• Latest news

Բուժծառայությունների համար ԱԱՀ ներդնում. Հայաստանում ի՞նչ խնդիրներ կարող է սա առաջացնել

20 հունվարի, 2021  14:24

2020 թվականի դեկտեմբերի 30-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում ստորագրեց, որի հավելվածով նախատեսվում է բժշկական ծառայությունների համար ԱԱՀ-ի գոյություն ունեցող արտոնությունների չեղարկում: Նման որոշման նպատակ է նշվում պետական բյուջե հարկային մուտքերի համալրումը:

Մասնագետներից շատերը, սակայն, պնդում են, որ բժշկական ծառայությունների ԱԱՀ-ով հարկումը հազիվ թե լուծի պետական բյուջեն համալրելու խնդիրը, փոխարենը բազմաթիվ նոր խնդիրներ կստեղծի:

Բուժծառայությունների մատչելիություն

Հանրային առողջապահության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանը կարծում է, որ բուժծառայությունների համար ԱԱՀ ներդնումը կբարձրացնի դրանց արժեքը, ինչը, բնականաբար, երկրի բնակիչների մեծամասնության համար դրանք պակաս մատչելի կդարձնի:

Մասնագետի խոսքով՝ 2019 թվականի տվյալներով Հայաստանի քաղաքների բնակիչների 26 տոկոսը եւ գյուղերի բնակիչների 32 տոկոսը աղքատության մեջ է ապրում: Շատերը խնդիրներ ունենալիս բժշկի չեն դիմում ուղղակի այն պատճառով, որ դա իրենց թույլ տալ չեն կարող: Ավելին՝ երկրի բնակչության 71 տոկոսը չի կարող իրեն թույլ տալ 45 հազար դրամ եւ ավելի չափով չնախատեսված ծախսեր:

Եթե երկրում բուժծառայությունների արժեքը 20 տոկոսով աճի, ապա, մասնագետի խոսքով, դա կհանգեցնի այն բանին, որ ավելի քիչ թվով մարդիկ կսկսեն բժշկի դիմել, ինչն իր հերթին կմեծացնի հիվանդացության եւ մահացության ցուցանիշները, այդ թվում՝ քրոնիկական ոչ ինֆեկցիոն հիվանդությունների, որոնք այսօր երկրում առաջին տեղում են:

Այս ամենը հազիվ թե դրական անդրադառնա երկրի տնտեսական իրավիճակի վրա, քանի որ ուղիղ կապ կա բնակչության առողջության եւ տնտեսական աճի միջեւ:

Պետպատվերով բուժօգնության ընդլայնում

Վարչապետի որոշման մեջ որպես բուժծառայությունների համար գոյություն ունեցող ԱԱՀ արտոնությունների չեղարկման փաստարկ նշվում է, որ դա հնարավորություն կտա մեծացնել այն մարդկանց թիվը, որոնք բուժօգնություն են ստանում պետպատվերի շրջանակում:

Պետական ֆինանսական կառավարման մասնագետ Արտակ Քյուրումյանը կարծում է, որ բուժծառայությունների համար ԱԱՀ ներդնումը իրականում հազիվ թե օգնի մեծացնել մարդկանց թիվը, որոնց հասանելի կլինի պետպատվերով բուժօգնությունը (հավանաբար, կլինի ֆինանսավորման ոչ մեծ աճ, բայց պետպատվերով ծառայությունների ընդլայնման վրա այն մեծ ազդեցություն չի ունենա, քանի որ միջոցների մի մասը պետական բյուջե կվերադառնա հարկերի ձեւով): Փոխարենը, ինչպես վերեւում նշվեց, մեծ հարված կհասցվի փոքր եկամուտներ ունեցող մարդկանց, որոնք հիմա էլ միջոցներ չունենալու պատճառով չեն կարող օգտվել բուժծառայություններից, իսկ ապագայում իրավիճակն ավելի վատթար կլինի:

Ներդրումներ

Առողջապահության ֆինանսավորման փորձագետ Սամվել Խարազյանի կարծիքով՝ առողջապահության համակարգի հարկման ներդնումը կհանգեցնի նաեւ ներդրումների խնդիրների:

Նրա խոսքով՝ այսօր Հայաստանում կա զարգացած մասնավոր առողջապահական համակարգ, որտեղ ներդրումներ են արվում, գնվում է թանկարժեք սարքավորում, ժամանակակից տեխնոլոգիաներ են ներդնում: ԱԱՀ ներդնումը, անկախ դրա չափից, բացասաբար կանդրադառնա այս ոլորտում ներդրումների վրա, քանի որ կմեծանա այդ ներդրումների վերադարձվելիության ժամանակահատվածը: Դա կհանգեցնի այս ոլորտում լրջագույն ռեգրեսի, կարծում է մասնագետը:

Հարեւան երկրներ

Երբ Հայաստանում որոշ բուժծառայությունների արժեքը, օրինակ՝ կորոնար արտերիաների ստենտավորման արժեքը զգալիորեն տարբերվում էր Վրաստանում նույն ծառայությունների արժեքից, շատ քաղաքացիներ մեկնում էին այնտեղ այդ միջամտությունը կատարելու: Շատերը նաեւ Վրաստանից դեղեր էին բերում, որոնք այստեղ, այդ թվում՝ նույն ԱԱՀ պատճառով ավելի թանկ արժեն:

Սամվել Խարազյանը մտավախություն ունի, որ եթե Հայաստանում բուժծառայությունների արժեքը աճի, դա կհանգեցնի նրան, որ է՛լ ավելի շատ մարդիկ կսկսեն բուժման համար կրկին գնալ Վրաստան եւ այլ երկրներ: Այս խնդիրը հատկապես արդիական կլինի թանկարժեք միջամտությունների դեպքում, որոնց արժեքի 20 տոկոսով բարձրացումը սաստիկ զգալի կլինի: Այս ամենը չափազանց բացասաբար կանդրադառնա Հայաստանի առողջապահության համակարգի վրա:

Քթի պլաստիկա

Որոշ պաշտոնյաներ առաջարկում են ԱԱՀ հարկել ոչ բոլոր բուժծառայություններից, այլ միայն նրանցից, որոնք կապված չեն անմիջականորեն մարդու առողջության պահպանման եւ նրա կյանքի փրկության հետ, օրինակ՝ քթի եւ շրթունքների պլաստիկ վիրահատությունները:

Սակայն պլաստիկ վիրահատությունները եւ այլ միջամտությունները, որոնք կյանքի փրկության համար անհրաժեշտ չեն, երկրում մատուցվող բոլոր բուժծառայությունների ցանկում միայն ոչ մեծ տոկոս են կազմում: Եվ, մասնագետների խոսքով,  այս դեպքում հարկումը հազիվ թե օգնի լուծել պետական բյուջեի համալրման որեւէ խնդիր:

Ավելին՝ չարժե մոռանալ, որ նույն քթի պլաստիկան Հայաստան է ներգրավում այլ երկրներից շատ պացիենտների. մեր պլաստիկ վիրաբույժները շատ փորձառու են այս հարցում, եւ քանի որ վիրահատության արժեքն այստեղ ավելի մատչելի է, քան շատ այլ երկրներում, մեծ թվով «բժշկական զբոսաշրջիկներ» Հայաստան են գալիս, որ հենց այստեղ վիրահատվեն: Եթե այդ գներն աճեն, երկիրը կսկսի այլ երկրներից շատ ավելի քիչ մարդկանց գրավել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է