• Latest news

Որո՞նք են առողջության համապարփակ ապահովագրության նոր հայեցակարգի սկզբունքային փոփոխությունները  

2 դեկտեմբերի, 2022  16:22

Առողջապահության համապարփակ ապահովագրության հայեցակարգի երկու սկզբունքային փոփոխությունները փուլային ներդրումն է և ապահովագրավճարի տոկոսային դրույքաչափից անցումն է ֆիքսված մասնակցության վճարների։  Այս մասին այսօր, դեկտեմբերի 2–ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱՆ առողջապահության ֆինանսավորման փորձագետ Սամվել Խարազյանը։

Ըստ նրա, Ֆիքսված ապահովագրավճարը կհամաֆինանսավորվի պետության կողմից, և համաֆինանսավորման սկզբունքը լինելու է սոցիալական և առողջապահական ռիսկերի հավասարակշռումը։

«Սոցիալական ռիսկերի հավասարակշռումը նախ և առաջ հաշվի է առնում տարիքը, և պետությունն ամբողջությամբ ֆինանսավորելու է մինչև 18 տարեկանների և 63–ից բարձր անձանց ապահովագրավճարը։ Տարիքային ռիսկը նման ձևով հավասարակշռվում է», – ասաց նա։

Երկրորդ սոցիալական ռիսկը, ըստ մասնագետի եկամտից կախված ռիսկն է։ Այս ռիսկը հավասարակշռելու համար կսահմանվի եկամտի որոշակի սանդղակ, և ավելի քիչ եկամուտներ ունեցող անձինք ավելի քիչ ապահովագրավճար կվճարեն, իսկ տարբերությունը կհամաֆինանսավորվի պետության կողմից։ Նա հիշեցրեց, որ ներկայումս շրջանառվում է ֆիզիկական անձանց եկամուտների պարտադիր հայտարարագրման հայեցակարգը, և այն ուժի մեջ մտնելու դեպքում եկամուտները հայտարարագրած անձանց սոցիալական վճարները՝ այդ թվում և առողջության ապահովագրավճարները կարող են նվազեցվել եկամտահարկից։

Երրորդ սոցիալական ռիսկը, ըստ Սամվել Խարազյանի՝ անձի խոցելիությունն ու կյանքի խոչընդոտներն են, որոնք հիմնականում հաշմանդամություն ունեցող անձանց են վերաբերում։ «Նրանց հաշմանդամությունը որոշվելու է ըստ խոչընդոտների, այլ ոչ՝ ըստ ախտորոշման, և ըստ դրա որոշվելու է պետության համաֆինանսավորման չափը», – նշեց նա։ 

Գործազուրկների պահով նախատեսվում է, որ այն անձինք, ովքեր գրանցված կլինեն որպես վարձու աշխատողներ և կունենան ապահովագրություն, և ինչ–որ պատճառներով կզրկվեն աշխատանքից, դեռևս 3 ամիս շարունակ կունենան ապահովագրական ծածկույթից օգտվելու հնարավորություն։ «Դա այն շրջանն է, որի ընթացքում ենթադրվում է, որ նրանք ձեռք կբերեն նոր աշխատանք, կամ վատագույն դեպքում կընդգրկվեն սոցիալական այլ ռիսկերի խմբում և բնականաբար նորից կսուբսիդավորվեն», – ասաց նա։

Հիշեցնենք, որ առողջապահության համապարփակ ապահովագրությունը նախատեսվում է ներդնել Հայաստանում փուլերով՝ 2023-2027 թթ, ապահովագրական փաթեթի և ապահովագրավճարների չափը վերջնական կորոշվի 2023 թվականին՝ 2022 թվականի տվյալների վերլուծության հիման վրա։  

Ինչպե՞ս է ներդրվելու առողջության համապարփակ ապահովագրությունը. Պարզաբանում է փորձագետը

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել