• Latest news

Որո՞նք են հաստ աղու լապարոսկոպիկ վիրահատությունների առավելությունները․ ամերիկացի վիրաբույժը կկիսվի իր փորձով Հայաստանում

31 հուլիսի, 2021  13:03

Զարգացած երկրներում հաստ աղիի վիրահատությունները գերադասում են կատարել լապարոսկոպիկ, այլ ոչ թե բաց եղանակով։ Հայաստանում նման վիրահատություններ այսօր նույնպես կատարում են, բայց ավելի հազվադեպ, քան, օրինակ, ԱՄՆ-ում։ Ավանդական բաց վիրահատությունների համեմատ լապարոսկոպիկ մեթոդի գլխավոր առավելությունների մասին NEWS.am Medicine-ի թղթակցին պատմել է վիրաբույժ Ջենարո ԼաԲելան (ԱՄՆ)։

Լապարոսկոպիկ վիրահատությունները պացիենտները սովորաբար ավելի լավ են տանում։ Մասնագետի խոսքով՝ շատ հետազոտություններ հաստատել են, որ արյան կորուստը լապարոսկոպիկ վիրահատությունների ժամանակ ավելի քիչ է լինում, աղեստամոքսային տրակտի գործունեությունն ավելի արագ է վերականգնվում, եւ պացիենտները ավելի շուտ են վերադառնում տուն։ Բացի այդ, լապարոսկոպիկ վիրահատություններից հետո պացիենտների համար ավելի քիչ ցավազրկող դեղեր են պահանջվում, այդ թվում՝ թմրամիջոցներ պարունակող։ Այդ ամենը դրական է ազդում ոչ միայն պացիենտի վիճակի, այլեւ հետվիրահատական խնամքի հետ կապված ծախսերի վրա։

Լապարոսկոպիան այսօր ակտիվորեն կիրառվում է հաստ աղիի ամենատարբեր վիրահատությունների ժամանակ, այդ թվում՝ ուռուցքային նորագոյացությունները հեռացնելիս։ Շատերը մտահոգվում են, թե կարող է արդյոք վիրաբույժը նման վիրահատության ընթացքում չնկատել ինչ-որ մի բան եւ լրիվ չհեռացնել ուռուցքը։ Ջենարո ԼաԲելայի խոսքով՝ այդ մտահոգությունները սովորաբար անհիմն են, չէ՞ որ ժամանակակից լապարոսկոպիկ սարքավորումը ներառում է մեծ հնարավորություններ ունեցող տեսախցիկներ, որոնց օգնությամբ վիրաբույժը հիանալի տեսնում է վիրահատական հատվածը։

«Մենք կարող ենք խցիկները տեղադրել դժվարհասանելի տեղերում, որպեսզի կարողանանք դրանք ավելի մոտիկից տեսնել։ Իսկ ինչ վերաբերում է ռոբոտացված վիրաբուժությանը, Davinci պլատֆորմի տեսախցիկների համակարգերը նույնպես խոշորացման և խորության եռաչափ ընկալման հնարավորություն ունեն»,- ասել է մասնագետը։

Ջենարո ԼաԲելան այս տարվա օգոստոսի վերջին կայցելի Հայաստան։ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում հայ գործընկերոջ՝ Ավետիք Պետրոսյանի հետ օգոստոսի 23-26-ը նա կատարելու է հաստ աղիի չարորակ ուռուցքների մի շարք լապարոսկոպիկ վիրահատություններ։ Այդ բոլոր վիրահատությունները լինելու են անվճար պացիենտների համար, քանի որ Հայաստանում ներկայում գործում է պետպատվեր չարորակ նորագոյացությունների վիրահատական բուժման համար։

Օգոստոսի 27-ին ԼաԲելան վարպետության դաս կանցկացնի հայ ուռուցքաբանների համար։ Մասնագետի այցը Հայաստան կազմակերպել է «Մեդունի» բարեգործական ընկերությունը։ Պացիենտների գրանցումը կտեւի մինչեւ օգոստոսի 13-ը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։