• Latest news

Գիտնականներն էժան, ոչ ինվազիվ թեստ են մշակում գլխի եւ պարանոցի քաղցկեղի ախտորոշման համար

29 հունիսի, 2022  22:30

Կարո՞ղ է արդյոք մի հիանալի օր գլխի եւ պարանոցի քաղցկեղի սկրինինգն այնքան պարզ լինի, որքան մեզի կամ թքի թեստը:

UC Davis Health-ից հետազոտողների թիմն ակնկալում է ոչ ինվազիվ, էժան թեստ մշակել՝ գլխի եւ պարանոցի հնարավոր քաղցկեղի հայտնաբերման համար: Նրանց հետազոտությունը, որը հրապարակվել է Diagnostics ամսագրում, ցույց է տվել, որ գլխի եւ պարանոցի քաղցկեղով հիվանդների թքի եւ մեզի նմուշներում երեք պոլիամինային մոլեկուլների մակարդակը զգալիորեն ավելի բարձր է, քան առողջ մարդկանց մոտ:

Գլխի եւ պարանոցի քաղցկեղը ձեւավորվում է բերանում, կոկորդում, ձայնային ապարատում, թքագեղձերում կամ քթի խոռոչում: Շատ դեպքերում գլխի եւ պարանոցի քաղցկեղը վաղ փուլերում կլինիկորեն չի հայտնաբերվում:

Հիվանդները սովորաբար բժշկի են դիմում այն բանից հետո, երբ քաղցկեղն արդեն տարածվել է ավշային համակարգում կամ երբ  հիվանդության ավելի ուշ փուլին բնորոշ ախտանիշներ են առաջանում: Այդ ախտանիշները ցավ, արյունահոսություն, խոցեր, ականջի ցավ եւ կուլ տալու հետ կապված դժվարություն են ներառում:

Պոլիամինները մետաբոլիտների բաղադրիչներ են, որոնք անհրաժեշտ են բջիջների աճի եւ ուռուցքի զարգացման համար: Պոլիամինների բարձր մակարդակ հայտնաբերվել է կրծքագեղձի, հաստ աղիքի եւ շագանակագեղձի քաղցկեղով հիվանդների մոտ եւ կապված է քաղցկեղի բուժման վատագույն արդյունքների հետ:

Մետաբոլիտների ուսումնասիրության շատ զգայուն մեթոդներ օգտագործելով՝ գիտնականները վերլուծել են գլխի եւ պարանոցի քաղցկեղով 39 հիվանդի եւ 89 առողջ մասնակցի թքի 107 եւ մեզի 124 նմուշ: 19 հիվանդի մոտ քաղցկեղը վաղ փուլում էր, իսկ 20-ի մոտ՝ ուշ: Հիվանդների մեծ մասի մոտ քաղցկեղը գտնվում էր բերանի խոռոչում կամ բերանի հետեւի մասում:

Հետազոտական ​​թիմը չափել է երեք պոլիամինների մակարդակը՝ N1-ացետիլսպերմինի (ASP), N8-ացետիլսպերմիդինի (ASD) եւ N1,N12-դիացետիլսպերմինի (DAS): Նրանք առողջ անձանց համեմատ ASD եւ DAS պոլիամինների ավելի բարձր մակարդակ են հայտնաբերել մեզի մեջ եւ ASP՝ գլխի եւ պարանոցի քաղցկեղով հիվանդների թքում:

Թքի եւ մեզի նմուշներ կարելի է ստանալ պարզ, ոչ ինվազիվ եւ էժան եղանակով: Թքի անալիզը թույլ է տալիս հիվանդներին նմուշներ վերցնել տանը, ինչը խնայում է առողջապահական ծախսերը եւ թույլ է տալիս հարմարավետ պայմաններում մի քանի նմուշ հավաքել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել