• Latest news

ՀԱՆ 30–ամյա գործունեության հիմնական ձեռքբերումն ակնաբուժության հասանելիությունն է ՀՀ բնակիչների համար. Ռոջեր Օհանեսյան

23 սեպտեմբերի, 2022  18:30

Ցեղասպանությունից փրկված պապս դանակ ուներ, որը միշտ սուր էր պահում, ասելով՝ «դանակը արյան կարոտ ունի»։ Երբ 12 տարեկան էի, այն ինձ նվիրեց եւ ասաց՝ պատրաստ լինեմ, մեկ օր հայրենիքս ինձ կանչելու է: Այդ ժամանակ չգիտեի, որ 40 տարի անց հեռագիր կստանամ հայրենիքից՝ օգնության խնդրանքով: Այս մասին այսօր, սեպտեմբերի 23-ին, «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի եւ Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի 20-րդ միջազգային համաժողովի բացմանն ասաց Հայկական ակնաբուժության նախագծի հիմնադիր նախագահ Ռոջեր Օհանեսյանը։

Նա նշեց, որ ապագա մասնագիտության իր ընտրության հարցում մեծ դեր է խաղացել տատիկը, որը տեսողության խնդիրներ ուներ: Իսկ Հայաստան գալու որոշման վրա ազդել են պապիկի պատմությունները, որը մասնակցել է 1920 թվականի ազատագրական պատերազմին: Վերցնելով պապի դանակը՝ Ռոջեր Օհանեսյանը մյուս բժիշկների հետ միասին Հայաստան է եկել, որն այդ ժամանակ պատերազմում էր հանուն Լեռնային Ղարաբաղի: Այդ ժամանակվանից սկսվեց նրա համագործակցությունը հայ բժիշկների հետ։

Հայկական ակնաբուժության նախագծի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանն իր խոսքում նշեց, որ 1992 թվականին ստեղծված նախաձեռնությունն ունի տեսլական՝ Հայաստանի ցանկացած բնակիչ պետք է որակյալ ակնաբուժական օգնության հնարավորություն ունենա, իսկ հայ ակնաբույժները՝ ամենաբարձրակարգ կրթության։

Նա նշեց, որ իր գործունեության ընթացքում Հայկական ակնաբուժության նախագիծը մի քանի նորարարույթուն է ներմուծել՝ շարժական հիվանդանոցը, հայ մասնագետների վերապատրաստումը Լոս Անջելեսում, առցանց կրթական հարթակը, Հայաստանի Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոնը, սիմուլյացիոն կենտրոնը և այլն։

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում Ռոջեր Օհանեսյանը նշեց, որ նախագծի 30–ամյա աշխատանքի հիմնական արդյունքը ակնաբուժության հասանելիությունն է Հայաստանի բնակիչների համար, և հայ ակնաբույժների մշտապես կրթվելու և վերապատրաստվելու հնարավորությունը, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում։

1992 թվականից ի վեր Ռոջեր Օհանեսյանի ջանքերով Հայաստանի բժշկական կենտրոնները, մասնավորապես՝ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը հագեցվել է նորագույն սարքավորումներով։ Ընթացքում Հայաստան բերվեց շարժական հիվանդանոցը, որը շրջում էր Հայաստանի մարզերով և օգնություն ցուցաբերում «Լույս հայի աչքերին» բարեգործական ծրագրի շրջանակում։ Հայաստանի 5 մարզերում բացվեցին հատուկ ակնաբուժական կենտրոններ, իսկ երեկ, սեպտեմբերի 22–ին Արմավիրում բացվեց Հայկական ակնաբուժության նախագծի առաջին ախտորոշիչ կենտրոնը։

Ռոջեր Օհանեսյանը հիշեցրեց, որ Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի տեսողության կենտրոնի տնօրեն Թոմաս Լիի հետ համագործակցությամբ Հայաստանում ստեղծվել է Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոնը, որի շնորհիվ բազմաթիվ անհաս ծնված երեխաներ ստանում են այնպիսի ակնաբուժական խնամք, որի բացակայության դեպքում նրանք երկու աչքով կկուրանան։ Եվ հավելեց, որ սա իրենց գործունեության միայն մեկ ուղղությունն է, դրանից բացի կան բազմաթիվ այլ ակնային հիվանդություններ, որոնք ժամանակին չբուժվելու և չախտորոշվելու հետևանքով տանում են կուրության։ «Եվ մենք աշխատում էնք տարբեր ոլորտներում ակնային խնամքն այնպիսի բարձր մակարդակի կազմակերպելու համար, որպեսզի հասարակությունում կուրանալու դեպքերը չլինեն», – ասաց նա։

«Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի եւ Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի 20-րդ միջազգային համաժողովը նվիրված է ակնաբուժությանը, նեոնատոլոգիային, ընդհանուր մանկաբուժությանը եւ մանկական ներզատաբանությանը: Այն կազմակերպված է Շաքարախտի համաշխարհային հիմնադրամի եւ Հայաստանում գործող ոլորտային մասնագիտական ասոցիացիաների հետ գործակցությամբ:

Միջազգային համաժողովի ընդգրկուն ծրագիրը նախատեսում է բազմաթիվ զեկույցներ, մասնագիտական քննարկումներ եւ աշխատաժողովներ ակնաբույժների, մանկաբույժների, նեոնատոլոգների, մանկական ներզատաբանների, այլ մանկական մասնագետների եւ ընտանեկան բժիշկների համար: Զեկույցները ոչ միայն Հայաստանից են, այլ նաեւ ԱՄՆ-ի եւ Եվրոպայի համաշխարհային ճանաչում ունեցող հիվանդանոցներից եւ համալսարաններից:

 _02_unnamed.jpg (213 KB)

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է