• Latest news

Ի՞նչ անվճար բժշկական ծառայություններ կարող են ակնկալել ռելոկանտները Հայաստանում

27 սեպտեմբերի, 2022  11:47

Հայաստանում օտարերկրյա քաղաքացիներին բժշկական օգնություն ցուցաբերելու կարգը որոշվում է տեղական օրենսդրությամբ, ինչպես նաեւ մի շարք միջազգային համաձայնագրերով։ Մասնավորապես, «Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների քաղաքացիներին բժշկական օգնություն ցուցաբերելու մասին» համաձայնագրով, «ԵԱՏՄ անդամ պետությունների աշխատողներին եւ ընտանիքների անդամներին բժշկական օգնություն ցուցաբերելու մասին» արձանագրությամբ եւ այլն։

Օտարերկրյա քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք (այդ թվում՝ մինչեւ 18 տարեկան երեխաները) Հայաստանում անվճար բուժօգնություն են ստանում հետեւյալ դեպքերում.

Շտապ եւ անհետաձգելի օգնություն

Հայաստանի օրենսդրությամբ՝ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող անձինք «պարտավոր են» շտապ եւ անհետաձգելի օգնություն ցուցաբերել յուրաքանչյուր անձի՝ «անկախ այդ օգնության վճարումը երաշխավորող հիմքերի առկայությունից եւ այլ հանգամանքներից»։

ԱՊՀ համաձայնագրում առավել մանրամասն նկարագրված են ԱՊՀ երկրների քաղաքացիներին երկրներից ցանկացածի տարածքում շտապ եւ անհետաձգելի օգնություն ցուցաբերելու դեպքերը՝ «դժբախտ պատահարների, թունավորումների, վնասվածքների, ծննդաբերության եւ հղիության ընթացքում անհետաձգելի իրավիճակների դեպքում»։ Այս օգնությունը տրամադրվում է «առանց որեւէ խոչընդոտի, անվճար եւ լրիվ ծավալով՝ ժամանակավոր բնակության պետության տարածքում, բուժկանխարգելիչ հաստատությունների կողմից՝ անկախ կազմակերպչաիրավական ձեւերից, գերատեսչական պատկանելությունից եւ նրանց սեփականության ձեւերից»:

Շրջապատի համար վտանգավոր հիվանդություններ

Հայաստանի կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 27-ի N 1286 որոշմամբ հաստատվել է հատկապես վտանգավոր հիվանդությունների ցանկը, որոնց բուժումն իրականացվում է պետպատվերի շրջանակներում։ Ցանկում ներառված են այնպիսի վարակիչ հիվանդություններ, ինչպիսիք են տուբերկուլյոզը (բոլոր տեսակները), աղիքային վարակները, ջրծաղիկը, սիբիրախտը, բրուցելյոզը, տուլյարեմիան, դիֆթերիան, մենինգակոկային վարակը, կապույտ հազը, ՄԻԱՎ-ը, պոլիոմիելիտը, վիրուսային հեպատիտը, մալարիան, լեյշմանիոզը, կատաղությունը, փայտացումը, հեմոռագիկ տենդը եւ այլն։

Ինչ վերաբերում է կորոնավիրուսային վարակին, ապա դրա հայտնաբերման պահից Հայաստանում օտարերկրյա քաղաքացիներին բուժօգնությունը նույնպես տրամադրվում է անվճար, պետպատվերի շրջանակներում։ Կորոնավիրուսային վարակի դեմ օտարերկրյա քաղաքացիների պատվաստումը նույնպես անվճար է իրականացվում։

Մնացած բոլոր դեպքերում Հայաստանի տարածքում օտարերկրյա քաղաքացիների բուժսպասարկումն իրականացվում է վճարովի հիմունքներով։

Մասնավորապես, ըստ ԱՊՀ-ի եւ ԵԱՏՄ-ի համաձայնագրերի, օտարերկրյա քաղաքացուն շտապօգնության ցուցաբերումից հետո «սկսած այն պահից, երբ արդեն վերացվել է հիվանդի կյանքին կամ շրջապատողների առողջությանը սպառնացող վտանգը», բժշկական օգնության հետագա տրամադրումը իրականացվում է վճարովի հիմունքներով։ Նույնը վերաբերում է պլանային բժշկական սպասարկմանը։

Համաձայն «Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների քաղաքացիներին բժշկական օգնություն ցուցաբերելու մասին» համաձայնագրի՝ «ժամանակավոր բնակության պետությունում քաղաքացիներին պլանային բժշկական օգնություն ցուցաբերվում է վճարովի հիմունքներով, ըստ պայմանագրային գների կամ գործող գնացուցակի փոխհաշվարկներ կատարելով»։

Առողջության առաջնային պահպանում

Հայաստանում պահպանվել է հին խորհրդային պոլիկլինիկական համակարգը՝ թաղային բժիշկներով, սակայն Հայաստանի քաղաքացիներն իրավունք ունեն ընտրել իրենց թաղային կամ ընտանեկան բժիշկներին՝ առանց իրենց բնակության վայրի հետ կապի։ Կան մի շարք մասնավոր բժշկական կլինիկաներ եւս, որոնք առաջարկում են նաեւ առաջնային օղակի ծառայություններ: Հայաստանի քաղաքացիների համար այս ծառայությունները տրամադրվում են պետպատվերի շրջանակներում։ Անվճար է նաեւ երեխաների պատվաստումն ըստ Պատվաստումների ազգային օրացույցի:

Հայաստանում ժամանակավոր բնակվող օտարերկրյա քաղաքացիները նույնպես առաջնային օղակի ցանկացած հաստատությունում կարող են ընտրել թաղային կամ ընտանեկան բժշկի՝ անկախ գտնվելու վայրից եւ սեփականության ձեւից, եւ գրանցվել նրա մոտ։ Նույնը վերաբերում է նաեւ մանկաբույժներին: Բայց նրանց համար ծառայությունները վճարովի են՝ գործող գնացուցակով, այդ թվում՝ երեխաների պատվաստումը։

Հատուկ կացության կարգավիճակ

Հատուկ կացության կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացիները Հայաստանում օգտվում են լրացուցիչ արտոնություններից։ Մասնավորապես, նրանք իրավունք ունեն անվճար բժշկական սպասարկում ստանալ առողջության առաջնային պահպանման հաստատություններում՝ նախապես ընտրելով հաստատությունն ու բժշկին, եւ պատշաճ կերպով գրանցվելով։

Նրանք նաեւ իրավունք ունեն անվճար հիվանդանոցային (թերապեւտիկ եւ վիրաբուժական) բուժօգնություն ստանալ, ինչպես նաեւ հատուկ եւ դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ, եթե պատկանում են սոցիալապես անապահով եւ բնակչության հատուկ խմբերին, որոնք սահմանված են Հայաստանի կառավարության 04.03.2004թ. «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության մասին» N 318-Ն որոշմամբ։

Այդ խմբերը ներառում են՝ 38 եւ ավելի միավորով աղքատության նպաստ ստացողներին, I, II եւ III խմբերի հաշմանդամներին, հաշմանդամություն ունեցող երեխաներին (մինչեւ 18 տարեկան), Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցներին եւ նրանց հավասարեցված անձանց, միակողմանի ծնողազուրկ երեխաներին (մինչեւ 18 տարեկան) եւ առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին, բազմազավակ ընտանիքների երեխաներին (4 եւ ավելի երեխաներ), զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, Չեռնոբիլի վետերաններին, բռնադատվածներին, նախազորակոչային եւ զորակոչային տարիքի տղամարդկանց, զինվորականների եւ նրանց ընտանիքների անդամներին, ձերբակալվածներին եւ ազատազրկման դատապարտվածներին, մանկատների եւ ծերանոցների խնամակալության տակ գտնվողներին, մինչեւ 18 տարեկան երեխաներին, որոնք հաշվառված են դիսպանսերում։

Ապաստան հայցող անձինք

Հայաստանում ապաստան հայցողները եւ նրանց ընտանիքի անդամները նույնպես անվճար բժշկական օգնության իրավունք ունեն, եթե նրանք պատկանում են վերը թվարկված խմբերից որեւէ մեկին:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։