• Latest news

Արդյո՞ք լապարոսկոպիայի զարգացման մակարդակը կախված է երկրի զարգացման մակարդակից եւ եկամուտներից

6 օգոստոսի, 2021  19:23

Զարգացած երկրներում ամեն տարի ավելի ու ավելի շատ լապարոսկոպիկ վիրահատություններ են կատարվում. Նման վիրահատություններից հետո հիվանդները շատ ավելի արագ են վերականգնվում, քան սովորական բաց վիրահատություններից հետո, եւ դրանք ունեն բազմաթիվ այլ առավելություններ:

Ինչու՞ են նման վիրահատություններն ավելի քիչ զարգացող երկրներում: Արդյո՞ք լապարոսկոպիայի զարգացումը կախված է երկրի զարգացման մակարդակից եւ եկամուտներից:

Վիրաբույժ Ջենարո Լաբելան (ԱՄՆ) NEWS.am Medicine-ին տված հարցազրույցում նշել է, որ լապարոսկոպիկ վիրաբուժության ներդրումը սարքավորումների գնում է պահանջում, այդ թվում՝ հատուկ տեսախցիկի: Այնուամենայնիվ, սարքավորումները ձեռք բերելուց հետո դրանք կարող են օգտագործվել տարբեր վիրաբույժների կողմից՝ տարբեր վիրահատություններ կատարելու համար. ոչ միայն՝ աղիքների վիրահատությունների, որոնցում մասնագիտացած է դոկտոր Լաբելան, այլեւ՝ հիստերէկտոմիայի, ճողվածքի վերականգնման եւ հաճախակի կատարվող այլ միջամտությունների համար:

«Չնայած նահանգներում մենք միանգամյա օգտագործման մի շարք սարքավորումներ ունենք, բայց լապարոսկոպիկ վիրաբուժության մեջ օգտագործվող գործիքներից եւ պորտերից շատերը կարող են հարյուրավոր անգամներ վերաօգտագործվել ստերիլիզացման շնորհիվ: Լապարոսկոպիկ գործիքները, որոնք ես օգտագործում եմ ամեն օր, հարյուրավոր անգամ ստերիլիզացվել են, եւ ես դրանք օգտագործում եմ տարիներ շարունակ: Երբ ես առաջին անգամ սկսում էի իմ պրակտիկան, մեր օգտագործած պորտերն ամբողջովին մետաղական էին՝ ամեն վիրահատությունից հետո դրանք ստերիլիզացվում էին եւ տարիներ շարունակ օգտագործվում: Պլաստիկ մեկանգամյա պորտերը, իհարկե, հարմար են, բայց մեծ հաշվով դրանք շքեղություն են եւ գործնականում չեն ազդում բուն վիրահատության վրա»,- ասել է մասնագետը:

Նա հավելել է, որ ամբողջ աշխարհում լապարոսկոպիկ վիրաբուժության տարածմանը զուգահեռ մասնագիտացված սարքավորումների արտադրողների թիվն աճում է, իսկ մրցակցությունը զգալիորեն նվազեցնում է ծախսերը: Կա նաեւ օգտագործված լապարոսկոպիկ սարքավորումների շուկա, որոնք, իհարկե, շատ ավելի էժան է, քան նոր սարքավորումները:

Ստացվում է, որ լապարոսկոպիկ վիրաբուժության ներդրումը հսկայական ծախսեր եւ մշտական ​​ներդրումներ չի պահանջում, եւ շատ հիվանդանոցներ, հատկապես՝ խոշորները, կարող են իրենց թույլ տալ սարքավորումներ գնել: Սակայն, իհարկե, կա մասնագետներ պատրաստելու խնդիր, ովքեր պետք է կատարեն այդ վիրահատությունները. նրանք պետք է կամ մեկնեն արտերկիր եւ սովորեն գործընկերներից, կամ սովորեն իրենց երկիր ժամանած օտարերկրյա մասնագետներից:

Մի կողմից, այս ամենը կապված է լրացուցիչ ծախսերի հետ, մյուս կողմից՝ աշխարհում կան բազմաթիվ բժիշկներ, ովքեր պատրաստ են բարեգործության շրջանակներում օգնել զարգացող երկրների գործընկերներին, նրանց վերապատրաստել եւ նպաստել բժշկության զարգացմանն իրենց երկրներում:

Հիշեցնենք, որ Ջենարո Լաբելան նախատեսում է Հայաստան գալ այս տարվա օգոստոսի 23-ին: Ուռուցքաբանության ազգային կենտրոնում, իր հայ գործընկեր Ավետիք Պետրոսյանի հետ միասին, նա հաստ աղիքի չարորակ նորագոյացությունների հեռացման մի շարք լապարոսկոպիկ վիրահատություններ կկատարի: Այդ բոլոր վիրահատությունները հիվանդների համար կլինեն անվճար, քանի որ ներկայումս Հայաստանում չարորակ ուռուցքների հեռացման վիրահատությունների համար պետպատվեր է գործում:

Օգոստոսի 27-ին Լաբելան վարպետության դաս կանցկացնի հայ ուռուցքաբանների համար:

Մասնագետի այցը Հայաստան կազմակերպել է «Մեդունի» բարեգործական ընկերության կողմից: Հիվանդների գրանցումը մինչեւ օգոստոսի 13-ն է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է