• Latest news

Հետազոտողները ուսումնասիրում են մահացու ուղեղի ուռուցքի բուժման հնարավոր տարբերակները

25 սեպտեմբերի, 2022  17:39

Դոկտոր Պանկաջ Դեսաիի լաբորատորիայում դրված հարցը հանգեցրել է մեկ տասնամյակի հետազոտությունների, կլինիկական փորձարկումների՝ հետագայում ամենամահաբեր ուղեղային ուռուցքի համար բուժման հնարավոր տարբերակ գտնելու համար:

Բժիշկ Դեսաին եւ նրա թիմը հետազոտություն են անցկացնում գլիոբլաստոմայի բուժման համար լետրոզոլ կոչվող դեղամիջոցի օգտագործման վերաբերյալ:

Գլիոբլաստոմաները ուղեղի ագրեսիվ ուռուցքներ են, որոնց մասին հիվանդները հաճախ անտեղյակ են լինում մինչեւ ախտանիշների ի հայտ գալը եւ ուռուցքի զգալիորեն մեծանալը: Ընթացիկ բուժումները ներառում են անհապաղ վիրահատություն՝ հնարավորինս անվտանգ հեռացնելու համար ուռուցքը, ճառագայթում եւ քիմիաթերապիա, սակայն ուռուցքը հաճախ կրկնվում է կամ դառնում է բուժմանը դիմացկուն: Միջին հաշվով, հիվանդը գոյատեւում է ախտորոշումից հետո ոչ ավելի, քան 15 ամիս:

Լետրոզոլ դեղամիջոցը հաստատվել է ԱՄՆ Սննդի եւ դեղերի վարչության կողմից կրծքագեղձի քաղցկեղով հետդաշտանադադարում գտնվող կանանց բուժման համար 2001 թվականին: Դեղը գործում է արոմատազ կոչվող ֆերմենտի վրա, որն առկա է կրծքագեղձի քաղցկեղի բջիջներում եւ օգնում է քաղցկեղի աճին:

Լաբորատորիայի վաղ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ֆերմենտը առկա է ուղեղի ուռուցքի բջջային գծերում, եւ հետագա փորձարկումները հայտնաբերել են արոմատազի շատ բարձր մակարդակներ սպիտակուցի եւ mRNA մակարդակներում առկա ուռուցքի նմուշներում: Այնուամենայնիվ, դա չի երաշխավորում, որ լետրոզոլը նույնքան արդյունավետ կլինի ուղեղի ուռուցքների դեպքում, որքան կրծքագեղձի քաղցկեղի ուռուցքների դեպքում:

Դեսաին բացատրել է, որ արյունաուղեղային արգելք կոչվող պաշտպանական համակարգը թույլ է տալիս միայն որոշ միացությունների ներթափանցել ուղեղ՝ ելնելով դրանց ֆիզիկական եւ քիմիական հատկություններից:

Կենդանիների մոդելների ուսումնասիրությունները ցույց են տվել լետրոզոլի արդյունավետությունը, եւ Դեսաիի հետազոտական ​​թիմը անցել է միացության փորձարկմանը՝ մարդու ուղեղի ուռուցքային հյուսվածքներից ստացված բջիջների վրա:

«Մենք տեսանք, որ լետրոզոլը շատ արդյունավետ է բջիջների կուլտուրայի մոդելներում ուռուցքային բջիջները սպանելու համար», - ասել է Դեսայը:

Գիտնականները սկսել են 0/1 փուլ կլինիկական փորձարկում՝ ստուգելու, թե լետրոզոլի որ չափաբաժինն է հարմար գլիոբլաստոմայի բուժման համար:

Փորձարկումը շուտով պետք է ավարտվի, սակայն Դեսաին նշել է, որ վաղ արդյունքները ցույց են տվել, որ դեղամիջոցը «միանշանակ» հասնում է իր թիրախին ուղեղի ուռուցքային հյուսվածքում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել