• Latest news

Գիտնականներն աուտոսոմային ռեցեսիվ պոլիկիստոզ երիկամների հիվանդության բուժման մոդելավորման համակարգ են մշակել 

23 սեպտեմբերի, 2022  10:23

Օրգանոիդները՝ լաբորատոր աճեցված բջիջներ կամ հյուսվածքներ, որոնք նման են օրգանների, հիվանդությունների մոդելավորման նոր գործիք են, սակայն հետազոտողները հաճախ դժվարանում են վերստեղծել կենսաֆիզիկական պայմանները, որոնցում օրգանները սկսում են աշխատել օրգանիզմում։

Դա հատկապես ակտուալ է մարդկային հիվանդությունների մոդելավորման ժամանակ, որոնք բջջային միկրոմիջավայրից խթաններ են պահանջում:

Մասաչուսեթսի՝ ընդհանուր պրոֆիլի հիվանդանոցի, Բրիգամի եւ կանանց հիվանդանոցի, Wyss ինստիտուտի եւ նրանց գործընկերներից բաղկացած հետազոտական ​​թիմը վերջերս օրգանոիդները միավորեցին «օրգան-չիպի ​​վրա» տեխնոլոգիայի հետ՝ հիվանդության եզակի պրոցեսը կրկնօրինակելու համար, որն ընկած է աուտոսոմային ռեցեսիվ պոլիկիստոզ երիկամների հիվանդության հիմքում:

Science Advances ամսագրում հրապարակված վերջին հետազոտության մեջ Քեն Հիրացուկիի եւ բժիշկ Ռյուջի Մորիզանեի ղեկավարած թիմը հայտնել է նոր մոդելավորման համակարգի օգտագործման մասին՝ երկու պոտենցիալ թերապեւտիկ միջոցների որոշման համար՝ աուտոսոմային ռեցեսիվ պոլիկիստոզ երիկամների հիվանդության բուժման նպատակով, որը այս պահին պաշտոնապես հաստատված բուժում չունի:

Աուտոսոմային ռեցեսիվ պոլիկիստոզ երիկամների հիվանդությունը հիվանդություն է, որը բնութագրվում է երիկամներում կիստաների ձեւավորմամբ, ինչն օրգանների մեծացման եւ երիկամների ֆունկցիայի աստիճանական կորստի է  հանգեցնում: Մահացությունն այս հիվանդությունից մանուկ հասակում 30 տոկոսի է հասնում: Փրկված հիվանդների 41 տոկոսին երիկամի փոխպատվաստում է անհրաժեշտ մինչեւ 11 տարեկան:

Հիվանդության հարուցիչը PKHD1 գենն է։

Հետազոտողներին հաջողվել է լաբորատորիայում մուտացված PKHD1 բջիջներ աճեցնել: Սակայն հիվանդության մոդելավորումը ստատիկ 3D օրգանոիդում անորոշ է, քանի որ այն պայմանավորված է բջջային մակերեսի մուտացիայով, որը խթանվում է մեզի հոսքով:

Այս խնդիրը հաղթահարելու համար թիմը 3D տպիչ է օգտագործել՝ պերֆուզիոն չիպ ստեղծելու համար, որը նմանակում է երիկամի ներսում գտնվող բջիջների միկրոմիջավայրը եւ թույլ է տալիս հեղուկին հոսել օրգանելների միջով։ Այսպիսով, թիմը երկու մեխանիկական զգայուն մոլեկուլներ (FOS եւ RAC1) է հայտնաբերել, որոնք պոտենցիալ թերապեւտիկ թիրախներ են այս հիվանդության դեպքում:

Թիմը նաեւ երկու դեղամիջոց (R-Naproxen եւ R-Ketorolact) է փորձարկել, որոնք արգելակում են RAC-1-ը, եւ մեկ նոր դեղամիջոց, որն արգելակում է FOS-ը (T-5224), որը, ինչպես ապացուցված է, բուժիչ ազդեցություն ունի այս մոդելներում:

Այժմ կլինիկական փորձարկումներ կպահանջվեն՝ այս թերապեւտիկ միջոցները աուտոսոմային ռեցեսիվ պոլիկիստոզ երիկամների հիվանդությամբ հիվանդների մոտ ուսումնասիրելու համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է