• Latest news

Ի՞նչն է խոչընդոտում Հայաստանում կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարին

15 հոկտեմբերի, 2021  16:26

Պատվաստումները կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցն են, սակայն այն մեթոդները, որոնցով իշխանությունները փորձում են հարկադրել մարդկանց պատվաստվել, որեւէ արդյունավետություն չեն ունենալու: Նման կարծիք արտահայտեց ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանը «Դեպի բռնապետություն․ Հետընթաց իրավունքներից» պանելային քննարկման ժամանակ:

Նրա խոսքով, քանի դեռ չկա մթնոլորտը, որում քաղաքացին կվստահի կառավարությունը եւ առաջարկվող լուծումներին, որքան էլ իշխանությունները հարկադրանք կիրառեն, որեւէ արդյունք չի լինելու:

Ինչպես նշեց Էլինար Վարդանյանը, ամբողջ աշխարհում կան մարդիկ, ովքեր թերահավատորեն են մոտենում պատվաստման, եւ իշխանությունը պետք է կարողանա խոսել մարդկանց հետ, խոսել առանց արհամարհանքի եւ «մուննաթի», որպեսզի իշխանության հանդեպ անվստահությունը երկրում ավելի չխորանա:

«Հանրության հետ համավարակի հարցում պետք է գտնել հաղորդակցության ճիշտ ճանապարհներ, այդ պաշտոնական հաղորդագրություններից եւ այլն պետք է, բնականաբար, դուրս գալ», - նշեց նա:

Էլինար Վարդանյանի խոսքով, Հայաստանում համավարակի դեմ պայքարին խանգարում է նաեւ այն, որ երկրում ժամանակ առ ժամանակ այս կամ այն պատվաստանյութի դեֆիցիտ է լինում, եւ քաղաքացիները, ստանալով առաջին դեղաչափը, երկրորդը ստանալու հետ խնդիրներ են ունենում:

«Խանգարում է նաեւ այն, որ չկան բոլոր հնարավոր պատվաստանյութերը, որոնցով մարդիկ կցանկանային պատվաստվել, իսկ մարդը պետք է ընտրության հնարավորություն ունենա, եւ ոչ թե, ինչպես ասում էր առողջապահության նախարարը, նույնիսկ եթե միայն մեկ պատվաստանյութ ունենայինք, դա բավարար կլիներ պատվաստում իրականացնելու համար», - ասաց Էլինար Վարդանյանը:

Նա ավելացրեց, որ հարակի դեմ պայքարը միայն պատվաստանյութերը չեն. սակայն մարդիկ Հայաստանում հակահամաճարակային կանոններին չեն հետեւում:

«Բավարար է երեկոյան ուշադրություն դարձնել, թե ինչ վիճակում է գտնվում տրանսպորտը: Այն իշխանությունը, որ իշխանության գալուց հետո ցուցադրաբար մետրոյով կամ ավտոբուսով էր գնում աշխատանքի, լավ կլինի այսօր էլ նույն տրանսպորտով փորձի գնալ աշխատանքի եւ տեսնի, թե արդյոք այդ տրանսպորտում խցկված պայմաններում իսկապես հնարավոր է պայքարել համավարակի դեմ, որովհետեւ դա ըստ էության վարակի տարածման ամենաթեժ վայրն է»:

Էլինար Վարդանյանի կարծիքով, ամենակարեւոր գործոնը, որը չի նպաստում համավարակի դեմ պայքարին, վստահության պակասը կամ բացակայությունն է իշխանության նկատմամբ: Իշխանությունը հայտարարում է, որ ունի 680 000 ընտրող, բայց այդ քաղաքացիների մեծամասնությունը դեմ է պատվաստմանը կամ պատրաստ չէ պատվաստվել:

«Պատվաստման գործընթացի տապալումը նշանակում է, որ մարդիկ պարզապես չեն վստահում այս իշխանությանը: Պատերազմի ընթացքում ստի ու կորստների աննորմալ ծավալը չէր կարող չբերել սրան; Իսկ սպառնալիքներով եւ ուժային մեթոդներով տեխնիկապես գուցե թվերը հնարավոր է մեծացնել, բայց վստահության պակասը կամ կորուստը հնարավոր չի լինելու վերադարձնել», - ասաց Էլինար Վարդանյանը:

Պատգամավորի խոսքով, կորոնավիրուսի թեստերի նկատմամբ Հայաստանում եւս վստահության պակաս կա: Երբ պարզվեց, որ չպատվաստված քաղաքացիները պետք է հաճախ թեստավորվեն, թեստերի գները կտրուկ ընկան, իսկ մարդիկ հասկացան, որ երկու տարի իր հաշվին ստացել են ահռելի շահույթ. փաստորեն, այս ողջ ընթացքում 15-20 000 դրամի փոխարեն  թեստավորումը կարելի էր 5000-7000-ի սահմաններում կատարել:

Առաջին դեմքերի պատվաստման հարցում քննարկվող նախագիծը, պատգամավորի խոսքով, եւս խտրական մոտեցում ունի. Նախագահը, վարչապետը, պատգամավորները պարտավոր չեն պատվաստվել: Ասում են, իբր նրանց մեծ մասն արդեն պատվաստված է, բայց եթե դա այդպես է, Էլինար Վարդանյանի խոսքով, ճիշտ կլիներ հանրությանը ցույց տալ դրա ապացույցները:

Ավելին, իշխանության երկակի մոտեցումները համավարակի վտանգների հարցին մարդկանց եւս վստահություն չի ներշնչում:

«Իշխանությունները խոսում են համավարակի լուրջ վտանգի մասին, խոսում են, թե ինչքան կարեւոր է պատվաստումը, բայց երբ հարցը հասնում է մասսայական միջոցառումներին, այդ թվում, սեպտեմբերի 21-ը նշելուն, ապա իշխանությունները ընդհանրապես մոռանում են համավարակի վտանգի մասին: Այսպիսի հակասական մեսսիջների պատճառով, որքան էլ որ կառավարությունում դիմակներով նիստեր անցկացնեն, բայց հետո մեծ հանրահավաքներ անեն, քաղացիների մոտ զգոնության այդ զգացմունքը չի լինելու», - ասաց Էլինար Վարդանյանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։