությունից, Արաբական Միացյալ էմիրություններից, Սերբիայից, Բուլղարիայից, Ռումինիայից, Ֆրանսիայից, Իրանից, ինչպես նաև մի շարք միջազգային կազմակերպությունների կողմից, այդ թվում` ԱՀԿ, ԵՄ, ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագիր, ԱՄՆ ՄԶԳ, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ, Ասիական զարգացման բանկ, Համաշխարհային բանկ և այլն:
  8. Տեղեկությունների, գիտելիքների ու փորձի փոխանակում և համագործակցություն է իրականացվում հարևան երկրների՝ Վրաստանի ու Իրանի Իսլամական Հանրապետության, ինչպես նաև Ռուսատանի Դաշնության, ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Կորեայի, Շվեդիայի, Չինաստանի մեր գործընկերների ու դիվանագիտական օղակների, Գերմանիայի Ռոբերտ Կոխի ինստիտուտի ներկայացուցիչների հետ։ Պարբերաբար խորհրդակցություններ և տեսակոնֆերանսներ են կազմակերպվում ԵԱՏՄ, ԱՊՀ կառույցների, ԱՀԿ եվրոպական գրասենյակի և տարածաշրջանի անդամ երկրների առողջապահության նախարարությունների հետ։
  9. Առողջապահության ազգային ինստիտուտը և Բժշկական կամավոր միությունն ընդդեմ COVID-19-ի փոխգործակացության շրջանակներում ստեղծել են հարթակ բուժաշխատողների համար http://www.covidprotocols.am/, որտեղ ներկայացվել են հայերեն թարգմանությամբ կորոնավիրուսային հիվանդության վերաբերյալ միջազգային ուղեցույցներ:
  10. 2020 թվականի մայիս-հունիսին մշակվել և Գլոբալ հիմնադրամին է ներկայացվել նոր կորոնավիրուսային վարակին (COVID-19) արձագանքման դրամաշնորհի հայտ, որն ընդունվել է: Ֆինանսական միջոցների հաշվին ձեռք են բերվել թթվածնի կոնցենտրատորներ, պացիենտի մոնիտորներ, ուլտրամանուշակագույն ճառագայթման լամպեր, թթվածնի կայան` Թոքաբանության դեմ պայքարի ազգային կենտրոնի համար, շարժական ռենտգեն սարքեր` COVID-19-ի ախտորոշմամբ և բուժմամբ զբաղվող հաստատությունների համար, COVID-19-ի ՊՇՌ  լաբորատոր  ախտորոշում իրականացնող լաբորատորիաների` Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ռեֆերենս լաբորատրիայի, վերջինիս մարզային մասնաճյուղերի, Թոքաբանության ազգային կենտրոնի ռեֆերենս լաբորատորիայի, Արաբկիր ԲԿ-ի լաբորատորիայի համար լաբորատոր սարքեր և ծախսանյութեր, անձնական պաշտպանիչ պարագաներ, COVID-19-ի անտիգենային արագ ախտորոշման թեստեր: 2020 թվականին մեկնարկել և ներկայումս ընթացքի մեջ են Թոքաբանության ազգային կենտրոնում COVID-19-ի բուժման նոր ստեղծվող բաժանմունքի վերանորոգման աշխատանքները: Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 2021 թվականի առաջին եռամսյակում:

 

Ռազմական դրության ժամանակ կատարված աշխատանքներ

 

  1. Ամենօրյա ռեժիմով իրականացվել է մարզային և Երևանում գործող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններից ստացված տեղեկատվության հավաքագրման և ամփոփման աշխատանքներ` մարտական գործողությունների հետևանքով վիրավորված զինծառայողների և տուժած անձանց թվի, ինչպես նաև մահճակալային ֆոնդի զբաղվածության վերաբերյալ:
  2. 40 քաղաքացիական բժշկական կենտրոն ներգրավված է եղել պատերազմի հետևանքով վիրավորում ստացած տուժածների բուժման գործընթացում:
  3. Պատերազմի ընթացքում վիրավորում ստացած հազարավոր զինվորների (ընդհանուր վիրավորների 76%-ը) բժշկական օգնությունը տրամադրվել է առողջապահության նախարարության կողմից:
  4. Շուրջ 3000 բուժաշխատող ներգրավված է եղել պատերազմի հետևանքով տուժածների բժշկական օգնության և սպասարկման գործընթացում:
  5. Առողջապահության նախարարության կողմից ներդրված և գործարկված վիրավորների տարհանման ցամաքային և օդային համակարգերի արդյունավետության և օպերատիվության շնորհիվ (ընդհանուր տարհանված վիրավորների 80%-ից ավելին) հնարավոր է դարձել փրկել հազարավոր կյանքեր` հասցնելով վիրավորների մահացությունը 1.65%-ի:
  6. ԱՆ «Պրոֆ. Ռ.Օ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ-ի և մարզային արյան կայանների կողմից իրականացվել է մարտական գործողությունների հետևանքով վիրավորված զինծառայողների և տուժած անձանց արյան անխափան մատակարարում:
  7. Մարտական գործողություններին մասնակցած, այդ թվում` կամավոր սկզբունքով մեկնած անձանց բուժօգնությունն ու հիմնական դեղերի ցանկում առկա դեղերը տրամադրվում են անվճար: Դեղերը տրամադրվում են տեղամասային պոլիկլինիկաների կողմից: Կամավորների դեպքում` անձը պետք է իր տեղամասային պոլիկլինիկա ներկայացնի պահեստազորում հաշվառված զինապարտի զորակոչման վերաբերյալ տեղեկանք:
  8. Առողջության առնաջնային պահպանման օղակում և հիվանդանոցային կազմակերպություններում կազմակերպվել է Արցախից ժամանակավոր Հայաստան տեղափոխված քաղաքացիների բժշկական օգնությունը, այդ թվում` հեմոդիալիզի կարիք ունեցողների:
  9. Կազմակերպվել է Արցախից ժամանակավոր Հայաստան տեղափոխված քաղաքացիների ստոմատոլոգիական բժշկական օգնությունը:
  10. Մարտական գործողությունների ժամանակ այրվածքներ ստացած և բժշկական կազմակերպություն տեղափոխված անձանց բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպելու ընթացքում բուժաշխատողների անվտանգ աշխատանքն ապահովելու, մասնավորապես սպիտակ ֆոսֆորի թունավոր ազդեցությունից պաշտպանելու նպատակով իրականացվել է իրազեկում` բուժաշխատողներին անհրաժեշտ անհատական պաշտպանիչ միջոցներով ապահովելու համար:
  11. Բժշկական կազմակերպություններից հավաքագրվել և ամփոփվել է մարտական գործողությունների ժամանակ վիրավորված զինծառայողների վերաբերյալ ստացված տեղեկատվությունը, որոնց վնասվածքը կարող է հանգեցնել հաշմանդամության: Տեղեկատվությունը փոխանցվել է պատասխանատու գերատեսչություններին:
  12. Իրականացվել է վերականգնողական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների գույքագրում և ամփոփում: Արդյունքում` ռազմական գործողություններից տուժած զինծառայողների և ոչ զորահավաքային զորակոչով պատերազմի մասնակիցների (կամավորներ), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակիցների վերականգնողական բուժօգնությունն իրականացվում է պետական պատվերի շրջանակներում:
  13. Ռազմական դրության ժամանակ ճշգրտվել են Արցախի Հանրապետությունից ժամանած և ժամանակավոր կացարաններում տեղակայված քաղաքացիների տվյալները, ապաստան տրամադրած կազմակերպություններին (հյուրանոցներ, հանրակացարաններ) տրամադրվել է խորհրդատվություն՝ կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով իրականացվող միջոցառումների վերաբերյալ:
  14. Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեպքերի տարածումը կանխելու նպատակով Արցախի Հանրապետությունից ժամանակավոր Հայաստան տեղափոխված անձանց շրջանում կատարվել են համաճարակաբանական հետազոտություններ և կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) նկատմամբ լաբորատոր հետազոտություններ, իրականացվել են համապատասխան հակահամաճարակային միջոցառումներ: Կորոնավիրուսային հիվանդության լաբորատոր դրական արդյունքով անձանց, ժամանակավոր կացության վայրում ինքնամեկուսացման անհնարինության դեպքում, տեղափոխել են հատուկ կարանտինային վայրեր:
  15. Կազմվել է կամավորական` ավագ և միջին բուժաշխատողների, կլինիկական օրդինատորների և ուսանողների տեղեկատվական բազա` թվով 1516 բուժաշխատող (ավագ բուժաշխատող` 1003, միջին բուժաշխատող` 332, կրտսեր բուժաշխատող` 181):
  16. Կատարվել է համապատասխան բժիշկ մասնագետների և բուժքույրների/բուժակների հավաքագրում, բժշկական խմբերի կազմավորում, այդ թվում` ռեանիմացիոն, որոնք մեկնել են Արցախի և Սյունիքի մարզի ԲԿ–ներ` վիրավոր զինծառայողներին տեղափոխելու նպատակով: Օրական նվազագույն քանակը կազմել է 12, առավելագույնը` 22 բրիգադ:
  17. Ստեղծվել է վիրահատարանի բլոկի բուժքույրերի և անեսթեզիստների վերապատրաստում անցնելու պատրաստակամություն հայտնած բուժքույրերի տեղեկատվական բազա: Կազմակերպվել է թվով 11 բուժքույրերի վերապատրաստման դասընթացներ:
  18. Արցախի և թիկունքային բոլոր հոսպիտալները համալրվել են «կյանք փրկող» բուժսարքավորումներով, ինչպիսիք են` անզգայացման սարքերը, թթվածնի արհեստական շնչառության, էլեկտրադանակները, վիրաբուժական պարագաները, ռենտգեն սարքերը և այլն։ Մասնավորապես, շուրջ 80 անուն 2000 հատ բուժսարքավորումներ/պարագաներ են տրամադրվել զինավորներին բուժօգնություն ցուցաբերող հաստատություններին:
  19. Համակարգվել են ռազմական դրության ժամանակ որպես մարդասիրական օգնություն ստացվող դեղերի և բժշկական նշանակության ապրանքների պահանջարկի որոշման, ստացման, տեղափոխման աշխատանքները:
  20. Կազմակերպվել են որպես մարդասիրական օգնություն ստացվող դեղերի և բժշկական նշանակության ապրանքների ստացման, մաքսազերծման, գույքագրման, հաշվառման և ՀՀ և Արցախի բժշկական կենտրոններին, ինչպես նաև Արցախի առողջապահության նախարարությանը տրամադրման աշխատանքները:
  21. Առողջապահության նախարարությունը ձեռք է բերել դատագենետիկական նույնականացման հետազոտությունների ևս մեկ հոսքագիծ, որը հնարավորություն կտա ավելի արագ կազմակերպելու զոհված զինվորների ԴՆԹ հետազոտությունները:
  22. Դեկտեմբերի 31-ի դրությամբ` դատագենետիկական հետազոտության արդյունքում նույնականացվել են 427 մարմին:
  23. Առողջապահության ազգային ինստիտուտը Հայկական բժշկական միջազգային կոմիտեի հետ համատեղ կազմակերպել է «Ժամանակակից ռազմական վնասվածք. տեսակավորումից մինչև բուժում», «Պերիֆերիկ նյարդերի էխոանատոմիան և նեյրոպաթիաները», «Բաց որովայնով հիվանդների կառավարման լավագույն փորձը», «Ճգնաժամային առաջնորդություն և զանգվածային զոհերի խնամք», «Աորտայի (REBOA) վերակենդանացման էնդովասկուլյար օդապարիկի խցանման դերը ռազմական վնասվածքաբանության մեջ» և այլ թեմաներով վեբինարներ, որոնց ընդհանուր առմամբ մասնակցել են մի քանի հարյուր բուժաշխատողներ:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել