• Latest news

Ռազմական գործողությունների ընթացքում բժիշկների վրա հարձակումը հանցագործություն է. ԱՀԿ

5 հոկտեմբերի, 2022  12:19

ԱՀԿ-ն միանշանակ դատապարտում է ցանկացած հարձակում բժիշկների վրա, եւ դա նշվում է ԱՀԿ հիմնադիր փաստաթղթերում եւ բանաձեւերում։ Այս մասին Հայաստանում ընթացող Արագ արձագանքման բժշկական թիմերի 5-րդ գլոբալ հանդիպման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԱՀԿ Առողջապահական արտակարգ իրավիճակների ծրագրի գործադիր տնօրեն Մայքլ Ռայանը։

Նա նշեց, որ, ցավոք, վերջին տարիներին տարբեր կոնֆլիկտային գոտիներում բժիշկների վրա հարձակումների դեպքերը շատացել են, եւ դա միանշանակ անընդունելի է, դա հանցագործություն է եւ պետք է դատապարտվի։

ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի արտակարգ իրավիճակների գծով տնօրեն Ջերալդ Ռոքենշաուբը նշեց, որ բոլոր նման դեպքերը փաստաթղթավորված են այն երկրների ԱՀԿ գրասենյակներում, որտեղ հարձակումներ են կատարվել բժշկական անձնակազմի վրա: Ե՛վ ԱՀԿ գլխավոր տնօրենը, եւ՛ տարածաշրջանային գրասենյակները դատապարտում են այս արարքները, եւ այդ մասին անընդհատ խոսվում է։

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, իր հերթին, նշեց, որ ինչպես 2020 թվականին, այնպես էլ Հայաստանի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայի ժամանակ բոլոր թիրախային հարձակումները շտապօգնության բրիգադների վրա փաստաթղթավորվել եւ ներկայացվել են մոնիթորինգային բոլոր օղակներին։

«Վստահ եմ, որ դրանք կդառնան  ընդդեմ Ադրբեջանի միջազգային ատյաններում Հայաստանի հայցերի մաս։ Այդ գործողությունները, որոնք հակասում են միջազգային մարդասիրական բոլոր նորմերին եւ նույնիսկ պատերազմի օրենքներին, պետք է խստորեն դատապարտվեն»,-ասաց նա։

Հարցին, թե արդյոք ԱՀԿ-ն ունի ավելի գործուն մեխանիզմներ, բացի բուժաշխատողների վրա հարձակումները փաստագրելուց եւ դատապարտելուց՝ ռազմական հանցագործներին պատասխանատվության ենթարկելու համար, Մայքլ Ռայանը նշեց, որ ԱՀԿ-ն նման գործառույթ չունի։

«ԱՀԿ-ն չի կարող հետաքննել կամ քրեական պատասխանատվության ենթարկել այս դեպքերը։ Կազմակերպությունը նման գործառույթ չունի, քանի որ այն ենթադրում է քրեաբժշկական փորձաքննության անցկացում, ապացույցների հավաքագրում եւ այլն։ Բայց գլխավոր քարտուղարը եւ Միջազգային քրեական դատարանը իրավասու են քննել նման գործերը։ Եվ Միջազգային քրեական դատարանում նման գործեր քննելիս հիմնվում են ԱՀԿ փաստաթղթերի վրա»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է նրան, որ Ադրբեջանում բուժօգնություն չեն ցուցաբերում վիրավոր հայ ռազմագերիներին, բժիշկ Ռայանը նշեց, որ ռազմագերիների հարցերով զբաղվում են ՄԱԿ-ը եւ Կարմիր Խաչը, այլ ոչ թե ԱՀԿ-ն։

Հոկտեմբերի 5-ին Երեւանում բացվել է Արագ արձագանքման բժշկական թիմերի 5-րդ գլոբալ հանդիպումը, որը համախմբել է ավելի քան 500 մասնակից 100 երկրներից եւ կազմակերպություններից, այդ թվում՝ միջազգային առողջապահական կազմակերպությունների ղեկավարներ, տարբեր երկրների առողջապահության նախարարներ, արագ արձագանքման ոլորտի փորձագետներ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել