• Latest news

Հայ բժիշկը դարձել է հեղինակավոր Leukemia ամսագրում հրապարակված հետազոտության համահեղինակը

27 հունվարի, 2021  17:09

Հայաստանից արյունաբան Երվանդ Հակոբյանը դարձել է հեղինակավոր Leukemia գիտական ամսագրում հրապարակված հետազոտության համահեղինակը: Հետազոտությունը նվիրված է քրոնիկական լիմֆոլեյկոզով պացիենտների մոտ COVID-19 կորոնավիրուսային ինֆեկցիայի ընթացքին:

Բժիշկ Հակոբյանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում հայտնեց, որ «Քրոնիկական լիմֆոլեյկոզով պացիենտների մոտ COVID-19-ի ընթացքի ծանրությունը եւ դրա հետեւանքով մահացությունը» («COVID-19 severity and mortality in patients with chronic lymphocytic leukemia: a joint study by ERIC, the European Research Initiative on CLL, and CLL Campus») կոչվող հետազոտությունն անցկացվել է 2020 թվականի մարտից մայիս, երբ կորոնավիրուսային վարակը դեռ նոր էր թափ հավաքում, եւ դրա ընթացքի վերաբերյալ շատ հարցեր դեռեւս հայտնի չէին ո՛չ մասնագետներին, ո՛չ առավել եւս հանրությանը:

«Այս հետազոտությունը առաջին փորձերից մեկն էր՝ հասկանալու, թե ինչպիսի ընթացք ունի COVID-19-ը արյան ուռուցքային հիվանդություններ ունեցող անձաց մոտ, մասնավորապես քրոնիկական լիմֆոլեյկոզով (ՔԼԼ) հիվանդների մոտ, ովքեր ունեն արտահայտված իմունային անբավարարություն, - նշեց մասնագետը: - Պացիենտների այս խմբի մոտ հիվանդության ընթացքի առանձնահատկությունները հասկանալը մեզ հնարավորություն կտար մշակել այս հիվանդների վարման ավելի արդյունավետ մարտավարություն: Շատ կարեւոր էր նաեւ պարզել այն ախտանշանները, որոնք կօգնեին կանխատեսել ՔԼԼ-ով հիվանդների մոտ COVID-19-ի ընթացքը, եւ թե ինչ ելքեր կարելի է սպասել»:

Մասնագետի խոսքով՝ սա խոշոր հետազոտություն է, որին մասնակցել են աշխարհի մեծ թվով տարբեր երկրների բժշկական կենտրոններ:

«Ես հանդիսանում եմ ՔԼԼ Եվրոպական հետազոտական նախաձեռնության (ERIC՝ European Research Initiative on CLL) անդամ. հենց այս կազմակերպությունն է հետազոտման նախաձեռնողը եւ իրականացնողը: Երբ ինձ առաջարկեցին հետազոտության մեջ ընդգրկել նաեւ Հայաստանի ՔԼԼ հիվանդների տվյալները, ես սիրով համաձայվեցի», - ասաց Երվանդ Հակոբյանը:

Արյունաբանը նշեց, որ արյան ուռուցքային հիվանդություններ ունեցող անձինք առավել խոցելի խումբ են COVID-19 համավարակի պայմաններում, եւ թե՛ իրենց՝ պացիենտների, թե՛ նրանց հարազատների, թե՛ բուժաշխատողների կողմից անվտանգության կանոնների պահպանումը տառացիորեն կարող է կյանքեր փրկել: Իսկ եթե նման հիվանդությամբ պացիենտն արդեն վարակվել է կորոնավիրուսով, չափազանց կարեւոր է նրա բուժումը կազմակերպելիս ճշգրիտ հետեւել տվյալ պահին գործող ուղեցույցներին եւ գործելակարգերին, որոնք դինամիկ փոխվում են եւ լրացվում:

Մասնագետի խոսքով՝ Հայկական արյունաբանական ասոցիացիան փորձում է առկա միջազգային ուղեցույցները դինամիկ թարգմանել նաեւ հայերեն, եւ թարգմանությունները հասանելի են ասոցիացիայի ֆեյսբուքյան էջում:

Հետազոտությանը կարելի է ծանոթանալ այս հղումով՝

https://www.nature.com/articles/s41375-020-0959-x

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել