• Latest news

Կարելի՞ է արդյոք «բարձրացնել իմունիտետը»

7 հոկտեմբերի, 2022  16:58

«Իմունիտետ բարձրացնել» արտահայտությունը ճիշտ չէ, քանի որ այն «բարձրացնելը» պարզապես անհնար է, հավաստիացրել են իմունաբանները, բայց կարելի է իմունային համակարգի համար աշխատանքի լավ պայմաններ ապահովել։

Բանն այն է, որ իմունային համակարգը բաղկացած է բազմաթիվ բաղադրիչներից, որոնք շատ դժվար են փոխգործակցում միմյանց հետ։ Համակարգի այդ բոլոր մասերը պետք է աշխատեն համաձայնեցված՝ պահպանելով հավասարակշռվածությունը։ Առանձին օղակների վրա ներգործությունը, հատկապես դեղամիջոցներով, որոնք ապացուցված արդյունավետություն չունեն, ոչ միայն օգտակար չեն, այլեւ կարող են վնասակար լինել։

Ուստի, իմունիտետի արդյունավետ աշխատանքի եւ հիվանդություններից պաշտպանության ամենալավ միջոցը հիգիենայի եւ առողջ կենսակերպի նորմերին հետեւելն է։

Խորհուրդներ հիգիենայի վերաբերյալ.

  • Լվացեք ձեռքերն օճառով՝ ուտելիք պատրաստելուց եւ զուգարան գնալուց հետո։
  • Փռշտալիս եւ հազալիս թաշկինակով կամ արմունկով փակեք բերանն ու քիթը։  
  • Ապահովեք վերքերի, կտրվածքների եւ մակերեսային այլ վնասվածքների մաքրությունը։
  • Ձեռք մի տվեք ապաքինվող վերքերին եւ մի սեղմեք թարախաբշտերի մակերեսը, որպեսզի խուսափեք վարակի տարածումից։
  • Ձեռքերն օճառով լվացեք հում մթերքների հետ գործ ունենալուց առաջ եւ հետո։
  • Լավ լվացեք բանջարեղենն ու մրգերն օգտագործելուց առաջ։
  • Առանձնացրեք հում եւ պատրաստի մթերքները, մի օգտագործեք նույն սպասքը եւ կտրելու տախտակները հում եւ պատրաստի մսի, ձկան կամ թռնամսի համար։
  • Նախընտրելի է օգտագործել ջերմային մշակման ենթարկված միս, ձուկ կամ թռչնամիս։
  • Մթերքներն ապասառեցնելու համար օգտագործեք սառնարանը կամ միկրոալիքային վառարանը։
  • Օգտագործեք միայն մաքուր ջուր խմելու եւ սնունդ պատրաստելու (ինչպես նաեւ ատամները մաքրելու) համար։

Խորհուրդներ առողջ ապրելակերպի մասին.

  • Հրաժարվել ծխելուց։ Ծխելը խախտում է իմունային ռեակցիաների հավասարակշռությունը եւ նպաստում քրոնիկական բորբոքային պրոցեսի առաջացմանն օրգանիզմում, ինչը նվազեցնում է օրգանիզմի՝ վարակներին դիմադրելու ունակությունը։ Բացի այդ, ծխելը կապում են աուտոիմունային հիվանդությունների բարձր ռիսկի հետ։
  • Ալկոհոլի օգտագործման սահմանափակումը։ Ալկոհոլի չափից ավելի օգտագործումը ճնշում է իմունային պաշտպանության ակտիվությունը։ Միեւնույն ժամանակ, ոգելից խմիչքների ոչ մեծ չափաբաժինների ազդեցությունն իմունիտետի վրա նախկինի պես քննարկվում է։
  • Մարմնի օպտիմալ զանգվածի պահպանումը։ Մարմնի ավելորդ զանգվածը կապված է ճարպային հյուսվածքի կուտակման հետ, որն արտադրում է կարգավորիչ շատ գործոններ, որոնք ազդում են այլ օրգանների եւ հյուսվածքների վրա։ Ճարպակալումը կապված է նաեւ դանդաղ ընթացող քրոնիկական բորբոքման հետ, ինչը բացասաբար է ազդում վարակների դեմ պաշտպանության վրա։ Մարմնի չափից փոքր զանգվածը նույնպես կապված է պաթոգեններից պաշտպանվելու օրգանիզմի նվազած ունակության հետ։
  • Ֆիզիկական ակտիվությունը։ Չափավոր ֆիզիկական ակտիվությունը կարող է բարելավել իմունային համակարգի գործունեությունը։ Դա կապված է ոչ միայն մարմնի զանգվածի պոտենցիալ նվազման, այլեւ վարժությունների ընդհանուր հակաբորբոքային էֆեկտի հետ։  
  • Հավասարակշռված սնունդը։ Ինչպես եւ օրգանիզմի ցանկացած այլ համակարգի համար, իմունայինի համար նույնպես կարեւոր է վիտամիններ, միկրոտարրեր եւ սննդարար նյութեր ընդունելը սննդի հետ։ Բացի այդ, եթե իմունային համակարգն ակտիվացվել է (օրինակ, հիվանդության շրջանում), այն պահանջում է նաեւ լրացուցիչ աջակցություն։ Թերսնվելը նվազեցնում է օրգանիզմի պաշտպանության արդյունավետությունը։ Այդ նույն էֆեկտն, ըստ երեւույթին, ունի նաեւ օրգանիզմում առանձին տարրերի (ցինկ, սելեն, երկաթ, պղինձ, ֆոլաթթու, վիտամիններ  А, В6, С եւ Е) անբավարարությունը։

Որակյալ հանգիստը եւ քունը։ Քրոնիկական սթրեսը բարձրացնում է մակերիկամների հորմոնների մակարդակը, որոնք խախտում են փոխգործակցությունը իմունային համակարգի բաղադրիչների միջեւ եւ նրա առանձին բաղադրիչների ակտիվությունը՝ նվազեցնելով նրա պաշտպանական հատկությունները։ Նույն էֆեկտն ունի նաեւ քնի ժամանակի կրճատումը, որը հանգեցնում է քրոնիկական բորբոքային պրոցեսի։ Մարդը պետք է քնի բավականաչափ (օրը 7-8 ժամ), որպեսզի իմունային համակարգը կարողանա պահպանել իր պաշտպանական գործառույթները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։