• Latest news

Առողջության համապարփակ ապահովագրության վճարները կարող են լինել աշխատավարձի մոտ 3 տոկոսի չափով. փոխնախարար

18 հունվարի, 2022  14:10

Ըստ նախնական հաշվարկների՝ Առողջության համապարփակ ապահովագրության վճարները կարող են լինել աշխատավարձի 3 տոկոսի չափով: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը:  

Նրա խոսքով, ապահովագրավճարների չափի հաշվարկներն արվել են՝ հիմնվելով այժմ քննարկվող բուժծառայությունների փաթեթի վրա: Սակայն եթե փաթեթը ընդլայնելու որոշում կայացվի, ապահովագրավճարների չափը եւս կաճի, եւ ընդհակառակը, ավելի սահմանափակ ծառայություններ ներառող փաթեթի համար ավելի փոքր չափով վճարներ կպահանջվեն:

Ինչպես նշեց փոխնախարարը, Առողջության համապարփակ ապահովագրության համար պետք է վճարի թե գործատուն եւ թե աշխատողը՝ աշխատավարձի մոտ 3-ական տոկոսի չափով:

Ապահովագրությամբ առաջարկվող ծառայությունների փաթեթը մշակելու համար մասնագետները ուսումնասիրել են հիվանդացության տվյալները՝ պարզելու համար, թե ինչպիսի խնդիրներով են քաղաքացիներն ամենից հաճախ հիվանդանոց դիմում: Ձեւավորված փաթեթը, Նանուշյանի խոսքով, 90-95 տոկոսով փակում է ամենատարածված ծառայությունների սպեկտրը:

Ինչպես նշեց Լենա Նանուշյանը, այժմ քննարկվող փաթեթը ներառում է ստոմատոլոգիական որոշ ծառայություններ (սակայն ոչ թանկարժեք միջամտություններ, որոնց թվին է պատկանում, օրինակ, իմպլանտների տեղադրումը), բազմաթիվ վիրահատական ծառայություններ՝ բացառությամբ նորագույն տեխնոլոգիաների կիրառում պահանջողները, որոնցից շատերը Հայաստանում հասանելի էլ չեն: Փոխպատվաստման ծառայություններ ցանկում եւս ներառված են, ինչպես նաեւ սիրտ-անոթային հիվանդությունների թերապեւտիկ եւ վիրահատական բուժում: Քրոնիկ հիվանդությունների բուժման մեջ կիրառվող որոշ դեղեր եւս կտրամադրվեն ապահովագրությամբ:

Ինչ վերաբերվում է օնկոլոգիական հիվանդություններին, դրանց որոշ մասը պետությունը արդեն իր վրա է վերցրել: Քիմիաթերապիան պետպատվերից դուրս էր մնացել, սակայն ապահովագրությունը դա որոշ չափով կծածկի:

«Հաշվարկել ենք, թե միջինում ինչքան է ծախսվում մեկ հիվանդի վրա, այդ միջին հաշվարկը ներառել ենք փաթեթի մեջ», - նշեց փոխնախարարը:

Նրա խոսքով, շատերը գումար չունենալու պատճառով հետաձգում են բժշկի գնալը: Նրանց հիվանդությունը այդ ընթացքում ավելի է խորանում, եւ մասնագետների մոտ նրանք հայտնվում են արդեն բավական ծանր վիճակում: Ապահովագրության ներդնումը, փոխնախարարի խոսքով, կօգնի կանխել նման խնդիրները, քանի որ մարդիկ կսկսեն ժամանակին բժշկի դիմել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել