• Latest news

Ինչպե՞ս կանխել թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության զարգացումը

28 դեկտեմբերի, 2021  21:40

Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը (ԹՔՕՀ) տարածված, կանխարգելելի և բուժման ենթարկվող հիվանդություն է: Այն ընթանում է աստիճանաբար զարգացող անդարձելի կամ մասամբ դարձելի բրոնխային օբստրուկցիայով (շնչուղիների նեղացմամբ):

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով` աշխարհում ԹՔՕՀ-ից բնակչության մահացությունը զբաղեցնում է 3-րդ տեղը:

Նշենք, որ 2019 թվականին ամբողջ աշխարհում ԹՔՕՀ-ից մահացել է շուրջ 3,23 մլն մարդ. մահերի ավելի քան 80%-ը` ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում:

ԹՔՕ հիվանդությունը դրսևորվում է կայուն և պրոգրեսիվող ախտանիշների զարգացումով, ինչպիսիք են` հևոցը, դժվարաշնչությունը, հազը` հաճախ խորխարտադրությամբ, արտաշնչման փուլի երկարացումը, սուլող շնչառությունը, հոգնածության զգացողությունը: Որպես բարդություն` հնարավոր է շնչառական և աջ փորոքային սրտային անբավարարության զարգացումը:

ԹՔՕ հիվանդության զարգացման ռիսկի գործոններն են.

  • ծխախոտի օգտագործումը` ակտիվ և պասիվ ծխելը (ԹՔՕՀ դեպքերի շուրջ 80-90%-ը պայմանավորված է ծխախոտի օգտագործմամբ),
  • օդի աղտոտվածությունը, ընդ որում, ինչպես արտաքին (մթնոլորտային օդում փոշու կոնցենտրացիայի բարձրացում, մասնագիտական աղտոտումներ` ածխարդյունաբերությունը, ոսկու արդյունաբերություն կամ սիլիցիումի և ապակեպլաստի փոշիների ազդեցություն), այնպես էլ ներտնային (փայտի կամ աթարի այրում` որպես ջեռուցման հիմնական աղբյուր),
  • ժառանգական նախատրամադրվածությունը` ալֆա-1-անտիտրիպսինի անբավարարություն (ներկայումս լավ հետազոտված ժառանգական պաթոլոգիա, որը բերում է ԹՔՕՀ-ի առաջացման), այլ ժառանգական գործոնների դերը դեռ ուսումնասիրվում է,
  • մանկական տարիքում զարգացող բրոնխիալ ասթման,
  • երեխայի զարգացման առանձնահատկությունները` ներարգանդային զարգացման խանգարումներ, մանկական տարիքում ծանր շնչառական ինֆեկցիաներ,

Հիշեցնենք, որ ԹՔՕՀ ունեցող անձինք կարող են ձեռնարկել մի շարք քայլեր առողջական վիճակի բարելավման և հիվանդության առաջընթացը կանխելու նպատակով, մասնավորապես`

  • ծխելը դադարեցնելը,
  • կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը,
  • շնչական վարակների դեմ պատվաստումների իրականացումը (գրիպ, կորոնավիրուս):

Հարկ է նշել, որ ԹՔՕՀ մշտադիտարկման, վաղ ախտորոշման և բուժման վերահսկման արդյունավետ միջոց է համարվում սպիրոմետրիան: Այն թոքերի ֆունկցիոնալ հետազոտման ամենատարածված ու արդյունավետ թեստերից է, բնորոշվում է բարձր զգայունությամբ, ոչ միջամտական բնույթով և պարզությամբ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է