• Latest news

Ի՞նչ պետք է չանել 50-ից հետո. ծերունաբան բժշկի խորհուրդները

16 մայիսի, 2022  20:40

Ծերունաբան բժիշկ Ջեյմս Դենը Eat This, Not That! պորտալին ասել է, թե ինչ չպետք է անել 50-ից հետո։

Մասնագետը մի քանի խորհուրդներ է տվել, որոնք կօգնեն պահպանել առողջությունը նաեւ 50-ից հետո։

Առաջին հերթին, 50 տարեկաններն իրենց չպետք է պահեն 20 տարեկանների նման, ասել է մասնագետը։

«Դրա փոխարեն դուք  պետք է վարժվեք անխուսափելի փոփոխություններին։ Մեր հենաշարժողական ապարատը այլեւս այնպես ճկուն եւ ուժեղ չէ, ինչպես երիտասարդ տարիքում, նշանակում է՝ մենք ավելի ենք հակված ընկնել եւ վնասվածքներ ստանալ։ Մեր տեսողական, լսողական եւ հավասարակշռության օրգանները նույնպես ժամանակի ընթացքում սկսում են թուլանալ»,- ասել է մասնագետը։

Այդ տարիքում մենք պետք է հարմարվենք՝ կատարելով վարժություններ այդ սահմանափակումների հաշվառմամբ։ Դրանք պետք է ինտենսիվ չլինեն եւ զարգացնեն ոսկրամկանային կարողությունները (քայլել, հեծանվով զբոսնել եւ լողալ)։

Երկրորդ խորհուրդն այն է, որ չպետք է անտեսել սեփական մարմինը։

«Մարմինը տեղեկացնում է իր սթրեսների եւ բեռնվածությունների մասին ցավի կամ անհարմարության միջոցով։ Լսեք ձեր օրգանիզմի ազդանշանները եւ դիմեք բժշկի, եթե ցավ կա կրծքավանդակում եւ այլն»,- նշել է Դենը։

Երրորդ խորհուրդը. մի խուսափեք ձեր բժշկից։

«Պլանային զննումները, եթե անգամ ախտանշաններ չկան, պարտադիր են։ Դա կարող է օգնել պարզել հիվանդությունները, որոնց մասին հակառակ դեպքում գուցե երբեք չեք իմանա»,- ասել է բժիշկը։

Չորրորդ խորհուրդը. հրաժարվեք վնասակար սովորություններից, հատկապես կապված անառողջ սնվելու, ալկոհոլի օգտագործման եւ անբավարար քնի հետ։

Հինգերորդ խորհուրդը. հոգացեք ձեր հոգեկան առողջության մասին, ավելի շատ շփվեք հարազատների եւ մերձավորների հետ, այցելեք հանրային միջոցառումներ եւ ծննդյան օրվա տոնակատարություններ։

Վեցերորդ խորհուրդը վերաբերում է ուղեղի աշխատանքի մշտական խթանմանը։ «Բառախաղերը, փազլները, պարերը եւ ամենօրյա մեդիտացիան խթանում են ուղեղի աշխատանքը եւ օգնում  բարելավել հիշողությունը, տեսողական-շարժական կոորդինացիան»,- ասել է մասնագետը։

Յոթերորդ խորհուրդը եւ ամենամեծ գաղտնիքը ակտիվ մնալն է։

«Ծերանալը վախեցնող բան է. բայց այդպես չպետք է լինի։ Իհարկե, այդ ճանապարհին կարող են որոշ դժվարություններ առաջանալ, բայց եթե ամեն բան պլանավորեք, անհրաժեշտ քայլեր ձեռնարկեք ու հրաժարվեք վնասակար սովորություններից, կկարողանաք այդ շրջանը վերածել ձեր կյանքի լավագույն տասնամյակներին»,- խորհուրդ է տվել բժիշկ Դենը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը
 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ