• Latest news

Հայաստանում արդեն 25 տարի էլեկտրոկարդիոխթանիչները տեղադրվում են ներերակային ճանապարհով

22 հուլիսի, 2021  15:40

Սրտաբանության ինստիտուտի Ինտերվենցիոն սրտաբանության բաժանմունքի ղեկավար Աշոտ Հովհաննեսյանի հիշողությունից չի ջնջվում ուղիղ 25 տարի առաջ Հայաստանում ներերակային ճանապարհով առաջին էլեկտրոկարդիոխթանիչը տեղադրելու վիրահատությունը:

«Նոր էի վերադարձել ԱՄՆ-ից, որտեղ գնացել էի ուսուցման: Պացիենտը 60-ի մոտ կին էր, ազգությամբ ռուս, ընդունվել էր մեր մոտ ինտենսիվ հսկողության բաժանմունք, պուլսը մոտ 22-24 էր: Շատ լավ եմ հիշում, որովհետեւ բավական դժվար էր ընդանում վիրահատությունը առաջին անգամ, դժվարություններ ունեի, դժբախտաբար չունեի ավագ ընկերներ, որոնք կարող էին ինձ օգնել, առաջինն էի, ես էի մենակ, դրա հետ էին կապված դժվարությունները: Վիրահատությունը, ճիշտ է, տեւեց մի քիչ երկար, բայց ամեն ինչ բարեխաջող էր: Էնքանով բարեհաջող էր, որ տեղադրումից 10 տարի հետո փոխարինել ենք էդ կնոջ սարքը», - պատմեց մասնագետը NEWS.am Medicine-ի հետ զրույցում:

Էլեկտրոկարդիոխթանիչը բժշկական սարք է, որը տեղադրվում է պացիենտի մաշկի տակ, հատուկ էլեկտրոդներով միանում է սրտին եւ օգնում է կառավարել սրտի ռիթմը, եթե պացիենտի սիրտը բավականաչափ արագ չի բաբախում, կամ եթե առկա է նախասրտերի եւ փորոքների աշխատանքի էլեկտրոֆիզիոլոգիական աններդաշնակություն: Երկու խնդիրներն էլ անտեսվելու դեպքում կարող են պացիենտի կյանքի համար վտանգ ներկայացնել:

«Էդ հիվանդները սկզբից ունենում են գլխապտույտ, հետո լինում են ուշագնացություններ, ուշագնացության ընթացքում մարդը կարող է ընկնի, գլուխը հարվածի սեղանին, տարբեր սուր ծայրերին, կարող է ավտովթարի ենթարկվի: Բայց բացի դրանից, սրտի դանդաղ աշխատանքների ժամանակ, երբ որ լինում են երկար պաուզաներ (մենք մինչեւ 8 վայրկյան սրտի կանգ ենք տեսել), էդ ընթացքում կարող են առաջանալ վտանգավոր սրտի ռիթմեր, որոնք բերեն մահվան: Դրա համար անհրաժեշտ է էդ սարքերի տեղադրումը», - պատմեց մասնագետը:

Էլեկտրոկարդիոխթանիչի ներերակային տեղադրման ամենաառաջին վիրահատությունը, մասնագետի խոսքով, տեւեց մոտ 3 ժամ: Այսօր նման վիրահատությունները կատարվում են ընդամենը 30-40 րոպեում, ամենաբարդ դեպքերում՝ մինչեւ 1 ժամում ու կատարվում է առանց ընդհանուր անզգայացման՝ միայն տեղային ցավազրկմամբ:

Վիրահատության տեւողության կրճատումը, իհարկե, 25 տարիների ընթացքում միակ փոփոխությունը չի: Փոխվել են նաեւ բուն էլեկտրոկարդիոխթանիչները. Եթե նախկինում դրանք բավական մեծ սարքեր էին ու մոտ 200 գրամ էին կշռում, ապա այսօր կան 30-գրամանոց սարքեր, որոնք առաջին սարքերից մոտ 2-3 անգամ ավելի փոքր են:

Տարիների ընթացքում կատարեկագործվել են նաեւ գործիքները, որոնք մասնագետները կիրառում են վիրահատության ժամանակ, ինչը վիրահատությունն ավելի հեշտ եւ անվտանգ է դարձրել:

«Այս տարիների ընթացքում բավականին հեշտացել է, որովհետեւ էն գործիքները, որ օգտագործում էինք 25 տարի առաջ երակով անցնելու համար, շատ վատն էին, մեծ դժվարություններ էին առաջացնում համ մեր, համ պացիենտի համար, նույնիսկ վտանգավոր էին երբեմն: Երբ փոխվեցին գործիքները, փոխվեցին էլեկտրոդների դիամետրները, փոխվեցին ծայրիկները...» - ասաց ինտերվենցիոն սրտաբանը:

Մասնագետի խոսքով՝ ինտերվենցիոն սրտաբանության ոլորտում այս 25 տարիների ընթացքում նաեւ մի շարք այլ նորություններ են ներմուծվել: Մասնավորապես, Հայաստանում սկսել են տեղադրել կարդիովերտեր-դեֆիբրիլյատորներ, որոնք ոչ միայն կառավարում են սրտի ռիթմը, այլ կարող են փրկել պացիենտի կյանքը որոշ առիթմիաների դեպքում առաջացող սրտի հանկարծակի կանգի դեպքում:

«Նախորդ սերնդի սարքերը միայն ռիթմն էին կարգավորում, չէին թույլ տալիս, որ սիրտը աշխատի 60-70-ից դանդաղ, իսկ էս կարդիովերտեր դեֆիբռրիյատորները արդեն ուղղված են մարդու կյանքը փրկելու համար», - բացատրեց մասնագետը:

Ի դեպ, հենց նման սարք է տեղադրվել դանիացի հանրահայտ ֆուտբոլիստ Քրիստիան Էրիկսենին այն բանից հետո, երբ  նա ուշաթափվեց Euro-2020-ի Ֆինլյանդիայի դեմ խաղի ժամանակ:

Սրտաբանության ԳՀԻ-ի հուլիսի 7-ին նաեւ նշեցին Հայաստանում առաջին անգամ ռեսինխրոնիզացիոն կարդիոխթանիչի տեղադրման 10 տարին: Այս սարքերը ցուցված են սրտային անբավարարությամբ պացիենտների համար:

«Հատուկ ռեսինխրոնիզացիոն թերապիա է, արդեն երեք էլեկտրոդով սարք է, էսօր այսպիսի բավական փոքրիկ սարքեր են, որոնք տեղադրվում են ենթանրակային շրջանում, էլեկտրոդները գնում են սիրտ, խթանում են միաժամանակ ձախ եւ աջ փորոքները եւ նախասրտերը: Առաջին հիվանդի մոտ շատ լավ էֆեկտ եղավ. Այդ հիվանդի սիրտը, եթե շատ կոպիտ ասեմ, 14 տոկոսով էր կծկվում: Վիրահատությունից 3 ամիս հետո 14-ը դառել էր 41: Դա համարյա նորմա է», - պատմեց Աշոտ Հովհաննեսյանը:

Այդ հիվանդը մինչ օրս իրեն լավ է զգում: Վերջերս նրա սարքը փոխարինեցին ավելի նորի, իսկ հուլիսի 7-ին նա եկավ ԲԿ՝ իրեն վիրահատած մասնագետներին շնորհակալություն հայտնելու համար:

10 տարի առաջ Հայաստանում սկսել են նաեւ կատարել սրտի առիթմիաների բուժման մեկ այլ վիրահատություն՝ ռադիոհաճախային աբլյացիա: Մասնագետի խոսքով՝ այդ վիրահատությունները, իհարկե, կարելի էր եւ ավելի շուտ սկսել անել, սակայն դրանց համար անհրաժեշտ սարքավորումը շատ թանկարժեք էր, եւ պետական հիվանդանոցը դրանք չէր կարող ձեռք բերել: Դանիացի եւ գերմանացի մասնագետները նվիրաբերեցին հայ կոլեգաներին անհրաժեշտ սարքավորումները, որից հետո մի քանի տարվա ընթացքում գալիս էին Հայաստան, օգնում էին, փորձով կիսվում:

Մասնագետի խոսքով, տարատեսակ էլեկտրոկարդիոխթանիչների կարիք է ունենում տարեկան մոտ 1000-1500 մարդ՝ 1 մլն բնակչության հաշվով: Հայաստանում նման պացիենտների թիվը պետք է որ մոտ 2500 լինի, բայց տարեկան այստեղ ընդամենը մոտ 500 սարք է տեղադրվում:

Սոցփաթեթի շահառուները, զինծառայողները, քաղծառայողները եւ որոշ այլ խմբերի մարդիկ այս վիրահատությունը պետպատվերով են ստանում, սակայն բոլոր այլ մարդիկ ստիպված են վճարել դրա համար, ընդ որում ոչ փոքր գումար, որի մեծ մասը գնում է հենց թանկարժեք սարքը ձեռք բերելու վրա:

Ինչպես նշեց մասնագետը, սարքերի արժեքները տարբեր են, կախված սարքից՝ մոտ 1 մլն 400 հազարից մինչեւ 4 մլն 600 հազար: Տարիների ընթացքում մասնագետներին հաջողվել է իջեցնել սարքերի գները՝ արտադրողների հետ բանակցությունների արդյունքում:

Աշոտ Հովհաննեսյաննի խոսքով, Հայաստանում բժշկության եւ մասնավորապես ինտերվենցիոն սրտաբանության ոլորտի զարգացման համար կարեւոր դեր կարող է խաղալ կառավարությունը: Սակայն այսօր այս ոլորտը չի ստանում այն ուշադրությունը, որին արժանի է:

Ավելին, ինչպես եւ շատ այլ ոլորտներում, այս ոլորտում էլ խնդիր կա նաեւ վիրաբուժական գործիքների հետ. Բազմաթիվ վիրաբույժներ Հայաստանում ստիպված են ինքնուրույն գնել աշխատանքի համար անհրաժեշտ գործիքները, քանի որ ոչ հիվանդանոցները, ոչ էլ պետությունը այդ հարցում նրանց չի աջակցում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։