• Latest news

Միջազգային կազմակերպությունների՝ ԼՂ մուտք գործելու անկարողությունը սրում է իրավիճակը. Անահիտ Ավանեսյանի ելույթը

24 մայիսի, 2022  14:53

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Առողջապահության համաշխարհային 75-րդ վեհաժողովին հանդես է եկել ելույթով: Նախարարն անդրադարձել է COVID-19 համավարակի պատվաստումների գործընթացին, հոգեբանական և հոգեբուժական ծառայությունների պահանջարկին, Հայաստանում Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման ծրագրին և Արագ արձագանքման բժշկական թիմի գործունեությանը, Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի հոգեսոցիալական և առողջապահական հարցերին:

«Մեծ պատիվ է մասնակցել Առողջապահության համաշխարհային 75-րդ վեհաժողովին, և անհրաժեշտ է գնահատել այն փաստը, որ COVID-19 համավարակի պատճառով առաջացած երկարատև դադարից հետո մենք հնարավորություն ունենք ֆիզիկապես ներկա գտնվելու այստեղ` Ժնևում:

Ուրախ եմ նշել, որ համավարակը որոշ չափով նահանջել է` թույլատրելով Հայաստանին վերաբացել և վերապրոֆիլավորել հիվանդանոցները, որպեսզի կարողանանք սպասարկել բնակչության ավելի մեծ հատվածին: Թերևս ականատես եղանք աշխարհում պատվաստանյութերի ընդհանուր սակավությանը, COVID-19 համավարակի ընթացքում պատվաստումների գործընթացի ընդհատումների պատճառով երեխաների պատվաստումների թիվը զգալիորեն տուժել է:

Ուրախ եմ նշել, որ այս առումով մենք ունենք առաջընթաց, քանի որ Հայաստանում երեխաների պատվաստումների թիվը 2020-2021 թվականների համեմատ զգալիորեն բարելավվել է, բոլոր տարիքային խմբերի ամբողջական ծածկույթը 90%-ից բարձր է:

Օգտվելով առիթից` ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր գործընկեր երկրներին և կազմակերպություններին` COVID-19-ի դեմ պայքարում վերջին 2 տարվա ընթացքում անգնահատելի աջակցության, անհրաժեշտ և կյանքը փրկող պատվաստանյութերի մատակարարման համար: Համավարակի արդյունքում Հայաստանում գրանցվել է հոգեբանական և հոգեբուժական ծառայությունների պահանջարկի զգալի աճ: Մեր կառավարությունը տրամադրում է անվճար հոգեբանական խորհրդատվություն` քովիդ հիվանդանոցներում գտնվող քաղաքացիներին, բուժաշխատողներին և խոցելի խմբերին:

Մարտի 22-ին մենք ստեղծել ենք «Հոգեկան առողջության» կոալիցիա` կառավարական գերատեսչությունների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և ասոցիացիաների ավելի քան 40 ներկայացուցիչների մասնակցությամբ: Պատիվ ունեմ լինելու համաեվրոպական հոգեկան առողջության կոալիցիայի մի մասնիկը և վստահ եմ, որ այն հնարավորություն կտա ապահովելու մեր քաղաքացիների հոգեկան բարեկեցությունը բոլոր ժամանակներում:

Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմը ևս նպաստել է հոգեսոցիալական աջակցության պահանջարկի մեծացմանը՝ առողջությանն առնչվող այլ մարտահրավերներին զուգահեռ։ Նպաստող գործոններից մեկն էլ Ադրբեջանի շարունակական հրաժարումն է ռազմագերիներին հայրենադարձ անելուց՝ խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը: Ավելին` պատերազմի ժամանակ հաշմանդամ դարձած զինծառայողներին օգնությունը հատուկ ուշադրություն է պահանջում, հատկապես պրոթեզների ձեռք բերման համար։ Միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ԱՀԿ-ի, Լեռնային Ղարաբաղ մուտք գործելու անկարողությունը՝ Ադրբեջանի քաղաքական դիրքորոշման պատճառով սրում է իրավիճակը՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին զուրկ թողնելով հումանիտար և բժշկական օգնությունից:

Հարգելի՛ գործընկերներ, երկար ժամանակ է, ինչ պատրաստվում ենք ներկայացնել Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման ծրագիրը Հայաստանում, սակայն համավարակի պատճառով մեր ժամկետները փոփոխվել են: Այժմ ապահովագրական սխեմայի ներդրման համահունչ քաղաքականության մշակման գործընթացում ենք, որը հասանելի կլինի արդեն հաջորդ տարի, միաժամանակ ծավալուն աշխատանքներ են տարվում առողջության առաջնային պահպանման օղակի հզորացման ուղղությամբ: Գիտակցելով ազգային, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում արտակարգ իրավիճակներում արձագանքելու որակյալ բժշկական հզորությունների ստեղծման կարևորությունը` ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԱՀԿ-ի կողմից դասակարգվող Արագ արձագանքման բժշկական ազգային թիմ ստեղծելու նախաձեռնությանը:

Ուրախ եմ նաև տեղեկացնել, որ հոկտեմբերին Հայաստանում տեղի կունենա Արագ արձագանքման բժշկական թիմերի 5-րդ գլոբալ հանդիպումը` համախմբելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության բոլոր վեց շրջաններից Արագ արձագանքման բժշկական թիմերի տարբեր խմբերի համայնքները», - նշել է ՀՀ առողջապահության նախարարը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է