• Latest news

Գիտնականները կապ են հայտնաբերել ուշ ընթրիքից հրաժարվելու եւ կյանքի տեւողության միջեւ

19 մայիսի, 2022  20:42

Բազմաթիվ հետազոտություններ ցույց են տվել, որ կալորիաների սահմանափակումն ավելացնում է մկների կյանքի միջին տեւողությունը։ Բայց այդ հետազոտությունների մեծ մասում գիտնականները լաբորատոր մկներին «նստեցրել» են սահմանափակ կալորիաներով դիետայի վրա։

Տեխասի համալսարանի Հարավարեւմտյան բժշկական կենտրոնի հետազոտողներն ուսումնասիրել են այն հարցը, թե ազդում է արդյոք սնունդ ընդունելու ժամանակը կյանքի երկարացման վրա՝ կալորիաների սահմանափակման դեպքում։

Ի տարբերություն մարդկանց՝ մկները գիշերային կենսակերպ են վարում, ինչը նշանակում է, որ նրանք սնվում են գիշերը։

Ուստի, իրենց հետազոտության համար գիտնականներն ուսումնասիրել են ավտոմատ կերակրամաններ, որպեսզի մկների մի մասն ուտի միայն գիշերը։

Որոշելու համար, թե արդյոք սնունդ ընդունելու ժամանակն ազդում է կյանքի տեւողության վրա, նրանք կենդանիներին բաժանել են 6 խմբի։

Մի խմբում կենդանիները կարող էին սնվել որքան ուզեին եւ երբ ուզեին։

Մնացած 5 խմբերում կալորիաները սահմանափակվել էին (30-40 տոկոսով ավելի քիչ կալորիաներ)՝ կալորիաների միանման ընդհանուր քանակությամբ, բայց սնվելու տարբեր գրաֆիկով։

Ազատ սնվող վերահսկիչ մկների կյանքի միջին տեւողությունը կազմում էր 800 օր, այն դեպքում, երբ սահմանափակ կալորիաներով սնվող եւ սննդի շուրջօրյա հասանելիություն ունեցող մկներինը 875 օր էր կամ 10 տոկոսով ավելի երկար։

Դիետայի վրա «նստած» մկները, որոնք ուտում էին միայն ցերեկը (ցիրկադային ցիկլի ոչ ակտիվ փուլ) եւ գիշերը 12 ժամ չէին ուտում, ապրել են 959 օր։ Այլ խոսքով՝ նրանք մոտ 20 տոկոսով ավելի երկար են ապրել, քան վերահսկիչ առանձնյակները։

Բայց բոլորից երկար ապրել են սահմանափակ կալորիաներով եւ միայն ակտիվ փուլի ժամանակ սնվող մկները, որոնք հետո՝ մնացած 12 ժամը չեն կերել։ Այդ կենդանիների կյանքի տեւողությունը կազմել է միջինը 1 068 օր, ինչը գրեթե 35 տոկոսով ավելին է, քան վերահսկիչ կենդանիներինը։

Իրենց ստացած արդյունքների մասին գիտնականները տեղեկացրել են Science ամսագրում։

Հետազոտողները նաեւ հայտնաբերել են, որ սահմանափակ կալորիաներով դիետաները բարելավել են գլյուկոզայի մակարդակի կանոնավորումը եւ ինսուլինի հանդեպ զգայականությունը, բայց ամենամեծ բարելավում նկատվել է այն մկների մոտ, որոնք կերել են միայն գիշերը (ակտիվ փուլ)։

Բոլոր մկների մոտ ծերացումը բարձրացրել է բորբոքումներին մասնակցող գեների ակտիվությունը եւ նվազեցրել գեների ակտիվությունը, որոնք մասնակցել են մետաբոլիզմին եւ ցիրկադային ռիթմերին։

Եթե ստացված արդյունքները իսկապես կիրառելի են մարդկանց հանդեպ, որոնց ակտիվ փուլը հակադրված է մկների ակտիվ փուլին, գիտնականները ենթադրում են, որ առողջ ծերանալու համար ավելի լավ է ուտել վաղ երեկոյան։

Հնարավոր է, որ երբեւէ հաջողվի ստեղծել դեղեր, որոնք կուղղվեն ցիրկադային գեներին կամ սպիտակուցներին, որպեսզի սնվելու հակատարիքային առավելությունները համընկնեն միայն ակտիվ փուլին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։