• Latest news

«Պատվաստանյութային տուրիզմ». օտարերկրացիները Հայաստանում պատվաստվելու են միայն շրջիկ կետերում (տեսանյութ)

9 հուլիսի, 2021  18:07

Երեւանի պոլիկլինիկաներում վաղուց նման հերթեր չեն եղել, հատկապես այն սենյակների մոտ, որտեղ կորոնավիրուսի դեմ պատվաստում է իրականացվում: Դրանք հիմնականում օտարերկրացիների հերթեր են, մինչդեռ Հայաստանի քաղաքացիները, որպես կանոն, լավագույն դեպքում ընդամենը մի քանի հոգի են:

Հայաստանի առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, որ այսուհետ բոլոր օտարերկրացիները պատվաստվելու են միայն շրջիկ կետերում, մինչդեռ պոլիկլինիկաները սպասարկելու են միայն Հայաստանի քաղաքացիներին: Սակայն «Հերացի» պոլիկլինիկայում այդ մասին դեռ չեն լսել եւ, ըստ աշխատակիցների, համապատասխան հրաման չեն ստացել: Եվ ահա, այսօր ամբողջ օրվա ընթացքում այստեղ հիմնականում պատվաստվել են օտարերկրացիներ, որոնց մեջ մեծ տոկոս են կազմում հարեւան Իրանի բնակիչները: Նրանց թվում էր, օրինակ, Իրանի քաղաքացի Ռեզա Ֆուրուտանը, որը ստացել է AstraZeneca պատվաստանյութը NEWS.am-ի հետ զրույցից 30 րոպե առաջ:

Ըստ ականատեսների՝ վերջին մի քանի օրերի ընթացքում Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել ցանկացող իրանցիների թիվը կտրուկ մեծացել է: Պատվաստումների սենյակների մոտ ՀՀ քաղաքացիները ստիպված են ժամեր շարունակ սպասել հերթերում:

Սեւակ Քեշիշյանը նույնպես հույս ուներ այսօր պատվաստանյութ ստանալ, սակայն մինչ հերթում սպասում էր, նկատել է, որ որոշ մարդիկ վճարում են եւ պատվաստվում առանց հերթի: Նրա խոսքով՝ «Հերացի» պոլիկլինիկայից մեկը ներկայացել է որպես թարգմանիչ, սակայն գումար է հավաքել քաղաքացիներից՝ գործընթացն արագացնելու ու նրանց երկար չսպասեցնելու համար:

Պոլիկլինիկայի աշխատակիցները, իհարկե, հերքում են այս ամենը:

ՀՀ քաղաքացի Արգին Կարախանյանը նույնպես բողոքում է. ըստ նրա՝ պատվաստումների հերթերում սովորաբար երկու-երեք հայ է լինում եւ շատ օտարերկրացիներ, եւ ձեր հերթին սպասելու համար ահռելի ժամանակ է պահանջվում:

Այդ հերթերը ստեղծում են խնդիրներ նաեւ այն քաղաքացիների համար, ովքեր գալիս են պոլիկլինիկա այլ գործերով։ Ավելին, փակ տարածքում գոյացող հերթերում ստեղծվում է վարակիչ հիվանդությունների, այդ թվում այդ նույն կորոնավիրուսային վարակի տարածման ռիսկ։

Այս բոլոր խնդիրներից խուսափելու համար էլ ընդունվել է օտարերկրացիներին միայն շրջիկ կլինիկաներում պատվաստելու որոշումը։

Բայց այստեղ էլ ամեն բան հարթ չէ։ Այստեղ եւս մեծ հերթեր են գոյանում։

Հյուսիսային պողոտայի շրջիկ կետում այսօր ժամը 12-16-ը կորոնավիրուսի դեմ արդեն պատվաստվել է Իրանի մոտ 80 քաղաքացի։ Նրանց մեծ մասը Հայաստան է եկել հատուկ այն բանի համար, որպեսզի պատվաստվի։ Նրանց թվում է, օրինակ, Ահմադե Քեյման Քուռնիկինը։ Նրա խոսքով՝ Իրանում ստիպված էր լինելու մոտ 5 ամիս սպասել պատվաստվելուն, իսկ այստեղ հաշված ժամերի ընթացքում կարելի է ստանալ դեղամիջոցը։

Քանի որ Հայաստանում պատվաստում ստանալը հիմա այնքան պոպուլյար է Իրանում, այնտեղ անգամ սկսել են առաջարկել հատուկ «պատվաստանյութային» զբոսաշրջային փաթեթներ, որոնք իրանցիներին առաջարկում են ոչ միայն պարզապես հանգստանալ, այլեւ անվճար պատվաստվել կորոնավիրուսի դեմ։

Երեկ, ինչպես կառավարության նիստում ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը, Հայաստանում պատվաստել են 5416 մարդու։ Կորոնավիրուսի դեմ 97 711 պատվաստանյութ ձեռք է բերվել երկրի պետբյուջեից, եւ բոլոր ցանկացողներին պատվաստանյութը տրամադրվում է անվճար, սակայն հայտնի չէ, թե քանի չափաբաժին պատվաստանյութ են ստացել Հայաստանի քաղաքացիները, եւ քանիսը՝ օտարերկրացիները։ Առողջապահության նախարարությունում այս հարցերին պատասխանում են... խուսափողաբար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է