• Latest news

Լավ է ուշ քան երբե՞ք․ Հայաստանում հանում են COVID-19-ի հետ կապված սահմանափակումները, որոնցից շատ երկրներ վաղուց հրաժարվել են

28 ապրիլի, 2022  17:42

Մայիսի 1-ից Հայաստան մուտք գործելիս մարդիկ այլեւս կարիք չեն ունենա կորոնավիրուսի բացասական ՊՇՌ թեստ կամ պատվաստման վկայական ներկայացնել։ Կառավարության նիստում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նաեւ ասաց, որ շատ շուտով այլեւս անհրաժեշտ չի լինի աշխատանքի վայրում եւս թեստեր ու տեղեկանքներ ներկայացնել, իսկ դպրոցներում եւ մանկապարտեզներում միջոցառումների ժամանակ այլեւս անհրաժեշտ չի լինի պահպանել մեկուկես մետր սոցիալական հեռավորություն։

Սահմանափակումները կամ դրանց բացակայությունն աշխարհում

Կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումների մեծ մասը Հայաստանում հանվում է վերջին շաբաթների ընթացքում հիվանդացության նվազման արդյունքում։ Աշխարհի երկրների մեծ մասում, սակայն, սահմանափակումներից սկսել են հրաժարվել մի քանի ամիս առաջ, երբ հիվանդացությունը դեռ բավական բարձր էր՝ փորձագետները սկսել են հասկանալ, որ սահմանափակումները, նույնիսկ եթե մարդիկ կարգապահորեն պահպանում էին դրանք, այնքան էլ չէին ազդում վարակի տարածման վրա, ցավալի հարված էին հասցնում տնտեսությանը եւ մեծ անհարմարություններ պատճառում մարդկանց։

Մեծ Բրիտանիայում, օրինակ, դեռ հունվարին չեղարկվել էր հանրային վայրեր այցելելիս պատվաստումների էլեկտրոնային վկայական ներկայացնելու պահանջը։ Ավելին, նույնիսկ հանվել էր կորոնավիրուսի դրական թեստով մարդկանց ինքնամեկուսացման պարտադիր պահանջը՝ ի վերջո մարդիկ օդակաթիլային ճանապարհով փոխանցվող այլ հիվանդություններով (գրիպ, ՍՇՎՎ եւ այլն) էլ են, հիվանդանում, սակայն այդ հիվանդությունների դեպքում ինքնամեկուսացման որեւէ պահանջ չկա։

Կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումների մեծ մասը հանվել կամ մեղմացվել է նաեւ մի շարք այլ երկրներում, այդ թվում՝ Իռլանդիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում։ Շոտլանդիայում վերացվել է դիմակների պարտադիր կրումը, Ջամայկայում զբոսաշրջիկներին այլեւս չեն պարտադրում թեստ հանձնել, Նոր Զելանդիայում, Իտալիայում, Իսրայելում եւ մի շարք այլ երկրներում հասարակական վայրեր այցելելիս պատվաստման վկայականներ այլեւս չեն պահանջվում։ Այսպիսի վկայականներ, ինչպես կորոնավիրուսի բացասական թեստեր այլեւս չեն պահանջվում նաեւ Դանիայում։

Արդարության համար պետք է նշել, որ որոշ երկրներում սահմանափակումները դեռ գործում են։ Բայց շատերն արդեն ծրագրում են շուտով չեղարկել կամ գոնե մեղմացնել դրանք: Օրինակ՝ Շվեյցարիայում եւ Հունաստանում մայիսի 2-ից կհանվեն մուտքի «քովիդային» սահմանափակումները։

Ինչու են սահմանափակումներն անիմաստ

Շատ երկրների կառավարություններ հասկացել են, որ «քովիդային» սահմանափակումները լուրջ տնտեսական հետեւանքներ ունեն, բայց միեւնույն ժամանակ դրանք գրեթե ոչ մի դրական ազդեցություն չունեն համաճարակային իրավիճակի վրա։ Վիրուսը, հատկապես օմիկրոն շտամի առաջացումից հետո, շատ արագ է տարածվում, եւ ոչ մի սահմանափակում չի զսպում դրան։ Նույնիսկ 2020 թվականի արգելափակումները, ինչպես ցույց է տվել փորձը, ավելի շատ վնաս են հասցրել, քան օգուտ:

Մյուս կողմից, համաճարակաբանական իրավիճակի վրա բավական դրական են ազդում կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումները եւ վերապատվաստումները, որոնք բավական հաջող են ընթանում շատ երկրներում։ Իտալիայում, օրինակ, մարդկանց արդեն կորոնավիրուսի պատվաստանյութերի չորրորդ չափաբաժինն են առաջարկում։

Սահմանափակումների վերացումը Հայաստանում

Հայաստանում պատվաստումային արշավը նույնպես բավական հաջող է ընթանում՝ 992 195 մարդ, այսինքն մոտավորապես յուրաքանչյուր երրրորդ քաղաքացին արդեն ստացել է պատվաստանյութի երկու դեղաչափ։ Իսկ 44175 մարդ ստացել է խթանող դեղաչափ։

Ե՛վ պատվաստումը, եւ՛ հիվանդացածների կողմից բնական իմունիտետի ձեռքբերումը, ե՛ւ մուտացիաների ու բնակչության մեջ երկար մնալու արդյունքում վիրուսի «թուլացումը», եւ՛ մի շարք այլ հնարավոր գործոններ հանգեցրել են COVID-19-ի հիվանդացության նվազման Հայաստանում, չնայած այն հանգամանքին, որ շատերը մեզ մոտ գործող որոշակի սահմանափակումների մասին իմացել են միայն այն ժամանակ, երբ հայտարարվել է այդ նույն սահմանափակումները հանելու մասին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել