• Latest news

Առողջ երեխա ունենալու համար մինչեւ 6 ամսականը պարտադիր է մոր կաթը․ օգոստոսի 1-7-ը կրծքով կերակրման իրազեկման շաբաթ է

2 օգոստոսի, 2022  13:27

Առողջապահության նախարարությանը եւ ԱՀԿ-ն հորդորում են մինչեւ վեցամսականը երեխաներին սնուցել բացառապես մայրական կաթով։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության երեխաների առողջության պահպանման բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանը։

«Մայրական կաթը ոչ միայն պարունակում է միկրո եւ մակրոէլեմենտներ, այլ նաեւ կենդանի բջիջներ, աճի գործոններ։ Այն ամուր է, մաքուր է, կարողանում է պայքարել վարակների դեմ։ Մարդու կյանքի ընթացքում չի լինում այնպիսի ժամանակահատված, երբ մեկ սնունդը կարող է բավարարել բոլոր պահանջներին, ինչպես մայրական կաթն է բավարարում մարդու կյանքի առաջին կես տարվա ընթացքում։ Մինչեւ վեց ամսական մայրական կաթով սնուցումը պարտադիր է առողջ երեխա ունենալու համար։ Առողջապահության նախարարությանը եւ ԱՀԿ-ն հորդորում են մինչեւ վեցամսականը երեխաներին սնուցել բացառապես կրծքով», - նշեց Լիլիթ Ավետիսյանը։

Ավետիսյանի խոսքով՝ մայրիկի հետ կրծքով կերակրելու մասին պետք է սկսել խոսել մինչեւ ծննդաբերությունը։

«Պետք է խոսել նաեւ ընտանիքի անդամների հետ։ Սա բարդ պրոցես է, բայց ճիշտ բժշկի եւ ամուր ընտանիք ունենալու դեպքում կարելի է հաջողել։ Կրծքով սնունդն ապահովելով՝ մենք երեխային տալիս ենք լավագույն սնունդը։ Սակայն 365 օր է պետք հատկացնել կրծքով կերակրմանը, ուղղակի այս շաբաթն առավելապես իրազեկելու, միֆերը եւ խոչընդոտները կոտրելու համար է։ Տեղեկատվական այս մեծ դաշտում մայրիկները կարդում են բազմապիսի տեղեկություններ, սակայն շատ տեղեկություններ փաստահեն չեն, կոմերցիոն բնույթ են կրում, հետեւաբար՝ պետք է ճիշտ գրականություն կարդալ եւ հետեւել Առողջապահության նախարարության հրապարակումներին։ Ցանկացած կին իրավունք ունի կրծքով կերակրել, ցանկացած երեխա իրավունք ունի կրծքով կերակրվել։ Հետեւաբար՝ աշխատավայրում, տարբեր կառույցներում, հասարակական վայրերում պետք է լինեն հարմարություններ, որպեսզի երեխան եւ մայրը կարողանան օգտվել իրենց իրավունքներից», - ասաց Լիլիթ Ավետիսյանը։

Լիլիթ Ավետիսյանը առանձնացրեց մի քանի միֆեր, որոնց առավելապես կարող են բախվել կերակրող մայրերը։

«Ծննդաբերությունից անմիջապես հետո ասում են՝ կրծքի կաթը բավարար չէ, եկեք անցնենք այլ միջոցների։ Առաջին երկու օրերին առատ կրծքի կաթ որեւէ մեկը չի ունենում։ Առաջին երկու օրերին լինում է կաթնախեժը, որը բավարար խիտ է, սննդարար է եւ պահանջում բոլոր անհրաժեշտ նյութերը երեխաների համար։ 97 % դեպքերում բոլոր մայրերը կարող են կերակրել իրենց նորածիններին։ Սակաթիվ դեպքերում է, որ կան բժշկական հակացուցումներ, ինչպես երեխաների, այնպես էլ մայրերի համար», - ընդգծեց Ավետիսյանը։

Ավետիսյանի խոսքով՝ ոչ բոլոր դեղերն են, որոնք հակացուցված են կրծքով կերակրման ընթացքում։

«Բավական շատ դեղեր կան, որոնք ցուցված են եւ նորածիններին, եւ կերակրող մայրերին։ Ընդհանրապես կարիք չկա հրաժարվել կրծքով կերակրումից կամ դադարացնել բուժման ընթացը, ընդամենը պետք է խորհրդակցել բժշկի հետ եւ դեղի դու դեղաչափի ճիշտ ընտրությունը կատարել։ Երկու-երեք ամսականը կրծքով կերակրման ամենաթիրախային խումբն է, երբ մայրիկները հուսահատվում եւ անցում են այլ մանկական սնունդի։ Խնդիրն այստեղ այն է, որ երեխան սկսում է աճել, զարգանալ, նյարդաբանական զարգացումներ են լինում, երեխան ուշադիր է լինում ամեն ինչին, շեղվում է կրծքից։ Սա փորձության փուլերից մեկն է, որը մայրը եւ երեխան միասին պետք է հաղթահարեն ընտանիքի եւ բժշկի հետ միասին», - նշեց Ավետիսյանը։

Լիլիթ Ավետիսյանը հերքեց նաեւ այն տեսակետը, ըստ որի լինում է լավ եւ վատ որակի կաթ։

«Կրծքի կաթի բաղադրությունն այնքան հետաքրքիր է, որ երեխայի պահանջներից կախված կարող է փոխվել։ Ամռան ամիսներին նոսրանում է՝ բավարարելով երեխայի ծարավը, ձմռանը խտանում է։ Հետծննդաբերական դեպրեսիայի որոշ գրականության մեջ նշվում է, որ հետծննդաբերական դեպրեսիայի տոկոսն ավելի ցածր է այն կանանց մոտ, որոնք կրծքով կերակրում են հենց առաջին օրվա ընթացքում։ Նշեմ, որ գիրանում են ոչ թե կրծքով կերակրման ընթացքում, այլ կերակրման ընթացքում սխալ խորհուրդներ լսելով»,- ընդգծեց Լիլիթ Ավետիսյանը։

Լիլիթ Ավետիսյանի խոսքով՝ մեր երկրում 45% դեպքերում երեխաները մինչեւ վեց ամսականը բացառապես սնվում են կրծքի կաթով։

«2010 թվականին այդ թիվը 35% էր։ Սակայն, եթե մեր երկրում ամեն ինչ կրծքով կերակրման մասով իդեալական լիներ, իրազեկման աշխատանքներ չէին լինի։ Կան միֆեր, որոնք պետք է կոտրվեն։ Մենք ամեն ինչ անում ենք այս ցուցանիշները բարելավվելու համար։ Մեր ցուցանիշը վատը չէ, սակայն լավ կլինի, եթե հասնենք 80 եւ ավելի տոկոսների», - ամփոփեց Ավետիսյանը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է