Նյու Յորքի համալսարանի գիտնականները նանոմասնիկներ են ներկայացրել, որոնց միջոցով ինսուլինը կարելի է պիտանի դարձնել նաեւ խմելու համար:
Այդ մասնիկներն արդեն հաջողությամբ փորձարկել են կրծողների վրա, եւ դրանք թույլ են տվել շաքարի մակարդակը նվազեցնել բավականին արագ՝ առանց ինսուլինի գերչափաքանակի վտանգի:
Նանոմասնիկները պատրաստված են մետաղաօրգանական հենքով (ՄՕՀ). պոլիմերներ, որոնք կառուցվածքով նման են մեղրախորշերին եւ աչքի են ընկնում մեծ ծակոտկենությամբ ու ամրությամբ: Դրանց բաղադրության մեջ կան մետաղների իոններ եւ տարբեր օրգանական միացություններ:
ՄՕՀ-երի տարածված տեսակներից մեկի կառուցվածքն այնպես են փոփոխել, որ նանոմասնիկները ստամոքսի մեջ չլուծվեն՝ միաժամանակ աղիների պատերի միջով թափանցելով միանգամից արյան մեջ: Յուրաքանչյուր մասնիկում շերտերով տեղադրված են ՄՕՀ եւ ինսուլին: Արյան մեջ հայտնվելով՝ մասնիկներն աստիճանաբար լուծվում են գլյուկոզայի եւ այլ շաքարների հետ օրգանական բաղադրիչների փոխազդեցության հաշվին: Արյան մեջ որքան շատ գլյուկոզա կա, այնքան մասնիկից շատ է ինսուլին ազատվում:
Հետազոտությունները ցույց են տվել, որ մասնիկները կարգավորել են արյան մեջ շաքարի մակարդակը եւ ավելի քան 10 ժամ կրծողներին պաշտպանել են շաքարի մակարդակի կտրուկ բարձրացումից: Գիտնականները նախատեսում են առաջիկայում փորձեր անցկացնել կապիկների վրա, որից հետո՝ փորձարկումներ մարդկանց մասնակցությամբ: Մշակողները հույս ունեն, որ այդ մասնիկները կդառնան անվտանգ այլընտրանք ինսուլինի ներարկումներին:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր