• Latest news

Կարո՞ղ են արդյոք Պարկինսոնի հիվանդության ախտանշանները նահանջել ցողունային բջիջների օգտագործմամբ բուժման դեպքում

20 մայիսի, 2022  15:41

Պարկինսոնի հիմնադրամի տվյալներով՝ աշխարհում ավելի քան 10 միլիոն մարդ տառապում է Պարկինսոնի հիվանդությունից։ Դա նեյրոդեգեներատիվ հիվանդություն է, որն ախտահարում կամ քայքայում է միջին ուղեղի նեյրոնները։ Այդ նեյրոններն արտադրում են դոֆամին, նեյրոտրանսմիթեր, որը դեր ունի շարժումների հարցում։ Դոֆամինի անբավարարությունն առաջ է բերում Պարկինսոնի հիվանդության ախտանշաններ, որոնք ներառում են տրեմորը, կաշկանդվածությունը, հավասարակշռության եւ կոորդինացիայի խանգարումները։

L-Dopa դեղամիջոցով բուժումը կարող է լրացնել դոֆամինի պաշարներն ուղեղում եւ թեթեւացնել որոշ ախտանշաններ։ Բայց դեղամիջոցի մշտական օգտագործումը կարող է դիսկինեզիա (ազատ շարժումների կառուցվածքի խախտում – խմբ.) առաջացնել։

Նոր հետազոտությունում, որը հրապարակվել է npj Regenerative Medicine ամսագրում, գիտնականները ցույց են տվել, որ առնետների մոտ Պարկինսոնի հիվանդության շարժական ախտանշանները նահանջել են ինդուկցված պլյուրիպոտենտ ցողունային բջիջների փոխպատվաստման ճանապարհով՝ հիվանդությունից քայքայված նեյրոններին փոխարինելու համար։

Պլյուրոպոտենտ ցողունային բջիջները սաղմնային ցողունային բջիջներ են, որոնք կարող են ձեւավորել օրգանիզմի բոլոր հյուսվածքները, բայց դրանց ներդրումը ոչ սաղմնային հյուսվածքներում բավական սահմանափակ է։

Այդ վիճակը  գիտնականներին թույլ է տվել մշակել բջիջներ եւ դրանք վերածել դոֆամին առաջացնող նեյրոնների։ Առնետների ուղեղում փոխպատվաստման ժամանակ հետազոտությունում օգտագործված բջիջներն ի վիճակի են եղել մասնակցելու ուղեղում կապերի ստեղծմանը եւ դոֆամինի արտադրությանը։

Իրենց հետազոտությունում գիտնականներն ուսումնասիրել են ոչ նեյրոնալ բջիջների հաջող վերածումը գործող նեյրոնների։ Նրանք մշակել են բջիջներն իրենց սաղմնանման վիճակում եւ աճեցրել դրանք 17, 24 եւ 37 օրում։

«Եթե մշակում եւ աճեցնում եք բջիջները 17 օրվա ընթացքում, իսկ հետո դադարեցնում  եք դրանց բաժանումը եւ տարբերակում եք դրանք, դա ամենից լավ արդյունքն է տալիս»,- Medical News Today պարբերականին ասել է Արիզոնայի նահանգի համալսարանին կից Նեյրոդեգեներատիվ հիվանդությունների հետազոտության կենտրոնի տնօրեն Ջեֆրի Քորդաուերը։

Բժիշկ Քորդաուերը հայտարարել է, որ այդ հետազոտության արդյունքներն իրեն «վստահություն են հաղորդում, որ այն հաջողություն կունենա պացիենտների հետ աշխատելիս»։

Քորդաուերը գլխավոր հետազոտողն է լինելու  նոր կլինիկական փորձարկման ժամանակ,  որը տեղի կունենա 2023թ. եւ կուսումնասիրի Պարկինսոնի հիվանդություն ունեցող կոնկրետ պացիենտների։

Այդ մարդկանց մոտ նկատվում է դոֆամինային համակարգի դեգեներացիա։ Չնայած նրանք շարժողական խնդիրներ ունեն, որոնք բնորոշ են Պարկինսոնի հիվանդությանը, նրանց մոտ իմացական խնդիրներ կամ թուլամտություն չի առաջանում։

Եթե այդ փորձերը հաջող լինեն, դրանց կարող են հաջորդել Պարկինսոնի հիվանդությամբ տառապող պացիենտների ավելի մասշտաբային փորձարկումներ։ 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել