• Latest news

Ապահովագրությունը կծածկի նաեւ էնդոպրոթեզների եւ ստենտների արժեքը. փորձագետ

2 դեկտեմբերի, 2022  19:38

Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության ծածկույթը կներառի նաեւ մի շարք թանկարժեք վիրահատություններ, օրինակ՝ էնդոպրոթեզավորումը կամ սրտի վիրահատությունները, որոնք այսօր շատ հաճախ մարդկանց աղքատացման պատճառ են դառնում։ Այս մասին դեկտեմբերի 2-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց առողջապահության ֆինանսավորման փորձագետ Սամվել Խարազյանը՝ պատասխանելով NEWS.am Medicine-ի հարցին։

Նա պարզաբանեց, որ ապահովագրությունը կծածկի ոչ միայն վիրահատությունների, այլեւ էնդոպրոթեզների ու ստենտների արժեքը։ «Իհարկե, կլինեն որոշակի սահմանափակումներ։ Հաշվարկված է, որ ապահովագրությունը կծածկի մինչեւ երեք դեղապատ ստենտի տեղադրումը, ինչը, մասնագետների գնահատմամբ, ավելի քան բավարար է պացիենտների առողջությունն ու կյանքի որակը վերականգնելու համար»,- ասաց նա։ Մասնագետը նշեց, որ, որպես կանոն, համապարփակ ապահովագրությունը ծածկում է պացիենտի կյանքի եւ առողջության պահպանմանն ուղղված հիմնական բժշկական ծառայությունները, սակայն որոշ թանկարժեք նոր տեխնոլոգիաների օգտագործման համար պացիենտներն իրենք են վճարում, եւ դա ընդունված է ամբողջ աշխարհում։

«Համակարգի ներդրումից հետո ֆինանսավորման աճի հետ մեկտեղ հնարավոր է նոր ծառայությունների ներառում, այդ թվում՝ կրծքագեղձի քաղցկեղի վիրահատական հեռացումից հետո կրծքագեղձի պլաստիկ վիրահատություն։ Բայց առայժմ մեզ մոտ շատ են կուտակվել բնակչության առողջության հետ կապված շատ ավելի հրատապ խնդիրները։ Խոսքը հիմնական ծառայությունների մասին է, որոնք կհանգեցնեն հիվանդացության, հաշմանդամության եւ մահացության ցուցանիշների բարելավման: Ծառայությունները կներառվեն փաթեթում՝ հաշվի առնելով դրանց ծախսարդյունավետությունը»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ Հայաստանում առողջության համընդհանուր ապահովագրությունը նախատեսվում է ներդնել փուլերով՝ 2023-ից մինչեւ 2027 թվականը, ապահովագրական փաթեթի եւ ապահովագրական վճարների չափը վերջնականապես կսահմանվի 2023 թվականին՝ 2022 թվականի արդյունքների վերլուծության հիման վրա։

Ինչպե՞ս է ներդրվելու առողջության համապարփակ ապահովագրությունը. Պարզաբանում է փորձագետը

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել