• Latest news

ԱՄՆ-ում վերանայել են մոտեցումը ներուղեղային արյունազեղման բուժմանը

17 մայիսի, 2022  20:42

Ներուղեղային արյունազեղման բուժման որոշ ձեւեր այնքան արդյունավետ չեն, որքան նախկինում համարվում էր, համաձայն ինքնաբուխ ներուղեղային արյունազեղմամբ մարդկանց խնամքի համար Սրտի ամերիկյան ասոցիացիայի/ Ինսուլտի ամերիկյան ասոցիացիայի նոր ուղեցույցի, որն այսօր հրապարակվել է ասոցիացիայի Stroke ամսագրում:

Ուղեցույցը ներառում է առաջարկություններ՝ վիրաբուժական մեթոդների, ներուղեղային արյունազեղումից հետո ակտիվության անհատական մակարդակի եւ տանը խնամողների համար լրացուցիչ կրթության եւ վերապատրաստման վերաբերյալ:

Ներուղեղային արյունազեղմանը բաժին է ընկնում ԱՄՆ-ում տարեկան մոտ 800 000 ինսուլտների մոտ 10 տոկոսը: Առաջնային արյունազեղման բնորոշ պատճառները (այսինքն՝ ներուղեղային արյունազեղում, որը չի առաջացել այլ հիվանդությունների, օրինակ՝ գլխի տրավմայի պատճառով) ներառում են չվերահսկվող զարկերակային բարձր ճնշումը եւ ուղեղի արյան անոթների տարիքային դեգեներացիան: Ներուղեղային արյունազեղումը նաեւ ինսուլտի ամենամահաբեր տեսակներից է, որից մահացությունը կազմում է 30-40 տոկոս: Ամբողջ աշխարհում ինսուլտը մահացության եւ երկարատեւ անաշխատունակության երկրորդ հիմնական պատճառն է, գրում է Medical Xpress-ը:

Ներուղեղային արյունազեղման զարգացման հավանականությունը տարիքի հետ կտրուկ աճում է, ուստի սպասվում է, որ բնակչության ծերացման հետ մեկտեղ նման ինսուլտները կմնան լուրջ առողջական խնդիր: Բացի այդ, արյան նոսրացնող միջոցների համատարած օգտագործումը ներուղեղային արյունազեղման աճող պատճառ է հանդիսանում:

Նոր ուղեցույցը հուշում է, որ շատ մեթոդներ, որոնք «բուժման ստանդարտ» են համարվում, անհրաժեշտ չեն: Օրինակ, հետազոտությունը հաստատում է, որ ցանկացած երկարության կոմպրեսիոն կիսագուլպաներ կամ գուլպաներ կրելը արդյունավետ չէ արյունահոսող ինսուլտից հետո խորը երակային թրոմբոզը կանխելու համար: Փոխարենը կարող է օգտակար լինել այն մեթոդը, որը հայտնի է որպես ընդհատվող պնեւմատիկ կոմպրեսիա, որը ներառում է սրունքները եւ ոտնաթաթերը փչովի մանժետներով փաթաթելը, եթե այն սկսել նույն օրը, երբ ախտորոշվել է ներուղեղային արյունազեղումը: Սակայն անհրաժեշտ է լրացուցիչ տեղեկություն այն մասին, թե կարող է արդյոք դեղամիջոցների հետ համատեղ կոմպրեսիոն գուլպաների օգտագործումը կանխել թրոմբոզների առաջացումը:

Թարմացվել են նաեւ արյունազեղմամբ ինսուլտից հետո հակացնցումային դեղամիջոցների եւ հակադեպրեսանտների օգտագործման վերաբերյալ առաջարկությունները: Ուղեցույցում ասվում է, որ այս դասերի դեղերից եւ ոչ մեկը չի օգնում մարդու ընդհանուր վիճակի լավացմանը, եթե նոպան կամ դեպրեսիան արդեն չկան, ուստի դրանք խորհուրդ չեն տրվում մարդկանց մեծամասնությանը:

Ուղեցույցի հեղինակները նաեւ դիտարկում են նախկինում ստանդարտ համարվող բուժումը ստացիոնարում: Նրանք մատնանշում են ստերոիդների օգտագործման անարդյունավետությունը ինսուլտից արյունահոսության բարդությունները կանխելու համար եւ ընդգծում են, որ թրոմբոցիտների փոխներարկումը, եթե այն չի օգտագործվում շտապ վիրահատության ժամանակ, կարող է վատթարացնել ինսուլտ տարածի վիճակը:

Հեմոռագիկ ինսուլտ ունեցող մարդկանց մոտ արյունազեղումից հետո ուղեղում ճնշումը կարող է բարձրանալ, ինչը կարող է վնասել ուղեղի հյուսվածքը: Ինչպես խորհուրդ է տրվում, այս մարդիկ պետք է դիտարկվեն որպես ճնշումն իջեցնելու համար անհապաղ վիրահատության թեկնածուներ: Ղեկավար հանձնաժողովը դիտարկել է նվազագույն ինվազիվ վիրաբուժական մեթոդների վերջին տվյալները:

Ինսուլտից հետո վերականգնումը ներառում է մի քանի ռազմավարություններ՝ ուղղվածւ մարդու կյանքի որակի վերականգնմանը, եւ ուղեցույցն ընդգծում է վերականգնման պլան մշակելու համար բազմապրոֆիլ թիմ ներգրավելու կարեւորությունը: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մեղմ եւ միջին ծանրության ներուղեղային արյունազեղում ունեցող անձը ինսուլտից 24-48 ժամ հետո կարող է սկսել կատարել այնպիսի գործողություններ, ինչպիսիք են ձգվելը, հագնվելը, լողանալը եւ այլ սովորական առօրյա գործեր, որպեսզի բարելավի գոյատեւումը եւ վերականգնման ժամանակը, սակայն ներուղեղային արյունազեղումից հետո 24 ժամվա ընթացքում չափազանց ակտիվ շարժումները 14 օրվա ընթացքում մահացության բարձր ռիսկի հետ են կապված:

Ուղեցույցում սահմանված են մի քանի ոլորտներ ապագա հետազոտությունների համար, ներառյալ, թե որքան շուտ մարդիկ կարող են վերադառնալ աշխատանքի, մեքենա վարել եւ մասնակցել այլ սոցիալական միջոցառումների: Բուժաշխատողները եւ ներուղեղային արյունազեղմամբ պացիենտների ընտանիքների անդամները նույնպես ինսուլտից հետո անվտանգ վարժությունների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվության կարիք ունեն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։