• Latest news

COVID-19-ով հոսպիտալացված երեխաների 4 տոկոսի մոտ նյարդաբանական հիվանդություններ են զարգանում. հետազոտություն

20 հուլիսի, 2021  14:35

Համարվում է, որ երեխաները ավելի հեշտ են տանում կորոնավիրուսային վարակը, քան մեծահասակները, սակայն COVID-19-ով հոսպիտալացված երեխաների 4 տոկոսի մոտ նյարդաբանական հիվանդություններ են զարգացնում: Այս մասին զգուշացրել են Մեծ Բրիտանիայի գիտնականները:  

Medportal.ru-ի փոխանցմամբ՝ գիտնականները վերլուծել են COVID-19-ով հոսպիտալացված մինչեւ 18 տարեկան ավելի քան 1.300 երեխաների տվյալներ: Դուրս գրվելուց հետո նրանցից 52-ի մոտ զարգացել են նյարդաբանական եւ հոգեկան հիվանդություններ: Մասնագետների գնահատականներով՝ միջինում նման խանգարումներ ի հայտ են գալիս կորոնավիրուսային վարակի պատճառով հոսպիտալացում անցած 100 երեխաներից 3.8-ի մոտ՝ առավել հաճախ սեւամորթների եւ ասիացիների մոտ (հիվանդների 69 տոկոսը):

Հետազոտության բոլոր մասնակիցները բաժանվել են երկու խմբի. առաջինում ընդգրկված են եղել առաջնային նյարդաբանական խանգարումով երեխաներ, որոնք կապված են COVID-19-ի հետ, երկրորդում ընդգրկված են եղել բազմահամակարգային բորբոքային համախտանիշով հիվանդներ (MIS-C)՝ նյարդաբանական դրսեւորումներով, ինչը խոչընդոտում է արյան հոսքը դեպի սիրտ: Այն երեխաների մոտ առաջանում է կորոնավիրուսով վարակվելուց մի քանի շաբաթ անց:

Առաջին խմբում ընդգրկված է եղել 27 երեխա, եւ ամենից հաճախ նրանք ունեցել են դեմեյելինացնող հիվանդություններ, որոնց ժամանակ վնասվում է նեյրոնների միելինային թաղանթը եւ խանգարվում է ազդակների փոխանցումը վնասված նյարդերով, ծանր էնցեֆալոպաթիա, Գիլեն-Բարեի համախտանիշ, խորեա (շարժողական խանգարում), փսիխոզ եւ անցողիկ իշեմիկ նոպա:

Երկրորդ խմբի բազմահամակարգային բորբոքային համախտանիշով 25 երեխաների մոտ ախտորոշվել է էնցեֆալոպաթիա, վարքի փոփոխություն, հալյուցինացիաներ եւ ծայրամասային ու կենտրոնական նյարդային համակարգի նշաններ:

Հետազոտության հեղինակները նշել են, որ, MIS-C ունեցող հիվանդների համեմատ, առաջին խմբի երեխաների մոտ գրանցվել են ավելի շատ նեյրոիմունային խանգարումներ: Սակայն բազմահամակարգային բորբոքային համախտանիշով հիվանդները ավելի հաճախ էին վերակենդանացման բաժանմունքում հայտնվում: Հիվանդանոցից դուրս գրվելիս տարբեր բարդությունների պատճառով առաջին խմբի երեխաների 33 տոկոսը ունեցել է հաշմանդամություն, MIS-C ունեցող հիվանդների շրջանում` 28 տոկոսը, մեկ այլ երեխա մահացել է ինսուլտի հետեւանքով:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է