• Latest news

Գիտնականները մշակել են գենետիկական սքրինինգի նոր ալգորիթմ, որը թույլ է տալիս գնահատել երիկամների քրոնիկ հիվանդության զարգացման ռիսկը

18 հունիսի, 2022  21:25

Նոր ալգորիթմը, որը մշակվել է Կոլումբիայի համալսարանի հետազոտողների կողմից, կարող է վերլուծել գենոմի հազարավոր տարբերակներ եւ գնահատել երիկամների քրոնիկ հիվանդության զարգացման ռիսկը, ընդ որում՝ այն աշխատում է աֆրիկյան, ասիական, եվրոպական եւ լատինամերիկյան ծագում ունեցող մարդկանց մոտ:

«Այս պոլիգենային մեթոդի օգնությամբ մենք կարող ենք տասնամյակներ առաջ բացահայտել ռիսկի խմբում գտնվող այն մարդկանց, ում մոտ երիկամների հիվանդություններ են առաջանալու, իսկ նրանք, ովքեր բարձր ռիսկի տակ են, կարող են կենսակերպի պաշտպանիչ փոփոխություններ կատարել՝ այդ ռիսկը նվազեցնելու համար»,- ասել է բժշկական գիտությունների դոկտոր, Կոլումբիայի համալսարանի բժիշկների եւ վիրաբույժների Վագելոս քոլեջի նեֆրոլոգիայի ամբիոնի բժիշկ-գիտնական Քշիշտոֆ Կիրիլյուկը:

Երիկամների հիվանդության վաղ հայտնաբերումը կարող է կանխել երիկամների անբավարարության շատ դեպքեր եւ նվազեցնել փոխպատվաստման կամ դիալիզի անհրաժեշտությունը, սակայն հիվանդությունը հաճախ աննկատ է ընթանում, քանի դեռ զգալի վնաս չի հասցրել երիկամներին:

Գենետիկական թեստավորումը կարող է թույլ տալ կանխատեսել երիկամների հիվանդության զարգացման ռիսկը ախտանիշների ի հայտ գալուց շատ առաջ, սակայն, ամենայն հավանականությամբ, այդ գործընթացում ներգրավված կլինեն հազարավոր ժառանգական տարբերակներ, եւ դրանցից շատերը քիչ ազդեցություն կունենան: Բացի այդ, որոշ գենետիկ տարբերակներ ավելի տարածված են մի էթնիկ խմբում, քան մյուսներում:

Նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է Nature Medicine ամսագրում, Կիրիլյուկը եւ նրա թիմը նկարագրել են իրենց մեթոդը եւ փորձարկել այն մարդկանց 15 տարբեր խմբերի վրա, որոնցում ներառված են եղել եվրոպական, աֆրիկյան, ասիական եւ լատինամերիկյան ծագում ունեցող մարդիկ: Ալգորիթմը վերլուծում է APOL1- կոչվող գենի տարբերակները, որը, ինչպես հայտնի է, երիկամների հիվանդության ընդհանուր պատճառ է հանդիսանում աֆրիկյան ծագում ունեցող մարդկանց մոտ, եւ երիկամների հիվանդության հազարավոր այլ տարբերակներ, որոնք հանդիպում են բոլոր ռասաների ներկայացուցիչների մոտ:

Ուսումնասիրությունը նաեւ հաստատել է, որ APOL1-ը ռիսկի կարեւոր գործոն է աֆրիկյան ծագում ունեցող մարդկանց համար: Բայց նույնիսկ եթե APOL1-ն առկա է մարդու մոտ, այլ գեներ կարող են մեծացնել կամ նվազեցնել երիկամների քրոնիկ հիվանդության վտանգը: Այս տեղեկատվությունը կարող է կարեւոր լինել, երբ նոր դեղամիջոցներ մշակվեն հատուկ APOL1 ունեցող մարդկանց համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է