• Latest news

Հայաստանում տարեկան հայտնաբերվում է 9000 քաղցկեղով հիվանդ. Մասնագետները պատմել են ոլորտի խնդիրների մասին

20 մայիսի, 2022  17:18

Հայաստանում, ինչպես եւ ամբողջ աշխարհում, քաղցկեղով հիվանդների թիվն աճում է, ինչը պայմանավորված է կենսակերպով։ Այսօրվա դրությամբ հանրապետությունում տարեկան հայտնաբերվում է քաղցկեղով մոտ 9000 նոր հիվանդ։ 10 տարի առաջ այս ցուցանիշը չէր գերազանցում 7500-8000-ը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ուռուցքաբան Լեւոն Բադալյանը։

«Այսօր բնակչությունն ավելի տեղեկացված է, իսկ ախտորոշիչ մեթոդները թույլ են տալիս արագ բացահայտել հիվանդությունը։ 10-15 տարվա ընթացքում Հայաստանում ուռուցքաբանության ոլորտը լուրջ առաջընթաց է ապրել, սակայն մեր երկիրը շատ զիջում է Արեւմուտքին, ինչը պայմանավորված է բազմաթիվ գործոններով։

Հայաստանում կան կենտրոններ եւ մասնագետներ, որոնք բուժման կազմակերպման առումով առնվազն չեն զիջում Արեւմուտքին։ Բայց եթե ոլորտն ամբողջությամբ դիտարկենք, ապա որակը մնում է ցածր։ Խնդիրն այն է, որ մասնագետները ցրված են տարբեր կենտրոններում, չկա այնպիսի կենտրոն, որը կմիավորեր բոլոր լավագույն մասնագետներին մեկ տեղում։ Նույնիսկ նույն կլինիկայում կարող են բոլորովին տարբեր տրամաչափի բժիշկներ աշխատել։ Կոնտրաստը շատ մեծ է։ Այս ամենը բերում է նրան, որ տարբեր պացիենտներ կարող են բացարձակապես տարբեր որակի բուժում ստանալ»,- նշեց նա։

Նրա խոսքով՝ մատչելիության առումով հիմնական խնդիրը ֆինանսական է։ Ուռուցքաբանական հիվանդությունների բուժումը շատ թանկ արժե, ուստի պետությունը չի կարող ամբողջությամբ իր վրա վերցնել ծախսերը, իսկ պետպատվերը միայն մասամբ է դրանք ծածկում։ Սա հանգեցնում է նրան, որ ավելի քիչ ապահովված պացիենտի բուժումը կարող է զիջել այն պացիենտի բուժման որակին, որն ի վիճակի է վճարել ծառայությունների համար:

Միաժամանակ Հայաստանում, ըստ մասնագետի, ամենաարագը զարգանում է տեխնիկական հագեցվածությունը։ Բոլոր խոշոր կլինիկաները լավ հագեցած են: Եթե 10 տարի առաջ Հայաստանի քաղաքացիները ձգտում էին Եվրոպա մեկնել բուժման, ապա այսօր համոզվում են, որ Հայաստանում կարելի է բարձրորակ օգնություն ստանալ։

Վստահության առկա դեֆիցիտը, ուռուցքաբանի խոսքով, կապված է այն բանի հետ, որ հստակ պատկերացում չկա, թե որ կլինիկայում եւ որ մասնագետն է հիվանդին ժամանակակից բարձրակարգ ծառայություններ մատուցելու։ Սխալվելու ռիսկեր կան, ինչը անհնար է Եվրոպայում, որտեղ խիստ չափանիշներ են գործում։

Դեղորայքի հասանելիության հարցը, ըստ մասնագետի, նույնպես այնքան էլ սուր չի դրված՝ դեղերի մեծ մասը պաշտոնապես կարելի է գտնել։ Բայց դրանց մոտ 20 տոկոսը կա՛մ գրանցված չէ, կա՛մ չի վաճառվում, կա՛մ դրանք դժվար է գտնել։ Խնդիրը պետք է լուծվի առողջապահության նախարարության մակարդակով՝ կա՛մ բոլոր անհրաժեշտ դեղերը գրանցելու, կա՛մ չգրանցված դեղերի վաճառքը թույլատրելու ճանապարհով։

Գոյություն ունի նաեւ քաղաքացիների պատշաճ իրազեկման խնդիր։ Առողջապահության նախարարությունը նույնպես այս հարցը չի լուծում, թեեւ պետք է աշխատի կոտրել Հայաստանում որակյալ բժշկության բացակայության մասին կարծրատիպը։

«Հիվանդության կանխարգելման համար շատ կարեւոր է առողջ ապրելակերպի պահպանումը, ինչպես նաեւ ժամանակին ախտորոշումը»,- ասաց Լեւոն Բադալյանը։

Հայկական ծագմամբ ֆրանսիացի ռեանիմատոլոգ Գեւորգ Աբգարյանը Հայաստանի քաղաքացիներին հորդորեց բուժվել Հայաստանում, քանի որ այստեղ լավ կենտրոններում կարող են ոչ պակաս լավ բուժել, քան Ֆրանսիայում։ Բացի այդ, Ֆրանսիայում օտարերկրյա քաղաքացու համար այն կարժենա առնվազն 3000-4000 եվրո։

«Միեւնույն ժամանակ, Ֆրանսիայում բացառվում է, որ տարբեր կենտրոններ ախտորոշման վերաբերյալ տարբեր տվյալներ տան, ինչպես երբեմն լինում է Հայաստանում»,- ասաց ռեանիմատոլոգը։

Նա նաեւ նշեց Հայաստանի առողջապահության նախարարության դերը դեղերի գրանցման գործում։

«Հայաստանում ցանկացած հիվանդանոց կարող է ուռուցքաբանական բաժանմունք բացել, ինչը Ֆրանսիայում անհնար է։ Դրա համար այնտեղ հիվանդանոցը պետք է լավ վերակենդանացման բաժանմունք ունենա, լավ օնկովիրաբույժ, լավ ՄՌՏ մասնագետ եւ այլն: Միայն այդ դեպքում կարելի է բաժանմունք բացելու իրավունք ստանալ։

Այս հարցում կրկին կարեւոր դեր է վերապահված Հայաստանի առողջապահության նախարարությանը, որը չպետք է թույլտվություն տա բոլորին, այլ պետք է համախմբի լավագույններին մեկ տեղում՝ բացելով 3-4 լավ կենտրոն»,- եզրափակեց Գեւորգ Աբգարյանը։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է