• Latest news

Կորոնավիրուսի դեմ կիսապայքարը Հայաստանում. COVID-19-ի դեմ հատկացված միջոցներն ըստ նշանակության չեն օգտագործվե՞լ

5 մայիսի, 2022  13:32

2020թ. Հայաստանի կառավարությունը առողջապահության նախարարությանն է տրամադրել 26 մլրդ 492 մլն դրամ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի նպատակով։ Համավարակն այդ թվականին գագաթնակետին էր, եւ նախատեսվում էին բազմաթիվ միջոցներ՝ այն զսպելու, ինչպես նաեւ հայտնաբերելու եւ բուժելու համար։

Բայց, ինչպես երեւում է, բոլոր միջոցները չէ, որ ծախսվել են այդ նպատակով։ Այս մասին, համենայն դեպս, վկայում է Հաշվիչ պալատի հրապարակած հաշվետվությունը, որը գնահատել է կորոնավիրուսի դեմ պայքարին տրամադրված ծախսերը 2020թ. հունվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար։

Ի՞նչ խախտումներ են հայտնաբերվել։

Օրինակ, կորոնավիրուսի ավելի քան 2 000 թեստերը մտցվել են էլեկտրոնային համակարգ ավելի շուտ, քան դրանք հանձնվել են։ Կամ նույն համակարգչային տոմոգրաֆիայի համար վճարումը գանձվել է մի քանի անգամ։ Որոշ հիվանդանոցների փող է փոխանցվել, չնայած դրանք արդեն չէին զբաղվում COVID-19-ի բուժմամբ պետպատվերի շրջանակում։ Ավելին,  որոշ հիվանդանոցներում կորոնավիրուսային վարակի բուժումը մի քանի անգամ ավելի թանկ արժեր, քան այլ հիվանդանոցներում։

Սրանք հայտնաբերված խնդիրներից ընդամենը մի քանիսն են։

Ո՞ւմ եւ ինչո՞ւ էին հոսպիտալացնում

Առողջապահության նախարարությունը լիարժեք տեղեկատվություն չի տվել թեստավորված եւ հոսպիտալացված պացիենտների մասին, ինչի հետեւանքով հետազոտության հեղինակները չեն կարողացել պարզել՝ արդյո՞ք բոլոր հոսպիտալացվածներն են ունեցել թեստի դրական պատասխան, եւ արդյո՞ք նրանք հոսպիտալացվել են թեստի արդյունքներն ստանալուց հետո, թե՞ առաջ։ Խնդիրն այն է, որ տվյալների շտեմարան են մտցվել մարդկանց սոցքարտերի համարներ, որոնք կորոնավիրուսի թեստավորում եմ անցել պետպատվերով, բայց  հոսպիտալացվածների վերաբերյալ նման տվյալներ, չգիտես ինչու, չեն եղել, եւ անհնար է եղել նույնականացնել ու համադրել նրանց տվյալները թեստավորվածների հետ։

Մասնագետները նաեւ ուշադրություն են դարձրել այն բանին, որ տվյալների շտեմարանում խոսվում է 131 950 հոսպիտալացված պացիենտի մասին, չնայած, համաձայն նախարարության հրապարակած վիճակագրության, նրանց թիվը չի գերազանցել 80 000-ը։ Ընդ որում՝ «Հոսպիտալացվել է» նշումով 108 873 դեպքերից 47 792 դեպքերում կորոնավիրուսի թեստի արդյունքը բացասական է եղել, իսկ 61 081-ում թեստի արդյունքն ընդհանրապես չի նշվել։

Իրականում, համավարակի թունդ պահին քիչ չէին դեպքերը, երբ պացիենտները կորոնավիրուսի բացասական թեստ ունեին, բայց ունեցել են COVID-19-ին բնորոշ թոքաբորբ, եւ նրանց բուժում էին այնպես, ինչպես հաստատված կորոնավիրուսային վարակ ունեցողներին։ Բայց առկա տվյալները բավական չեն հասկանալու համար՝ արդյո՞ք խոսքը հենց այդպիսի պացիենտների մասին է, թե՞ տեղի է ունեցել անփութություն եւ տվյալների շտեմարաններում նշվել են հոսպիտալացվածներ, որոնք իրականում հոսպիտալացված չեն եղել։

Որքա՞ն արժեր հոսպիտալացվածների բուժումը

Հաշվիչ պալատի մասնագետները լուրջ տարբերություններ են հայտնաբերել վերապրոֆիլավորված բժշկական կենտրոններում եւ այն հիվանդանոցներում COVID-19-ով մեկ հիվանդի բուժման արժեքի միջեւ, որոնց ֆինանսավորում հատկացվել է բուժման մեկ դեպքի համար։ Բուժման տեւողությունն այս կենտրոններում նույնպես տարբեր է եղել։

Այսպես, մեկ պացիենտի բուժման միջին արժեքը վերապրոֆիլավորված ԲԿ-ներում կազմել է 378 100 դրամ, այն դեպքում, երբ բուժման մեկ դեպքի համար ֆինանսավորում ստացող հիվանդանոցներում՝ մոտ երկու անգամ պակաս՝ 173 300 դրամ։ Մեկ պացիենտի բուժման միջին օրական արժեքը վերապրոֆիլավորված հիվանդանոցներում կազմել է 37 700 դրամ, իսկ յուրաքանչյուր առանձին դեպքի համար ֆինանսավորում ստացող ԲԿ-ներում՝ 34 100 դրամ։

Հետաքրքիր է նաեւ, որ բուժման ամենաբարձր արժեքը գրանցվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում, որը պատկանում է առողջապահության նախարարությանը։ Այստեղ մեկ պացիենտի բուժումը հասել է 745 700 դրամի՝ մոտ 2 անգամ ավելի, քան միջին արժեքը։ Եղել են ամիսներ, երբ մեկ պացիենտի բուժման արժեքը հասել է 1 մլն 367 600 դրամի։ Բուժման միջին օրական արժեքն այստեղ կազմել է 74 230 դրամ։

Երկրորդ տեղում հայտնվել է «Սուրբ Աստվածամայր» կլինիկան, որտեղ մեկ պացիենտի բուժման արժեքը կազմել է 528 800 դրամ (օրականը՝ 44 740 դրամ)։ Այս թիվը միջինից բարձր էր նաեւ Սպիտակի, Մարտունու, Արտաշատի, Ապարանի բուժկենտրոններում, ինչպես նաեւ Վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի գիտական կենտրոնում։

COVID-19-ով հիվանդ պացիենտի բուժման ամենացածր արժեքը գրանցվել է «Վերականգնողական առողջության կենտրոնոմ» (90 100 դրամ), Իջեւանի (121 600 դրամ) եւ Գյումրիի բժշկական կենտրոններում (123 900 դրամ)։

Ինչ վերաբերում է բուժման տեւողությանը, մեկ պացիենտի բուժումը վերապրոֆիլավորված կենտրոններում միջինը տեւել է 9 օր (որոշներում՝ 8-12 օր), իսկ յուրաքանչյուր առանձին դեպքի համար ֆինանսավորում ստացող կլինիկաներում՝ 5 օր։

Առողջապահության նախարարության մեկնաբանության համաձայն՝ այս բոլոր ԲԿ-ներում բուժման արժեքը համեմատելը կոռեկտ չէ, քանի որ բուժումը կարող էր ավելի թանկ եւ ավելի հագեցած լինել վերակենդանացման բաժանմունք ունեցող հաստատություններում, ինչպես նաեւ բազմապրոֆիլ կլինիկաներում։

Քիչ հնարավորություններ ունեցող կենտրոններ սովորաբար ծանր վիճակում գտնվող պացիենտներ, որոնք արհեստական շնչառության սարքի եւ թանկարժեք դեղամիջոցների կարիք են ունեցել, չեն էլ ուղարկվել։

Առողջապահության նախարարության տվյալներով՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչը» ընդունել է ամենածանր պացիենտներին, եւ կորոնավիրուսային վարակի բուժումից բացի՝ այնտեղ կատարվել են նաեւ անհետաձգելի վիրահատություններ, այդ թվում՝ սրտաբանական, հեմոդիալիզ եւ այլ միջամտություններ։ Բացի այդ, կլինիկայի մահճակալների ֆոնդի մոտ 20 տոկոսը վերակենդանացման մահճակալներն են, իսկ վերակենդանացման բաժանմունքում բուժումը մոտ 4 անգամ ավելի թանկ է, քան ստացիոնարի մյուս բաժանմունքներում։

Ինչեւէ, Հաշվիչ պալատը եկել է այն եզրակացության, որ կորոնավիրուսային վարակի բուժումը տնտեսական առումով արդյունավետ չի կազմակերպվել, ծախսերի արդյունավետության սկզբունքը չի պահպանվել, իսկ ներքին վերահսկողության բացակայությունը հանգեցրել է բազմաթիվ անհամապատասխանությունների եւ տվյալների խեղաթյուրումների։

Կորոնավիրուսի թեստերը

Հայտնաբերվել են նաեւ թեստերի հանձնման եւ արդյունքները տվյալների շտեմարան մտցնելու ամսաթվերի անհամապատասխանություններ։ Այսպես, 11 972 թեստերի արդյունքները համակարգ են մտցվել դրանց հանձնումից 3 օր հետո, իսկ 441 թեստի արդյունքներ տվյալների շտեմարանում են հայտնվել միայն 14 օր հետո։ Բայց էլ ավելի հետաքրքիր են 2 371 թեստերի արդյունքները, որոնք տվյալների շտեմարանում են հայտնվել թեստերը հանձնելուց առաջ։ Որոշ արդյունքներ անգամ թեստի հանձնումից մի քանի օր առաջ են հայտնվել շտեմարանում։ Եվ սա, ի տարբերություն բացասական թեստով հոսպիտալացվածների եւ բուժման արժեքի տարբերությունների, արդեն այնքան էլ հեշտ չէ բացատրել։

Բազմաթիվ ՀՏ հետազոտություններ

Մի շարք դեպքերում նույն համակարգչային տոմոգրաֆիական հետազոտությունը «Արմեդ» համակարգ է մտցվել մի քանի անգամ, եւ առողջապահության նախարարությունը ոչ միայն չի նկատել դա, այլեւ մի քանի անգամ էլ վճարել է այդ հետազոտության համար։

Բացի այդ, տվյալների անբավարարության պատճառով Հաշվիչ պալատի մասնագետները չեն կարողացել պարզել, թե արդյոք պետպատվերով ՀՏ հետազոտություն անցած բոլոր պացիենտներն են COVID-19 ունեցող պացիենտներ։

Գնումներ

Հաշվետու շրջանում առողջապահության նախարարությունը չի կատարել գնումների ոլորտը կանոնակարգող օրենքների պահանջները, ինչը, ինչպես պարզել են Հաշվիչ պալատի մասնագետները, նույնպես հանգեցրել է մի ամբողջ շարք անհամապատասխանությունների։ Օրինակ, 2020թ. սեպտեմբերի 11-27-ին Հայաստանում արտակարգ կամ ռազմական դրություն չկար, բայց բոլոր գնումներն այդ ժամանակ իրականացվել են մեկ հոգուց։

Ռազմական դրությունը երկրում մտցվել է 2020թ. սեպտեմբերի 27-ին։ Այդ ժամանակ նախարարությունն արդեն իրավունք ուներ գնումներ կատարել մեկ անձից, եթե անհրաժեշտ ապրանքների    մատակարարումը դադարեցվել էր եւ պահեստներում դրանց բացակայության պատճառով պակասուրդ էր առաջացել։ Առողջապահության նախարարությունը չի գրանցել մատակարարումների բացակայություն եւ իրեն անհրաժեշտ ապրանքների պակասուրդ եւ պարզապես շարունակել է գնումներ կատարել մեկ անձից։

Մասնագետների գնահատմամբ՝ դա նշում է այն մասին, որ չի պահպանվել գնումների ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջների կատարումը։ Ավելին, ստացվում է, որ նախարարության կողմից գնված ապրանքների գնագոյացումը իրականացվել է ոչ մրցակցային մեխանիզմների միջոցով, ինչը ռիսկեր է պարունակում տնտեսական արդյունավետության առումով։

Հաշվիչ պալատի մասնագետների եզրահանգումների համաձայն՝ առողջապահության նախարարությանը կից «Դեղերի եւ դեղագործական արտադրանքի ապահովման ազգային կենտրոնը» պետք է նախարարության գնած բոլոր դեղերի եւ դեղագործական այլ արտադրանքների մանրակրկիտ հաշվառում կատարեր, հավաքեր բոլոր տվյալները դրանց ընդունման, մաքսային ձեւակերպման, պահպանման եւ դուրսգրման մասին։ Բայց իրականում դա, ըստ երեւույթին, չի արվել, ինչի հետեւանքով մասնագետները, ուսումնասիրելով առողջապահության նախարարության եւ վերոնշյալ կենտրոնի՝ պահեստների վերաբերյալ տվյալները, հայտնաբերել են անհամապատասխանություններ 6 տրլն 990 մլրդ 719 մլն դրամի չափով։

Այլ խնդիրներ

Հայտնաբերվել են նաեւ բազմաթիվ այլ անհամապատասխանություններ։ Օրինակ, 2020թ. մարտ-դեկտեմբերին շատ ԲԿ-ներ մեկ մտցվել են COVID-19-ի դեմ մղվող պայքարին մասնակցող կլինիկաների ցուցակների մեջ, մեկ հանվել են այդ ցուցակներից։ Ընդ որում՝ հանված եւ արդեն կորոնավիրուսային վարակով պացիենտների բուժմամբ չզբաղվող կլինիկաները հաճախ շարունակել են ստանալ ֆինանսավորում։

Հետաքրքիր է նաեւ այն, որ պետական ֆինանսավորումը, որը Հայաստանում հատկացվել է կորոնավիրուսի դեմ պայքարի համար, չի նախատեսել բոնուսների վճարում որեւէ մեկին։ Բայց այդ ժամանակվա առողջապահության նախարարը (Արսեն Թորոսյան) բոնուսներ է վճարել ինչպես առողջապահության նախարարության աշխատակազմին, այնպես էլ առողջապահության նախարարության ենթակայության տակ գտնվող բժշկական կենտրոնների եւ այլ կազմակերպությունների աշխատակիցներին։

Ի՞նչ եզրակացություններ կարելի է անել

Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարին հատկացված միջոցները հաճախ օգտագործվել են անարդյունավետ կամ ոչ ըստ նշանակության։ Եթե օգտագործված բոլոր միջոցների ավելի մանրակրկիտ հաշվառում կատարվեր, կարելի կլիներ խուսափել բազմաթիվ անհարկի ծախսերից, այդ թվում նույն բժշկական միջամտությունների համար կրկնակի վճարումից։ Արդյունքում՝ կարելի կլիներ խնայել միջոցներ, որոնք կուղղվեին ավելի մեծ թվով պացիենտների բուժմանը կամ էլ առողջապահության ոլորտի այլ ծրագրերի իրականացմանը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ