• Latest news

Հայտնաբերվել է Ալցհեյմերի հիվանդության բուժման նոր մոտեցում

24 նոյեմբերի, 2022  14:43

Բելգիայի, Ռուսաստանի եւ Իտալիայի գիտնականները հայնաբերել են Ալցհեյմերի հիվանդության բուժման նոր մոտեցում։ Դա հետագայում թույլ կտա ստեղծել դեղամիջոցներ հիվանդության դեմ պայքարելու համար, որն այժմ անբուժելի է համարվում։

Հետազոտողները պարզել են, որ ուղեղում որոշ ռեցեպտորների ակտիվացումը վերացնում է այն պրոցեսները, որոնք կապված են Ալցհեյմերի հիվանդության հետ։ Գիտնականներն արդեն փորձարկել են մեթոդիկան լաբորատոր կենդանիների վրա եւ արձանագրել, որ փորձնական բուժում ստացած կրծողների մոտ մասամբ վերականգնվել են կոգնիտիվ ֆունկցիաները եւ հիշողությունը։ Արդյունքները հրապարակվել են International Journal of Molecular Sciences ամսագրում, RT-ին տեղեկացրել են Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի մամուլի ծառայությունում։

Ալցհեյմերի հիվանդության ժամանակ, որով աշխարհում տառապում է մոտ 27 մլն մարդ, կապն ուղեղի նեյրոնների միջեւ խախտվում է, ինչը հանգեցնում է մտածողության մարման եւ հիշողության կորստի։ Հետազոտության հեղինակներն ապացուցել են, որ ուղեղի նորմալ աշխատանքը հնարավոր է մասնակի վերականգնել՝ նեյրոններում ակտիվացնելով ամինների (ամինաթթուների մոլեկուլյար մնացորդներ, որոնք առկա են ուղեղում) հանդեպ հատուկ ռեցեպտորները։

Այսպես կոչված հետքային ամինների մոլեկուլները վաղուց հայտնաբերվել են ուղեղի հյուսվածքներում։ Դրանք իրենց կառուցվածքով հիշեցնում են դոֆամինի եւ սերոտոնինի հորմոնների մոլեկուլներ։ Գիտնականները երկար ժամանակ չգիտեին, թե արդյոք ամիններն ինչ-որ դեր խաղում են նյարդային գործունեության մեջ։ Բայց ամինների հանդեպ հատուկ ռեցեպտորների հայտնաբերումը ցույց է տվել, որ այդ միացությունները մասնակցում են ուղեղի նեյրոնների աշխատանքին։

Գիտնականները կենտրոնացել են TAAR1 ռեցեպտորի վրա եւ պարզել, որ դրա ակտիվացումը կարող է որոշ չափով կարգավորել Ալցհեյմերի հիվանդությամբ տառապողների ուղեղի աշխատանքը։ Բանն այն է, որ այդ ակտիվացումն արթնացնում է նեյրոնների միջեւ ազդանշանների հաղորդման համակարգը, որը մահանում է Ալցհեյմերի հիվանդության ժամանակ։

Խոսքը գլուտամատային նեյրոմեդիատոր համակարգի մասին է։ Գլուտամատի նեյրոնները կարող են ոչ միայն ուժեղացնել սննդի համը, այլեւ միմյանց հետ կապել մարդու ուղեղի նեյրոնները. դրանք այդ հաղորդիչն ընկալում են շնորհիվ գլուտամատի հանդեպ հատուկ ռեցեպտորների առկայության։ Ալցհեյմերի հիվանդության ժամանակ այդ ռեցեպտորները դադարում են աշխատել, իսկ նեյրոնների միջեւ կապերը խախտվում են։

Հետազոտության հեղինակները  բջջային մակարդակում վերարտադրել են այն քիմիական պրոցեսները, որոնք ընթանում են Ալցհեյմերի հիվանդությամբ տառապող մարդու ուղեղում։ Փորձասրվակում TAAR1 ռեցեպտորի ակտիվատոր ավելացնելով՝ գիտնականները տեսել են, թե ինչպես են մահացած գլուտամատային ռեցեպտորները նորից ակտիվացել։

Դեմենցիայով տառապող մկների մի խմբին նեյրոկենսաբանները ներարկել են TAAR1 ակտիվատոր, երկրորդը թերապիա չի ստացել։ Արդյունքում՝ առաջին խմբի կենդանիները ոչ միայն սկսել են շատ ավելի հանգիստ պահել իրենց, այլեւ նրանց մոտ նկատվել է հիշողության բարելավում։ Բուժում ստացած կրծողներն ավելի լավ են լուծել հատուկ թեստերը, քան ստուգիչ խմբի մկները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է