• Latest news

Մանկական կուրության կանխարգելման գերազանցության հայաստանյան կենտրոնը հավակնում է դառնալ տարածաշրջանային․ ամերիկացի բժիշկ

24 սեպտեմբերի, 2022  09:35

2014 թվականին Հայաստանում բացված Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոնը հավակնում է դառնալ  տարածաշրջանային նշանակության կենտրոն։ Այս մասին Երեւանում «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի եւ Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի 20-րդ միջազգային համաժողովի շրջանակում ասել է Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի Տեսողության կենտրոնի տնօրեն Թոմաս Լին։

Նա նշել է, որ այս կենտրոնի բժիշկներն արդեն մեծ փորձ են կուտակել եւ լավ հմտություններ են ձեռք բերել անհասների ռետինոպաթիայի կանխարգելման եւ բուժման գործում, եւ հարեւան երկրներից, ինչպես նաեւ Ուկրաինայից եւ Ղազախստանից բժիշկները գալիս են Հայաստան՝ յուրացնելու նրանց փորձը։

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում Թոմաս Լին ասաց, որ Հայաստանում անհասների ռետինոպաթիայի սքրինինգը սկսվել է 2010 թվականին։ 

Այնուհետեւ 2014 թվականին ստեղծվել է Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոնը, որտեղ հրավիրվել են օտարերկրյա հայտնի մասնագետներ՝ հայ երեխաներին վիրահատելու համար։ Որոշ ծանր դեպքերում Հայաստանից երեխաներին Սանկտ Պետերբուրգ են տարել վիրահատության։

Ինչպես ասաց Թոմաս Լին, իրենք արդեն ունեին հեռաբժշկության միջոցով ռետինոպաթիայի ախտորոշման եւ բուժման հայ մասնագետների վերապատրաստման փորձ։ Բայց երբ Հայաստանի առողջապահության նախարարությունը նրանց խնդրեց կազմակերպել առցանց ուսուցում բարդ վիրահատությունների համար, Թոմաս Լիի առաջին արձագանքը մերժումն էր:

«Բայց հետո հասկացա, որ հնարավորություն կա կազմակերպել վիրահատությունների ուղիղ հեռարձակում Երեւանից Լոս Անջելես։ Հայկական ակնաբուժության նախագծի մեր գործընկերներին խնդրեցինք նման վիրահատարան կազմակերպել անմիջապես նորածնային ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, քանի որ այս երեխաներին նորածնային բաժանմունքից ակնաբուժական կլինիկա տեղափոխել հնարավոր չէ: Եվ այս վիրահատարանում մենք կարողացանք ապահովել գերարագ ինտերնետ»,-ասաց նա։

Հեռարձակումը կազմակերպելու համար համագործակցություն է հաստատվել ամպային տեխնոլոգիաների SADA ընկերության եւ Microsoft-ի հետ։ Դրանից հետո երկու հայ բժիշկներ Լոս Անջելեսում չորսամսյա վերապատրաստում են անցել, իսկ Երեւան վերադառնալուն պես «տեսախցիկը միացրել են»։ Իսկ ԱՄՆ-ից  բժիշկները վիրահատությունների ժամանակ քայլ առ քայլ ուղղորդում էին հայ վիրաբույժներին։ Սա 2016 թվականին էր։

Այսօր Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցը հայ մանկաբույժներին օգնելու այլ ուղղություններ է փնտրում։ Հաջորդ շաբաթ Երեւանում ամերիկացի բժիշկների մասնակցությամբ կկայանա մանկական իմոնոլոգիայի, ալերգոլոգիայի, ներզատաբանության հարցերին նվիրված գիտաժողով։ 

Ի դեպ, 2017 թվականին Microsoft-ը ցուցադրեց Հայաստանում հեռաբժշկության մեջ իրենց տեխնոլոգիաների հաջող կիրառման եւ երկու հայ երկվորյակների կուրությունից փրկելու երջանիկ պատմության մասին տեսանյութ։

Microsoft Inspire 2017 (Edit Updated Jan. 2019) from Thomas Lee on Vimeo

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել