• Latest news

Մեծ Բրիտանիան կարծես թե հաղթահարում է կապիկի ծաղիկը

3 հոկտեմբերի, 2022  09:47

Վարակիչ հիվանդությունների մոդելավորման գծով բրիտանացի առաջատար մասնագետ, պրոֆեսոր Նիլ Ֆերգյուսոնի խոսքով՝ կապիկի ծաղիկի հետ կապված իրավիճակը Մեծ Բրիտանիայում «շատ դրական» է, քանի որ հիվանդության դեպքերի թիվը շարունակում է նվազել, տեղեկացրել է BBC-ին։

Պրոֆեսոր Ֆերգյուսոնի կարծիքով՝ պատվաստանյութերը եւ զգոնությունն օգնել են նվազեցնել հիվանդության դեպքերի թիվն առավելագույնից, որը նկատվել էր այս տարվա հուլիսին։

Կապիկի ծաղիկի շուրջ իրարանցումը սկսվեց մայիսին, երբ Մեծ Բրիտանիայում նկատվեցին հիվանդության դեպքեր, որոնք սովորաբար բնորոշ են միայն Աֆրիկայի որոշ շրջանների համար։

Մեծ Բրիտանիայում գրանցվել է հիվանդության ավելի քան 3 500 դեպք, բայց վերջին շաբաթներին վարակի 100 նոր դեպքից ավելի պակաս է գրանցվել։

Պրոֆեսոր Ֆերգյուսոնը, որը Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի դեմ պայքարի առաջամարտիկներից է եւ ներկայում կառավարության խորհրդականն է կապիկի ծաղիկի հարցերի վերաբերյալ, նշել է, որ փորձագետները դեռեւս քննարկում են, թե ինչու է հիվանդության դեպքերի թիվն սկսել նվազել ամռան կեսից։

«Մենք լիովին համոզված չենք այն հարցում, թե ինչու է այդպես։ Սկսվել է պատվաստումը, եւ դա, հավանաբար, որոշ ազդեցություն ունեցել է, բայց դա ամեն բան չի բացատրում։ Ամենահավանական վարկածն այն է, որ տեղի են ունեցել զգալի փոփոխություններ առավել տուժած բնակչության, այն է՝ տղամարդկանց հետ սեռական շփումներ ունեցող տղամարդկանց վարքագծում»,- նշել է փորձագետը։

Երկյուղներ կային, որ կապիկի ծաղիկը կարող է համաճարակային դառնալ, ինչը կնշանակեր, որ այն մշտապես ներկա կլիներ Մեծ Բրիտանիայում եւ այլ երկրներում, որոնք սովոր չէին նման հիվանդության մինչեւ այս տարի։

Պրոֆեսոր Ֆերգյուսոնը նշել է նաեւ, որ հիվանդության դեպքերը Եվրոպայում եւ Հյուսիսային Ամերիկայում աստիճանաբար նվազում են։ Նա ենթադրել է, որ եթե հիվանդությունը պահպանվի էլ, ապա «ամենայն հավանականությամբ, սպորադիկ ցածր մակարդակում»։

Այլ երկրներում նույնպես նկատվել են բռնկումներ, եւ ակնհայտ է դարձել, որ տեղի է ունեցել վիրուսի փոխանցում մարդուց մարդուն, ընդ որում՝ դեպքերի ճնշող մեծամասնությունում դրանք տղամարդիկ էին, որոնք սեռական կապեր էին ունեցել տղամարդկանց հետ։

Մայիսից ամբողջ աշխարհում գրանցվել է հիվանդության ավելի քան 65 000 դեպք, եւ հուլիսին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այս հիվանդության հետ կապված՝ հայտարարել է արտակարգ դրություն առողջապահության ոլորտում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել