• Latest news

Կրծքի ռեկոնստրուկցիա պացիենտի հյուսվածքների օգտագործմամբ․ Այն ամենն, ինչ կցանկանայիք իմանալ այս վիրահատության մասին

15 դեկտեմբերի, 2021  18:01

Քաղցկեղային ուռուցքի պատճառով կորցրած կուրծքը հնարավոր է վերականգնել ոչ միայն իմպլանտի միջոցով, այլեւ հենց պացիենտի մարմնից վերցված հյուսվածքների օգնությամբ։ Նման վիրահատությունն ունի մի շարք առավելություններ, որոնց մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց Հելսինկիի համալսարանի համալսարանական հիվանդանոցի (Ֆինլանդիա) պրոֆեսոր Սինիկկա Սուոմինենը։

Հայաստան կատարած այցի ընթացքում պրոֆեսորն ու նրա գործընկերները հայ մասնագետների հետ համատեղ 5 բավական բարդ վիրահատություն են կատարել Վ.Ա. Ֆանարջյանի անվ․ ուռուցքաբանության ազգային կենտրոնում։ 

Առավելությունները

Պացիենտի հյուսվածքների ինքնապատվաստման միջոցով կրծքի ռեկոնստրուկցիան, ինչպես նշեց պրոֆեսոր Սուոմինենը, ունի մի շարք առավելություններ իմպլանտների տեղադրման նկատմամբ: Առաջին հերթին, արդյունքն ավելի բնական է ստացվում, իսկ հետագայում կուրծքն իրեն «պահում է» ճիշտ այնպես, ինչպես բնականը․ այն կնիհարի կամ կգիրանա պացիենտի հետ միասին։

Երկրորդ հերթին, կրկնակի վիրահատությունների կարիք չի լինի։ Իմպլանտը պետք է փոխել 5-10 տարին մեկ, իսկ սեփական հյուսվածքների միջոցով ռեկոնստրուկցիան արվում է միայն մեկ անգամ։ Այստեղից բխում է երրորդ առավելությունը․ քանի որ կրկնակի վիրահատություններ չեն պահանջվում, նման վիրահատությունները երկարաժամկետ հեռանկարում ավելի ձեռնտու են ֆինանսական տեսանկյունից։

«Իմպլանտի տեղադրման առաջին վիրահատությունը սովորաբար ավելի հեշտ եւ էժան է, քան հյուսվածքի ինքնապատվաստմամբ վիրահատությունը։ Սակայն 20 տարվա ընթացքում իմպլանտը պետք է մի քանի անգամ փոխել, իսկ հյուսվածքների ինքնապատվաստումը կրկնելու կարիք չի լինի։ Հետեւաբար, ստացվում է, որ երկարաժամկետ հեռանկարում նման վիրահատությունն ավելի էժան է։ Բացի այդ, եթե պացիենտին վիրահատում են միայն մեկ անգամ, նա միայն մեկ անգամ է հիվանդանոցային պայմաններում վերականգնվում։ իսկ իմպլանտով պացիենտները ստիպված են այդ ամենի միջով անցնել մի քանի անգամ»,-պարզաբանեց մասնագետը։

Բարդությունները 

Իհարկե, նման վիրահատությունները, ինչպես ցանկացած այլ վիրահատություն, առանց բարդությունների չեն անցնում։

Իմպլանտներ տեղադրելիս կա հավանականություն, որ 3-4 ամիս անց օրգանիզմը կսկսի մերժել իմպլանտը, եւ այն ստիպված կլինեն հեռացնել։ Մասնագետի խոսքով՝ եթե իմպլանտը տեղադրվի կրծքի հեռացումից անմիջապես հետո, ապա մերժման ռիսկը գրեթե 15% է։ Այստեղ դեր կարող է խաղալ նաեւ ռադիոթերապիան, եթե պացիենտը ստանա այն։ Իսկ եթե ​​իմպլանտը բավական երկար ժամանակ անց տեղադրվի բուժումից հետո, մերժման ռիսկը կկրճատվի մինչեւ գրեթե 5%:

Ինքնապատվաստման դեպքում մերժում , բառացիորեն, չի կարող լինել, սակայն կա մարմնի փոխպատվաստված հատվածը կորցնելու ռիսկ թրոմբների պատճառով, որոնք կարող են ձեւավորվել պացիենտի անոթնեում։

Հետաքրքիր է, որ նման խնդիրների առաջացման վտանգը 1%-ից պակաս է, եթե փոխպատվաստման համար հյուսվածքը վերցվում է հիվանդի մեջքից: Եթե ​​հյուսվածքը վերցվում է որովայնից կամ ազդրի ներսի հատվածից, մոտ 10% վտանգ կա, որ վիրահատությունից հետո առաջին 3 օրվա ընթացքում փոխպատվաստված հատվածում կարող է թրոմբ առաջանալ, եւ պացիենտը պետք է նորից վիրահատվի՝ թրոմբը հեռացնելու համար։

Ինչպես նշեց մասնագետը, միջազգային փորձը ցույց է տալիս, որ փոխպատվաստված հյուսվածքների կորստի ռիսկը ինքնապատվաստման ժամանակ կազմում է մոտ 2-3%: Այսինքն՝ այս ռիսկն ավելի ցածր է, քան իմպլանտը կորցնելու ռիսկը։ Սակայն պացիենտը կարող է կորցնել իմպլանտը վիրահատությունից ամիսներ անց, իսկ սեփական հյուսվածքների փոխպատվաստման դեպքում խնդիրը կարող է առաջանալ հենց առաջին օրերին։ Եվ չնայած նրան, որ ռիսկը մեծ չէ, պացիենտներին, ինչպես նշեց մասնագետը, այդ ամենի մասին պետք է հայտնել եւ բացատրել։

Դժվար եւ երկար

Հյուսվածքի ինքնապատվաստման վիրահատությունը սովորաբար ավելի դժվար եւ ժամանակատար է, քան սովորական իմպլանտի տեղադրումը: Նման վիրահատությունները կատարվում են մասնագետների առնվազն երկու թիմերի կողմից. մեկ թիմն առանձնանցում է հյուսվածքը փոխպատվաստման համար, երկրորդը պատրաստում է տեղը փոխպատվաստման համար: Երբ ամեն ինչ պատրաստ է, երկու թիմերը փոխվում են տեղերով։

Եթե ​​վիրահատությունը կատարվում է միաժամանակ պացիենտի երկու կրծքի վրա, ապա կպահանջվի մասնագետների երեք թիմ։

Նման վիրահատությունները բարդացնում եւ երկարացնում է այն, որ հաճախ, եթե խոսքը կրծքագեղձի քաղցկեղով պացիենտի մասին է, կատարվում է ոչ թե մեկ, այլ միանգամից մի քանի վիրահատություն. օրինակ՝ հանվում է քաղցկեղային ուռուցքը, ավշային հանգույցները հետազոտվում են մետաստազավորում հայտնաբերելու համար, բոլորը անառողջ հյուսվածքները հեռացվում են, որից հետո կատարվում է կրծքի ռեկոնստրուկցիա։

Ինչպես նշեց պրոֆեսորը, որովայնի հյուսվածքի փոխպատվաստմամբ կրծքի ռեկոնստրուկցիայի միջին տեւողությունը կազմում է մոտ 6-8 ժամ։ Որքան խոշոր են պացիենտի չափերը եւ կուրծքը, վիրահատությունը որպես կանոն ավելի երկար է տեւում:

Հայաստանում իրականացվող վիրահատություններն ավելի երկար են տեւում, քանի որ տեղացի մասնագետները դեռ նոր են սովորում նոր տեխնիկան։

4-րդ չափն առավելագույնն է 

Ինչպես նշեց մասնագետը, իմպլանտը տեսականորեն կարող է լինել ցանկացած չափսի, սակայն պացիենտնի հյուսվածքների օգտագործմամբ կրծքի ռեկոնստրուկցիայի ժամանակ անհնար է մեծ կուրծք ստանալ։ 4-րդ չափն առավելագույնն է, որը կարելի է ստանալ այս տեխնիկայով։

Եթե ​​պացիենտի երկրորդ կուրծքն ավելի մեծ է, մասնագետները կարող են ռեդուկցիա կատարել՝ փոքրացնել երկրորդ կուրծքը՝ ցանկալի համաչափության հասնելու համար:

Որտեղի՞ց վերցնել հյուսվածքներ

Կրծքի ռեկոնսրտուկցիայի համար հյուսվածքներ կարելի է վերցնել պացիենտի մարմնի տարբեր մասերից։ Ինչպես նշեց մասնագետը, բժիշկները դրա համար հաշվի են առնում պացիենտի կենսակերպը, հոբիները, կառուցվածքը, առողջական վիճակը, հյուսվածքների անոթավորումը, տարիքը, երկրորդ կրծքի չափը եւ շատ այլ գործոններ։ Այնուհետեւ նրանք նայում են, թե որտեղից կարելի է վերցնել հյուսվածք՝ ճիշտ չափի կուրծքը վերականգնելու համար: Մասնագետները նաեւ հաշվի են առնում, թե կոնկրետ որտեղ կլինեն սպիները, ինչպես դրանք կազդեն պացիենտի կենսակերպի եւ կյանքի որակի վրա։

Փոքր կուրծք ունեցող կանանց համար հյուսվածքը հաճախ վերցվում է մեջքից, մյուսների համար ավելի հարմար կլինի որովայնի ստորին հատվածը կամ ազդրը:

Ընտրություն

Ինչպես նշեց պրոֆեսոր Սուոմինենը, լավ է, երբ երկրում հասանելի են կրծքի ռեկոնստրուկցիայի մի քանի մեթոդներ:

«Բոլոր կանայք տարբեր են, յուրաքանչյուրն ունի տարբեր կուրծք, եւ պետք է հասանելիություն ունենալ տարբեր մեթոդների նկատմամբ: Մենք չենք կարող օգտագործել միեւնույն մեթոդը բոլորի համար, այստեղ կարեւոր է անհատական ​​մոտեցումը, պետք է հաշվի առնել պացիենտի կառուցվածքը եւ շատ այլ գործոններ եւ ընտրել լավագույնը տարբերակը նրանց համար։ Իմպլանտը կարող է հարմար լինել ինչ-որ մեկին, ինչ-որ մեկին էլ՝ ինքնապատվաստումը։ Եթե ​​կան շատ մեթոդներ, ապա դրանք պետք է քննարկել պացիենտի հետ եւ ընտրել այն, ինչն ամենից շատ հարմար կլինի նրան»,-ասաց մասնագետը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել