• Latest news

Առողջության համապարփակ ապահովագրության դեպքում անհնար է բացառել հերթագրումը, բայց դա չպետք է լինի ֆինանսական պատճառով. Սամվել Խարազյան

2 դեկտեմբերի, 2022  20:34

Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման դեպքում հերթագրումը բացառել չի կարելի, հատկապես ներդրման առաջին տարիներին, սակայն համակարգը պետք է հանգեցնի նրան, որ ֆինանսական պատճառներով հերթագրում չլինի: Այս մասին դեկտեմբերի 2-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱՆ առողջապահության ֆինանսավորման փորձագետ Սամվել Խարազյանը՝ պատասխանելով NEWS.am Medicine-ի հարցին այն մասին, որ ամեն անգամ տարեվերջին Հայաստանի շատ բուժհաստատություններում պետպատվերը վերջանում է, իսկ մարդիկ բողոքում են, որ իրենց հերթագրում են հաջորդ տարվա համար։

Նա նշեց, որ համակարգի ներդրման առաջին տարիներին պացիենտների մեծ հոսք է կանխատեսվում, քանի որ մարդկանց մոտ կուտակվել են բազմաթիվ առողջական խնդիրներ, այդ թվում՝ բուժման համար գումարի անբավարարության պատճառով, եւ առաջին իսկ հնարավորության դեպքում նրանք կփորձեն լուծել դրանք։

Նրա խոսքով, 2019 թվականին անցկացված հարցումները ցույց են տվել, որ ֆինանսական պատճառներով բնակչության միջինում 17 տոկոսը չի դիմում բժիշկների, բնակչության եւս 54 տոկոսը ինքնաբուժությամբ է զբաղվում, եւ դրա հիմքում նույնպես կարող է ֆինանսական գործոնը լինել։ «Այս ցուցանիշները մենք դրել ենք մեր ակտուարական հաշվարկների հիմքում, որպեսզի դիմելիության կանխատեսվող աճի դեպքում ֆինանսական պատճառներով հերթագրում չունենանք»,- ասաց նա։

Սամվել Խարազյանը պարզաբանեց, որ բժշկական ծառայություններ ստանալու համար հերթեր կարող են գոյանալ երկու պատճառով՝ զուտ ֆիզիկական եւ ֆինանսական։ Ֆիզիկական պատճառներն առաջանում են այն ժամանակ, երբ մեծ թվով պացիենտներ ցանկանում են կոնկրետ բժշկական հաստատություն կամ կոնկրետ բժշկի մոտ գնալ: Այս դեպքում, ինչպես պարզաբանեց փորձագետը, հերթագրվելը պացիենտի ընտրությունը կլինի։ Առողջապահական էլեկտրոնային համակարգում հասանելի կլինեն բոլոր բուժհաստատությունների հնարավորությունների մասին բոլոր տվյալները, եւ մարդն ինքը կընտրի, թե ում դիմել։ «Համակարգի իրականացման տեսանկյունից մեզ համար կարեւոր է, որ ֆինանսական պատճառներով հերթագրում չլինի»,- եւս մեկ անգամ ընդգծեց նա։

Հիշեցնենք, որ Հայաստանում առողջության համընդհանուր ապահովագրությունը նախատեսվում է ներդնել աստիճանաբար՝ 2023-ից մինչեւ 2027 թվականը, ապահովագրական փաթեթի չափը եւ ապահովագրական վճարները վերջնականապես կսահմանվեն 2023 թվականին՝ 2022 թվականի արդյունքների վերլուծության հիման վրա։

Ինչպե՞ս է ներդրվելու առողջության համապարփակ ապահովագրությունը. Պարզաբանում է փորձագետը

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել