• Latest news

«Հայկական ակնաբուժության նախագիծը» Տեսողության համաշխարհային օրվա առթիվ իրականացրեց Բաց դռների օր

13 հոկտեմբերի, 2022  13:30

Այսօր տեսողության համաշխարհային օրն է: Այս տարի օրվան նվիրված միջոցառումներն անցկացվում են «Սիրե՛ք ձեր աչքերը» կարգախոսի ներքո՝ նպատակ ունենալով հասարակության ուշադրությունը հրավիրել ձեռքբերովի կուրության եւ տեսողական խանգարումների հետ կապված հիմնահարցերի վրա:

«Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամը (ՀԱՆ) ՀՀ առողջապահության նախարարության հետ գործակցությամբ Տեսողության համաշխարհային օրը նշում է 2003թ.-ից: Այս տարի իր ընթացիկ աշխատանքներին զուգահեռ ՀԱՆ-ը երեք հիմնական միջոցառում իրականացրեց՝ «բաց դռների օր» Արմավիրի մարզային ակնաբուժական ախտորոշման նորաբաց կլինիկայում, երեխաների ակնային ընդհանուր հետազոտություն «ՕՐՐԱՆ» բարեգործական հասարակական կազմակերպությունում եւ առցանց հանդիպում-քննարկում մանկական ակնաբույժի հետ:

ՀԱՆ-ի Արմավիրի մարզային ակնաբուժական ախտորոշման նորաբաց կլինիկայում Աչքի շարժական հիվանդանոցի բուժանձնակազմը տեղի ակնաբույժների հետ իրականացրեցին քաղաքացիների ընդունելություն, ակնային խորացված հետազոտություններ եւ խորհրդատվություն՝ միաժամանակ տեղի գործընկերներին փոխանցելով իրենց փորձը:  

ՀԱՆ-ի ակնաբուժական խումբն այցելեց նաեւ «ՕՐՐԱՆ» բարեգործական հասարակական կազմակերպություն՝ ակնային ընդհանուր հետազոտություն իրականացնելու, անհրաժեշտության դեպքում նաեւ օպտիկական ակնոցներ տրամադրելու համար: Կենտրոնի շահառու այն երեխաները եւ դեռահասները, ում մոտ հետազոտության արդյունքում կբացահայտվեն տեսողության խանգարումներ, կուղղորդվեն Երեւանի առաջատար ակնաբուժական կենտրոններ՝ մանրակրկիտ հետազոտության եւ բուժման:

311308111_525080522959108_7846997572822320198_n.jpg (75 KB)

A7R00698.jpeg (1.12 MB)

ՀԱՆ-ը «Իմ փոքրիկ» տեղեկատվական հարթակի հետ գործակցությամբ օրվա երկրոդ կեսին կանցկացնի առցանց հանդիպում-քննարկում մանկական ակնաբույժի հետ: Ակնային առողջության եւ անվտանգության վերաբերյալ կարեւոր տեղեկատվությանը զուգահեռ ծնողները հնարավորություն կստանան ուղիղ եթերում իրենց հուզող հարցերի պատասխանները ստանալ մանկական ակնաբույժ Մարիամ Հովհաննիսյանից:

Կուրության կանխարգելման միջազգային գործակալության տվյալներով՝ աշխարհում 1.1 միլիարդ մարդու համար ակնային խնամքը հասանելի չէ, եւ վերջիններս տեսողության լուրջ խնդիր ունեն: Տեսողությունը կորցրած մարդկանց 90%-ն ապրում է ցածր եւ միջին եկամուտ ունեցող երկրներում, իսկ չբուժված թույլ տեսողության պատճառով ամեն տարի աշխարհում 411մլդ դոլարին համարժեք արտադրողականության կորուստ է լինում:

ՀԱՆ-ը 2003թ.-ից ի վեր ակնաբուժական հետազոտություններ եւ բուժում է իրականացնում ՀՀ մարզերի բնակչության շրջանում: ՀԱՆ-ը Աչքի շարժական հիվանդանոցում եւ «Լույս հայի աչքերին» ծրագրի շրջանակներում իրականացրել է շուրջ 500.000 ակնային ստուգում, կատարել է 31.000-ից ավելի ակնային վիրահատություն եւ լազերային միջամտություն, բաժանել է ավելի քան 77.000 ակնոց:

ՀԱՆ-ի երկարամյա աշխատանքների վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանում աչքի հիվանդություններն առավել տարածված են 50 և ավելի տարեկան բնակչության շրջանում: Տարիքային այս խմբում տեսողության խաթարման տարածվածությունը 1.8 անգամ ավելի բարձր է՝ քան ընդհանուր առմամբ մեծահասակների շրջանում և կազմում է 8.4%, կատարակտի տարածվածությունը` 27%, մակուլյար դեգեներացիայինը՝ 6.5%, գլաուկոմայինը՝ 3.4%, դիաբետիկ ռետինոպաթիայինը՝ 4.4%: Հայաստանի մեծահասակ բնակչության (16+ տարեկան) շուրջ 13%-ն ունի կուրության բերող առնվազն մեկ ակնային հիվանդություն, այսինքն` ունի խոցելի ակնային առողջություն: 50 և ավելի տարեկանների շրջանում խոցելի ակնային առողջություն ունեցողների ներկայացվածությունը գրեթե 3 անգամ ավելին է և կազմում է 37%: 50-ից հետո խոցելի ակնային առողջություն ամենացածր հավանականությունն ունեն 50-54 տարեկանները (23.8%): Դրանից հետո կյանքի յուրաքանչյուր լրացուցիչ 5 տարին ավելացնում է խոցելի ակնային առողջություն հավանականությունը 9%-ով:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել