• Latest news

Տղաները պետք է իմանան, որ միայնակ չեն. Ֆրեզնոյի բարեգործական բժշկական առաքելությունն այս տարի կենտրոնացած է վիրավոր զինվորների բուժման վրա

29 սեպտեմբերի, 2021  11:59

Այս տարի Ֆրեզնոյից բարեգործական բժշկական առաքելության շրջանակներում Հայաստան ժամանած մասնագետները կենտրոնացան են 44-օրյա պատերազմի ընթացքում վիրավորված զինվորների բուժման եւ վերականգնման վրա:

Ֆրեզնոյում Հայաստանի պատվո հյուպատոս Պերճ Ապգարյանը, որի նախաձեռնությամբ ի սկզբանե հավաքվել էր Ֆրեզնոյի բժշկական առաքելությունը, NEWS.am Medicine-ի հետ զրույցում պատմեց, որ այս տարի, ինչպես եւ նախորդ տարիներին, 40 բժիշկներից բաղկացած խումբը նախատեսում է 2 շաբաթ անցկացնել Հայաստանում: Այդ բժիշկները որոշեցին մեկնել բարեգործական ուղեւորության՝ չնայած աշխարհում դեռ մոլեգնող կորոնավիրուսային համավարակին: Ավելին, այս տարի առաքելությանը միացել են բժիշկներ այլ քաղաքներից, այդ թվում` Կենտուկիից, Դետրոյտից, Չիկագոյից, Լոս Անջելեսից:

Ինչպես եւ նախորդ տարիներին, առաքելության կազմում կան ոչ միայն հայազգի բժիշկներ, այլ նաեւ այլ ազգությունների մարդիկ, ովքեր ընդհանրապես կապ չունեն Հայաստանի հետ: Նրանցից ոմանք առաջին անգամ են եկել, մյուսները՝ յուրաքանչյուր տարի: Պերճ Ապգարյանի խոսքով՝ այդ բժիշկները կապվում են Հայաստանին ու հայերին, նրանք իրենց հոգին են ներդնում տեղացի մասնագետների պատրաստման եւ տեղացի հիվանդների բուժման մեջ:

Այս տարի առաքելություն իրականացնող բժիշկներից շատերը ֆիզիոթերապեւտներ են: Այս 2 շաբաթվա ընթացքում նրանք վիրավոր տղաների բուժման և վերականգնման հարցերում կօգնեն «Զինվորի տանը», այնպես էլ Գյումրիում, Վանաձորում, Արմավիրում եւ այլ քաղաքներում, ինչպես նաեւ կփոխանցեն իրենց փորձը տեղացի մասնագետներին, կբարձրացնեն նրանց որակավորումը:
Բժիշկների խմբում է նաեւ աշխարհահռչակ բժիշկ Ռեյմոնդ Բաթսը, ով դասավանդում է Միացյալ Նահանգների լավագույն բժշկական դպրոցներում: Այստեղ՝ Հայաստանում, նա իր գիտելիքներն ու փորձն է կիսում տեղի մասնագետների հետ:

«Մենք ցանկանում ենք հույս տալ վիրավորներին: Տղաները պետք է իմանան, որ միայնակ չեն: Սփյուռքը կանգնած է մեր Հայրենիքի կողքին, եւ մենք ոչինչ չենք խնայի այս երեխաների համար, մենք անում ենք հնարավոր ամեն ինչ՝ նրանց եւ մեր Հայրենիքի համար»,- ասել է Պերճ Ապգարյանը:

Այս տարվա առաքելությունը մեկնարկեց սեպտեմբերի 27-ին: Բժիշկ Վաչե Վասիլյանը, ով ներգրավված է առաքելության շրջանակներում կազմակերպչական աշխատանքներում, NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասել է, որ ամսաթիվը՝ Արցախում 44-օրյա պատերազմի մեկնարկի առաջին տարելիցը, պատահական չէ ընտրված: Նույն օրը մեկնարկած բարեգործական առաքելությունը ցույց կտա, որ համընդհանուր ջանքերով կարելի է հաղթահարել ցավը եւ մարդկանց հույս տալ:

Առաքելության շրջանակներում Հայաստան է ժամանել նաեւ մանկաբույժ Կարինե Լեփեջյանը (ԱՄՆ): Նա չի զբաղվի զինվորներով, սակայն, ըստ նրա, ամեն տարի շատ են լինում փոքրի հիվանդներ ու հարցեր եւս շատ են լինում, եւ այս տարին բացառություն չէ: Երբ տեղի բժիշկները բախվում են հազվագյուտ դեպքերի, նրանք խորհրդակցում են բժիշկ Լեփեջյանի եւ նրա գործընկերների հետ, եւ նրանք միասին կարողանում են գտնել լավագույն լուծումները փոքրիկ հիվանդների համար:

Այս համագործակցությունը շատ կարևոր է նաեւ ծնողների համար. երբ նրանք հասկանում են, որ այստեղ՝ Հայաստանում, իրենց երեխաներին տրվում է նույն բուժումը, ինչ ԱՄՆ-ում, նրանք իրենց ավելի վստահ են զգում եւ ավելի ուշադիր են հետեւում բժիշկների ցուցումներին:
Այս տարի դոկտոր Լեփեջյանն իր հետ բերել է իր մասնագիտական ​​գրականությունը, որը կնվիրի անգլերեն կարդող տեղի բժիշկներին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել