• Latest news

Ո՞ր սովորություններն են նվազեցնում դեմենցիայի զարգացման ռիսկը

30 հուլիսի, 2022  15:38

Յոթ առողջ սովորություններ եւ կենսակերպի գործոններ կարող են դեր խաղալ ամենաբարձր գենետիկական վտանգի ենթարկված մարդկանց մոտ դեմենցիայի զարգացման ռիսկի նվազեցման գործում, ասվում է Ամերիկայի նյարդաբանության ակադեմիայի Neurology բժշկական ամսագրի առցանց համարում հրապարակված հետազոտության մեջ:

Սրտանոթային եւ ուղեղի առողջության յոթ գործոններ, որոնք հայտնի են որպես Սրտի ամերիկյան ասոցիացիայի «Կյանքի 7 պարզ սկզբունքներ», ներառում են՝ ակտիվությունը, ճիշտ սնվելը, քաշի նվազեցումը, ծխելուց հրաժարվելը, նորմալ արյան ճնշումը պահպանելը, խոլեստերինի մակարդակի վերահսկումը եւ արյան մեջ շաքարի մակարդակի իջեցումը:

Հետազոտությանը մասնակցել է եվրոպական արմատներով 8823 եւ աֆրիկյան արմատներով 2738 մարդ, որոնց հետեւել են 30 տարի: Մարդկանց միջին տարիքը հետազոտության սկզբում եղել է 54 տարեկան։ Հետազոտության մասնակիցները հայտնել են բոլոր յոթ առողջական գործոնների իրենց ցուցանիշները: Միավորների ընդհանուր գումարը տատանվել է 0-14-ի սահմաններում, որտեղ 0-ն ամենաանառողջ ցուցանիշն է, իսկ 14-ը՝ ամենաառողջը: Եվրոպական ծագում ունեցող մարդկանց միջին միավորը կազմել է 8,3, իսկ աֆրիկյան ծագում ունեցող մարդկանց միջին միավորը՝ 6,6:

Գիտնականները հետազոտության սկզբում հաշվարկել են գենետիկական ռիսկի միավորները՝ օգտագործելով Ալցհեյմերի գենոմային վիճակագրությունը, որն օգտագործվել է դեմենցիայի գենետիկական ռիսկն ուսումնասիրելու համար: Եվրոպական ծագում ունեցող մասնակիցները բաժանվել են հինգ խմբի, իսկ աֆրիկյան ծագում ունեցող մասնակիցները բաժանվել են երեք խմբի՝ գենետիկ ռիսկի միավորների հիման վրա: Ամենաբարձր գենետիկ ռիսկով խումբը ներառել է այն մարդկանց, որոնք ունեցել են Ալցհեյմերի հիվանդության հետ կապված APOE գենի տարբերակի առնվազն մեկ օրինակ՝ APOE e4: Եվրոպական արմատներ ունեցող մարդկանց շրջանում 27,9 տոկոսն ունեցել է APOE e4 տարբերակը, իսկ աֆրիկյան արմատներ ունեցողների շրջանում՝ 40,4 տոկոսն է ունեցել APOE e4 տարբերակը:

Ամենացածր ռիսկի խումբն ունեցել է APOE e2 տարբերակը, որը կապված է եղել դեմենցիայի ռիսկի նվազման հետ: Հետազոտության ավարտին եվրոպական ծագումով 1603 մարդու մոտ տկարամտություն է զարգացել, իսկ աֆրիկյան ծագում ունեցող 631 մարդու մոտ՝ դեմենցիա: Հետազոտողները պարզել են, որ եվրոպական ծագում ունեցող մարդկանց մոտ, որոնք կենսակերպի գործոնների ամենաբարձր ցուցանիշներն են ունեցել, դեմենցիայի զարգացման ռիսկն ավելի ցածր է եղել գենետիկ ռիսկի բոլոր հինգ խմբերում, ներառյալ այն խմբում, որը վկայում է դեմենցիայի զարգացման համար գենետիկ ամենաբարձր ռիսկի մասին:

Կենսակերպի գործոնի գնահատման յուրաքանչյուր մեկ միավորի դեպքում դեմենցիայի զարգացման ռիսկը կրճատվել է 9 տոկոսով: Եվրոպական ծագում ունեցող մարդկանց մոտ, համեմատած կենսակերպի գործոնի ցածր կատեգորիայի հետ, միջանկյալ եւ բարձր կատեգորիաները կապված են եղել դեմենցիայի զարգացման ռիսկի համապատասխանաբար 30 տոկոս եւ 43 տոկոս նվազման հետ:

Աֆրիկյան ծագում ունեցող մարդկանց շրջանում միջին եւ բարձր կատեգորիաները կապված են եղել դեմենցիայի ռիսկի 6 տոկոս եւ 17տոկոս նվազման հետ: Աֆրիկյան արմատներով մարդկանց մոտ հետազոտողները հայտնաբերել են դեմենցիայի ռիսկի նվազման նմանատիպ օրինաչափություն բոլոր երեք խմբերում նրանց շրջանում, ովքեր կենսակերպի գործոնների հետ կապված ավելի բարձր ցուցանիշներ են ունեցել։ 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել